Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Հայաստանյան իրավապաշտպան կազմակերպությունների համատեղ հայտարարությունը Ադրբեջանի կողմից ապօրինի ձերբակալությունների վերաբերյալ

2023 թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիան հաջորդեց Լեռնային Ղարաբաղի տասնամսյա շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետին։ Այս ագրեսիան ակնհայտորեն միտված էր էթնիկ հայերի վերջնական տեղահանմանը։ Այնուհետև, հաշված օրերի ընթացքում ավելի քան 100 600 անձ ստիպված եղավ լքել իր տունը[1] և ապաստանել Հայաստանում, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղի տարածքը ենթարկվեց վերջնական էթնիկ զտման։

Ադրբեջանի վայրագություններին հաջորդեց Լեռնային Ղարաբաղի նախկին և ներկա դե-ֆակտո պետական ​​և զինվորական պաշտոնյաների, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի (նախկին պետնախարար), Դավիթ Բաբայանի (Արտաքին գործերի նախկին նախարար), Բակո Սահակյանի (նախկին նախագահ), Արկադի Ղուկասյան (նախկին նախագահ), Արայիկ Հարությունյանի (նախկին նախագահ), Դավիթ Իշխանյանի (Ազգային ժողովի նախագահ), Դավիթ Մանուկյանի (պաշտպանության բանակի նախկին հրամանատարի տեղակալ), Լևոն Մնացականյանի (պաշտպանության բանակի նախկին հրամանատար)՝ շինծու, հիմնականում ահաբեկչությանն առնչվող մեղադրանքներով կամայական ձերբակալությունների ու կալանավորումների նոր շրջափուլը։[2] Ադրբեջանի իշխանությունների կողմից հրապարակված նկարներն ու տեսանյութերը ցույց են տալիս նրանցից ոմանց կալանավորման նվաստացնող տեսարանները։[3]

Մինչ օրս Ադրբեջանում կամայական կալանքի տակ են պահվում երեք տասնյակից ավելի հայեր: Այս խումբը ներառում է 2020 թվականի պատերազմի ժամանակ և հետպատերազմյան շրջանում գերեվարված հայ զինծառայողներին ու քաղաքացիական անձանց, ինչպես նաև Լաչինի միջանցքում ադրբեջանական ապօրինի անցակետում և Հայաստանի դեմ ռազմական հարձակումների արդյունքում ձերբակալված անձանց: Ակնհայտ է, որ Ալիևի վարչակազմն օգտագործում է գերիներին որպես սակարկման առարկա նրանց պատանդ պահելու միջոցով Հայաստանից զիջումներ կորզելու համար։ Կարևոր է նշել, որ բոլոր գերիները Ադրբեջանում դատապարտվել կամ մեղադրվել են անհիմն մեղադրանքներով։

Ադրբեջանում գերության մեջ պահվող բոլոր էթնիկ հայերի կյանքը՝ ապօրինի կալանավորված, թե բանտարկված, լուրջ վտանգի տակ է, և ռիսկը մեծ է, որ նրանց խոշտանգումների և դաժան վերաբերմունքի կենթարկեն: Այդ անձանց համար արդար դատավարության երաշխիքներ ապահովելու շուրջ քննարկումները ապարդյուն են:

Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ 2022 թվականի զեկույցում[1] ԱՄՆ Պետդեպարտամենտը  ընդգծել է դատական ​​համակարգի անկախությանն առնչվող համատարած խնդիրները՝ նշելով, որ դատական ​​համակարգն ընդհանուր առմամբ չի ապահովում արդար և հրապարակային դատաքննության իրավունքը շատ դեպքերում, որոնք մեծամասամբ համարվում էին քաղաքական դրդապատճառների վրա հիմնված՝ հղում անելով նաև արժանահավատ հաղորդումների, որոնք վկայում են, որ նման դեպքերում դատավորներն ու դատախազները ենթարկվել են Նախագահի վարչակազմի և Արդարադատության նախարարության հրահանգներին։ Զեկույցը նաև հատուկ անդրադառնում է ինչպես 2020 թ․ աշնան ռազմական գործողությունների ժամանակ, այնպես էլ 2020 թ․ նոյեմբերի հրադադարից հետո Ադրբեջանի կողմից գերեվարված հայ քաղաքացիական անձանց և զինծառայողների հետապնդումներին՝ նշելով, որ Կառավարությունը շարունակել է հետապնդել ձերբակալված հայ քաղաքացիական անձանց և զինծառայողներին դռնբաց դատավարություններով, որտեղ չեն պահպանվել արդար դատաքննության պահանջները, օրինակ՝ ինչպիսին է սեփական փաստաբանի ընտրության իրավունքը։

