Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Խտրականությամբ պայմանավորված բռնության կոչը մասնավոր հարաբերությունների տիրույթում դիտարկելն արդարացված չէ․  Զարգացում  դատական պրակտիկայում՝  ԻՊԱՍ վստահորդի գործով 

Դատական պրակտիկայում զարգացում է արձանագրվել խտրականությամբ պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու հատկանիշներով քրեական գործ հարուցելու հիմքերի հետ կապված։ 

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է թիվ ԵԴ/1146/11/20 գործով դիմող Լևոն Բարսեղյանի ներկայացուցիչ՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փաստաբան Անահիտ Մկրտչյանի վերաքննիչ բողոքը՝ բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը և վերացնելով քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ հետաքննիչի որոշումը։

2020թ․-ի հունիսի 23-ին facebook.com սոցիալական ցանցում օգտատերը բռնության կոչեր պարունակող հրապարակում էր կատարել Լևոն Բարսեղյանի վերաբերյալ, որի առթիվ ներկայացվել էր հանցագործության մասին հաղորդում՝ 18.04.2003թ․-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը։ Նշենք, որ այս հոդվածը համապատասխանում է 05.05.2021թ․-ին ընդունված և գործող ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածին։

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի ավագ հետաքննիչի կողմից որոշում էր կայացվել նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին։ Վերջինս գտել էր, որ ֆեյսբուքյան օգտատերը հրապարակային հայտնել է իր կարծիքը՝ ազատորեն արտահայտելով խոսքի ազատության իր սահմանադրական իրավունքը, բացի այդ իր հրապարակումից հետո որևէ գործողություն չի կատարել, որը հիմք կտար ենթադրելու, որ նա կամ իր գաղափարակիցները պատրաստվում են իրագործել սպառնալիքը և այլն։ Նշված որոշումը բողոքարկվել էր ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն, ապա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։ Երկու բողոքներն էլ մերժվել էին, որից հետո ներկայացվել էր վերաքննիչ բողոք ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին։

Վերաքննիչ դատարանը բավարարելով բողոքը, գտել է, որ նախապատրաստված նյութերը բավարար են եղել ՀՀ քրեական օրենսգրքի 226․2-րդ հոդվածով նախատեսված հանցագործության  հանցակազմի հատկանիշներով քրեական գործ հարուցելու համար։ Մինչդեռ, Առաջին ատյանի դատարանը պատշաճ գնահատման առարկա չի դարձրել առկա փաստական տվյալները, չի կայացրել պատճառաբանված և հիմնավոր դատական ակտ։ Առաջին ատյանի դատական ակտում ըստ էության առկա է եղել միայն եզրահանգում։

Վերաքննիչ դատարանը գտել է, որ Առաջին ատյանի դատարանի այն հետևությունը, որ հիմնավոր են վարույթն իրականացնող մարմնի  հետևություններն առ այն, որ նախապատրաստված նյութերում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 226․2-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հանցակազմի հատկանիշները, անհիմն է և չի բխում Առաջին ատյանի դատարանում հետազոտված նյութերից, որի արդյունքում, խախտվել է Լևոն Բարսեղյանի գործի արդարացի քննության/արդար դատաքննության իրավունքը։

Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնել վերաքննիչ բողոքում բերված այն փաստարկներին, որ facebook.com սոցիալական ցանցում կատարված տվյալ հրապարակումը, սպառնալիքն ու կոչը դուրս են կարծիքի արտահայտման ազատության սահմանադրական իրավունքի շրջանակներից։ Դրանում առկա են այնպիսի ձևակերպումներ, որոնք հասնում են ատելության խոսքին, հանդիսանում են բռնություն գործադրելու հրապարակային կոչ և քարոզ: Այս իմաստով, կատարված հրապարակման հետ կապված հարցերը գտնվում են ոչ թե քաղաքացիաիրավական, այլ՝ քրեաիրավական տիրույթում։ Բռնության կոչ և քարոզ հրապարակային կատարելը ենթադրում է առնվազն երրորդ և ավելի անձանց մոտ դրանք կատարելը, ոչ թե լայնամասշտաբ տարածումը, ինչպես նշել են վարույթն իրականացնող մարմինները։ Օրինակ՝ facebook.com սոցիալական ցանցում «հասանելի է բոլորին» ռեժիմով կատարված գրառում կատարելու դեպքում արդեն իսկ առկա է «երրորդ անձի» չափորոշիչը։ Բացի այդ, հրապարակման մեջ նշված են եղել հստակ անուն-ազգանուններ, ում նկատմամբ եղել է բռնության կոչ, հստակ է եղել նաև անձանց շրջանակը (ֆեյսբուքյան օգտատերեր, օգտատիրոջ գաղափարակիցներ), որոնց հղված է եղել բռնության ուղերձը։ Իսկ խտրականության դրսևորումը տվյալ դեպքում պայմանավորված է եղել կազմակերպությանը անձի առնչությամբ։

Վերաքննիչ դատարանը նշել է նաև, որ խտրականությամբ պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերի կանխման շրջանակներում առաջացող հարաբերություններն առերևույթ մասնավոր հարաբերությունների տիրույթում դիտելը արդարացված չէ։ 

Նշենք, որ իրավակիրառ պրակտիկայում ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի առնչությամբ գործում է երկակի ստանդարտ․ մի դեպքում, վարույթն իրականացնող մարմինների կողմից այն նույնացվում է ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի հետ՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքի, մյուս դեպքում՝ իրավապահ համակարգը միևնույն հիմքերի առկայության պայմաններում անգամ ցուցաբերում է տարբերվող գործելաոճ՝ քրեական գործ հարուցելու, հարուցումը մերժելու, ինչպես նաև անձանց ձերբակալելու կամ խափանման միջոց կիրառելու կապակցությամբ։ Շատ դեպքերում էլ, վարույթն իրականացնող մարմինները բռնության կոչերը որակում են որպես վիրավորանք և զրպարտություն՝ դրանք ուղղորդելով դեպի քաղաքացիաիրավական տիրույթ։

INTERESTING POSTS

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2024թ. անցկացված բաց մրցույթի դիտարկման արդյունքները․Զեկույց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2024 թվականին իրականացվել