Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

«Առնվազն վտանգավոր և խնդրահարույց». Դատաիրավական բարեփոխումների ծրագիրը քննարկվել է առանց խորհրդում ընդգրկված ՀԿ-ների

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ՝ առանց քաղհասարակության և հասարակական կազմակերպությունների մասնակցության, տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարության գործողությունների ծրագրի կատարման ընթացքը: Ինչպես հաղորդում է վարչապետի աշխատակազմը, խորհրդակցության ընթացքում զեկուցվել են ռազմավարության կատարողական ցուցանիշներն այն ոլորտներում, որոնց ուղղությամբ իրականացվել են տարբեր միջոցառումներ.

Ըստ այդմ՝ աշխատանքներ են իրականացվել էլեկտրոնային արդարադատության, փաստահավաք մարմնի ստեղծման, դատական համակարգի բարեփոխումների շարունակականության ապահովման ուղղությամբ և այլն: Մասնավորապես՝ գործարկվել է Քաղաքացիական դատավարության էլեկտրոնային համակարգը, ՀԿԱԾ էլեկտրոնային կառավարման հարթակը, քրեակատարողական էլեկտրոնային համակարգը, քրեական դատավարության էլեկտրոնային համակարգը, իրականացվել է նոտարական գործունեության թվայնացման ծրագիրը, քննարկման է ներկայացվել նախագիծ, որով ստեղծվելու է Դատավորների էթիկայի և վարքագծի հարցերով խորհրդատվական հանձնաժողով և այլն»։

Ուշագրավ է, որ նման կարևորագույն հարցերի քննարկումը տեղի է ունեցել առանց քաղհասարակության ներկայացուցիչների, մասնակցություն չեն ունեցել անգամ Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության մշտադիտարկման խորհրդում ընդգրկված ՀԿ-ները.

«Առնվազն տարօրինակ և մտահոգիչ է այդ քննարկումներն իրականացնել առանց հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցության։ Առավել ևս, որ «Իրավական պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ը Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության մշտադիտարկման խորհրդում ընդգրկված են, թեև այս ամենից հետո չեմ զարմանա, եթե պարզվի՝ ցրվել է այդ խորհուրդը։ Երկու դեպքում էլ բավականին խնդրահարույց է, քանի որ ստացվում է՝ դուրս ենք մնում գործընթացից և որևէ մասնակցություն չեն ունենում»,- FactorTV-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ներկայացուցիչ Հասմիկ Հարությունյանը։

Խորհրդակցության ժամանակ որոշվել է նաև առաջիկա անելիքները․ «կվերանայվի դատավորների գնահատման համակարգը, և գնահատման արդյունքները որոշիչ դեր կունենան դատավորների տեղափոխման, առաջխաղացման, պարգևատրման դեպքերում, կսահմանվեն Վճռաբեկ դատարանի դատավորների և ԲԴԽ ոչ դատավոր անդամների թեկնածուների առաջադրման մրցութային ընթացակարգեր և այլն»,- նշվում է տարածված հաղորդագրությունում։ Հարությունյանը հենց այս օրակարգը մատնանշելով շեշտում է՝ նման օրակարգում առնվազն պարտադիր էր քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությունը.

Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության մշտադիտարկման խորհուրդը ձևավորվել է 2022 թվականի սեպտեմբերին և քաղհասարակությունից ընտրվել են Արթուր Սաքունցը՝ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ից և Հասմիկ Հարությունյանը՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ից։ Այս ընթացքում՝ Արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնավարման տարիներին, խորհուրդը երկու անգամ նիստ է գումարել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Ռոզա Վարդանյան

Աղբյուրը՝ https://factor.am/864230.html?

INTERESTING POSTS

ՀՀ քննչական կոմիտեն ԻՊԱՍ հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության մի խումբ ծառայողների կողմից փողոցում կանգնած մեքենայի վարորդի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ

Երկու շաբաթ առաջ պարեկների կողմից բռնության ենթարկված վարորդ Էդգար Այվազյանը տուժող է