Ադրբեջանում անկախ դատական համակարգի իսպառ բացակայությունը փաստաթղթավորվել է նաև Freedom House-ի 2022 թ․-ի զեկույցում[2], որում նշվում է, որ դատական համակարգը կոռումպացված է և ենթարկվում է գործադիրին։ Human Right Watch[3]-ն իր զեկույցներում պարբերաբար փաստաթղթավորել է, ի թիվս այլնի, ադրբեջանական ուժերի կողմից հայ ռազմագերիների խոշտանգումները, դաժան և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ֆիզիկական բռնության և նվաստացումների դեպքերը։ HRW-ն ընդգծել է գերեվարված մարտիկներին ռազմագերու կարգավիճակ տալու և ռազմական գործողությունների ավարտին նրանց վերադարձը ապահովելու անհրաժեշտությունը, իսկ հայ ռազմագերիների հետապնդումը որակվել է որպես Ժնևի 3-րդ կոնվենցիայի խախտում։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) իր 2391 (2021) բանաձևում մտահոգություն է հայտնել եռակողմ հայտարարությունից հետո գերեվարված և դեռևս գերության մեջ գտնվող հայերի պահման պայմանների վերաբերյալ, որոնցից շատերը ենթարկվել կամ ենթարկվում են արագ քրեական դատավարությունների, որոնք կարող են խնդիրներ առաջացնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով՝ արդար դատավարության համատեքստում։ Վեհաժողովը կոչ է արել ադրբեջանական իշխանություններին ազատ արձակել մնացած բոլոր գերիներին և անհապաղ վերադարձնել նրանց Հայաստան։[1]

Թեև Ադրբեջանը կամայական ազատազրկումն արգելող բազմաթիվ պայմանագրերի, այդ թվում՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի, Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի անդամ է, այն շարունակում բացահայտ անտեսել իր միջազգային պարտավորությունները, այդ թվում՝ Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր հրահանգները, բազմաթիվ միջազգային կազմակերպությունների բանաձևերը և առաջարկները։

Այժմ մենք ականատես ենք Ադրբեջանի կողմից երկարամյա հանցավոր վարքագծի և մարդու իրավունքների խախտումների շարունակությանը, որը սնուցվում է անպատժելիությամբ։ Մասնագիտացած մանդատ ունեցող մարմինները, միջազգային հանրությունը, ինչպես նաև տեղական և միջազգային իրավապաշտպանները չպետք է թողնեն այդ անձանց Ադրբեջանի դատական համակարգի գթասրտությանը։

Ներքոստորագրյալ քաղհասարակության կազմակերպությունները

–                    խստորեն դատապարտում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նախկին և ներկա դե-ֆակտո պետական և ռազմական պաշտոնյաների կամայական կալանավորումներն ու ձերբակալությունները,

–                    պահանջում են 2023թ․ սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակումներից առաջ և հետո կալանավորված էթնիկ հայերի անհապաղ և առանց նախապայմանների ազատումը և վերադարձը Հայաստան,

–           հորդորում են ՄԱԿ-ի Կամայական ձերբակալությունների հարցերով աշխատանքային խմբին օգտագործել իր մանդատը և ճնշում գործադրել Ադրբեջանի կառավարության վրա անմիջապես ազատելու բոլոր հայ ձերբակալվածներին և վերացնելու նրանց դեմ ներկայացված շինծու մեղադրանքները,

–           կոչ են անում միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին ուշադիր հետևել իրավիճակին և պարբերաբար հրապարակել Ադրբեջանում ապօրինի ձերբակալված հայերի իրավիճակի մասին զեկույցներ և ակտիվորեն պահանջել բոլոր հայ ձերբակալվածների անհապաղ ազատ արձակումը,

–           կոչ են անում ժողովրդավարության կողմնակից և մարդու իրավունքներին աջակցող երկրներին օգտագործել Ադրբեջանի կառավարության հետ առկա բոլոր դիվանագիտական ​​միջոցները ՝ ապահովելու բոլոր հայ ձերբակալվածների անհապաղ ազատ արձակումն ու վերադարձը Հայաստան:

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

Կանանց ռեսուրսային կենտրոն

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

INTERESTING POSTS