Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Առաջարկ 2023թ․-ի սեպտեմբերի 19-ի պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, անհայտ կորածների ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց աջակցության ծրագիր հաստատելու մասին

ՀՀ քննչական կոմիտեի կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ 2023թ․-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ ռազմական գործողությունների արդյունքում զոհվել է առնվազն 25 քաղաքացիական անձ, որոնցից 5-ը՝ երեխա, վիրավորվել է 76 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 10 երեխա։ Բացի այդ, 20 անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, այդ թվում՝ 5 քաղաքացիական անձի։ Ադրբեջանի գործողությունների արդյունքում զոհվածների, անհայտ կորածների և վիրավորների ընտանիքները բռնի տեղահանվել են հարձակումից օրեր անց։

Թեև Հայաստանի Հանրապետությունը զոհված, անհայտ կորած անձանց ընտանիքներին, հաշմանդամություն ստացած անձանց և ընտանիքներին տրամադրել է ժամանակավոր պաշտպանություն, և հատկացվում է առաջնային կարիքները և կացարանի ծախսը հոգալու համար ֆինանսական աջակցություն, այնուամենայնիվ ռազմական գործողություններից տուժած, այդ թվում՝ ընտանիքի անդամին կորցրած ընտանիքներն ունեն լրացուցիչ աջակցության կարիք։

Գիտակցելով զոհերի և տուժածների ընտանիքներին աջակցելու կարևորությունը՝  դեռևս 2020 թվականին ՀՀ կառավարությունը հաստատեց աջակցության հատուկ ծրագիր, որը ուղղված էր 2020թ․-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, ինչպես նաև անհայտ կորածների ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց աջակցություն տրամադրելուն (Տե՛ս ՀՀ կառավարության որոշում; 3 դեկտեմբերի 2020 թվականի N 1924-Լ, ՀՀ կառավարության որոշում 17 դեկտեմբերի 2020 թվականի N 2082-Լ)։

2020թ․-ի դեկտեմբերին հաստատված ծրագրին կից ներկայացված հիմնավորումներն առավել քան վերաբերելի են 2023թ․-ի սեպտեմբերի 19-ին և դրանից հետո զոհերի ընտանիքների դեպքում, քանի որ վերջիններս կանգնել են մի շարք, այդ թվում՝ սոցիալական, խնդիրների առաջ, որոնց լուծման համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ: 2020թ․-ի դեկտեմբերի 3-ի որոշմանը կից ներկայացված ամփոփաթերթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ շահագրգիռ նախարարությունները, այդ թվում՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը, առարկություններ չեն ունեցել, այսինքն՝ առկա էր կոնսենսուս նման աջակցության անհրաժեշտության մասին։

2020թ․-ի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությամբ ստեղծվել է Արցախի բնակչության անվտանգության ապահովման որոշակի համակարգ, որին Հայաստանի Հանրապետությունը համաձայնել է։ Նշված երաշխիքների լույսի ներքո 2020թ․-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ռազմական գործողությունների արդյունքում Հայաստանի Հանրապետություն տեղահանված Արցախի Հանրապետության բնակիչների զգալի մասը որոշում է կայացրել վերադառնալ մշտական բնակության վայր՝ Արցախ։ Համաձայնեցված անվտանգային համակարգի 2023թ․-ի սեպտեմբերի 19-ին տապալման արդյունքում վերը նշված անձինք զոհվել են, անհայտ կորել կամ ձեռք են բերել հաշմանդամություն, այսինքն՝ չի երաշխավորվել վերջիններիս կյանքի իրավունքը։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ ռազմական գործողություններից տուժած և Հայաստանի Հանրապետություն բռնի տեղահանված վերը նշված անձինք, ըստ էության, գտնվում են նույնական և նույնիսկ առավել ծանր հանգամանքներում, ինչ 2020թ․-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմից տուժած անձինք, որոնց ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրերին համապատասխան տրամադրվել է աջակցություն:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռազմական գործողություններից տուժածները և իրենց ընտանիքները ունեն լրացուցիչ աջակցության կարիք, առաջարկում ենք․

Մշակել և հնարավորինս շուտ հաստատել առանձին աջակցության ծրագիր՝  2023թ-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից նախաձեռնված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, ինչպես նաև անհայտ կորածների ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց համար։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

INTERESTING POSTS

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2024թ. անցկացված բաց մրցույթի դիտարկման արդյունքները․Զեկույց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2024 թվականին իրականացվել