Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել «Եռաբլուրի գործով» ԻՊԱՍ բողոքը բավարարող որոշումը

ՀՀ հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի՝ Եռաբլուրում զոհված և անհայտ կորած զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանության ծառայողների բռնի գործողությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանների նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու վերաբերյալ որոշման դեմ բողոքը բավարարող ՀՀ հակակոռուպցիոն դատարանի որոշումը։ Որոշումը վերաքննիչ դատարանում բողոքարկվել էր ՀՀ գլխավոր դատախազության կողմից։ 

Ավելի վաղ՝ 2023 թվականի նոյեմբերի 8-ին, Դատախազությունը ոստիկանների նկատմամբ «Հանրային քրեական հետապնդում չհարուցելու միջնորդությունը բավարարելու մասին» որոշում էր կայացրել։ Իսկ ավելի ուշ էլ՝ նույն թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի քննիչը կայացրել էր որոշում քրեական վարությը կարճելու մասին։ 

ԻՊԱՍ-ն այս երկու որոշումների դեմ ներկայացրել էր բողոք, որոնք ՀՀ հակակոռուպցիոն դատարանի որոշումներով բավարարվել են ընթացիկ տարվա փետրվար ամսին։

Քննելով Գլխավոր դատախազության կողմից ներկայացված բողոքը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ միայն այն հանգամանքը, որ առկա են օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր այն մասին, որ ներկայացված ապացույցներով չի հաստատվել ոստիկանության համապատասխան ծառայողների կողմից պահանջ, առավել ևս՝ օրինական, ներկայացնելու հանգամանքը, բավարար էր, որ վարույթն իրականացնող մարմնի մոտ այլևս հարց չառաջանար ոստիկանության համապատասխան ծառայողների կողմից ներկայացված պահանջի օրինականության վերաբերյալ, այլ վարույթ իրականացնող մարմինն ընդամենը պետք է գնահատման առարկա դարձներ ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ հանցավոր արարք կատարած լինելու կամ չլինելու հանգամանքը։

Դատարանն արձանագրել է նաև վարույթն իրականացնող մարմինը ոստիկանների ցուցմունքներում առկա հակասականությունը պարզելու ուղղությամբ չի կատարել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն։ 

Ավելին, ներկայացված հանցագործության մասին հաղորդմամբ հաղորդում ներկայացրած անձը նշել է նաև բերման ենթարկվող անձանց նկատմամբ  անմարդկային և նվաստացուցիչ  վերբերմունքի ենթադրյալ դրսևորումների մասին, ինչի վերաբերյալ որևէ ևս վարույթն իրականացնող մարմնի կողմից դիրքորոշում և իրավական գնահատական չի տրվել։ 

INTERESTING POSTS