Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Հռոմի ստատուտը գործուն լծակ է Ադրբեջանի պատերազմական  հանցագործներին պատասխանտվության բերելու համար․ ԻՊԱՍ փորձագետ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ծրագրերի համակարգող, միջազգային իրավունքի մասնագետ Աննա Մելիքյանն «Առերեսում» հաղորդման տաղավարում մասնակցել է ՀՀ կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կանոնադրության՝ Հռոմի ստատուտի հնարավոր վավերացման վերաբերյալ քննարկմանը։ 

2004 թվականին, Սահմանադրական դատարանը, Մայր օրենքի 1995 թվականի խմբագրության վրա հիմնվելով, վճռել էր, որ ՄՔԴ-ի կանոնադրությունը խնդիրներ ունի սահմանադրականության հետ և ենթակա չէ վավերացման։  2023-ի մարտի 24-ին, սակայն, ՀՀ սահմանադրական դատարանը Հռոմի ստատուտը ճանաչեց ՀՀ սահմանադրությանը չհակասող․ ՀՀ կառավարությունը երեք ամիս ունի այն խորհրդարանի վավերացմանը ներկայացնելու համար։ 

Աննա Մելիքյանը, անդրադառնալով 2004 թվականին ՍԴ կողմից ստատուտի սահմանադրականությունը վիճարկող վճռին, հիշեցրել է, որ Սահմանադրական դատարանն այն ժամանակ երկու խումբ խնդիրներ է արձանագրել՝ նախ այն, որ ՀՀ տարածքում արդարադատություն են իրականացնում միայն ներպետական ատյանները, երկրորդը՝ ներում-համաներում հայցելը և այն շնորհելու իրավունքը։

«Երկրորդ մասով շատ ավելի լավ զարգացումներ եղան ՀՀ-ում․ նոր Քրեական օրենսգրքով նախատեսվում է, որ պատերազմական, մարդկայնության դեմ ուղղված, ցեղասպանության հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ, նախատեսված չէ նաև ներում-համաներում շնորհելը նման հանցագործությունների դեպքում։ Այս մասով խնդիրը, կարծես թե, լուծվել է», – ասել է Մելիքյանը։ 

Մելիքյանը, անդրադառնալով ստատուտի վավերացման միջոցով Ադրբեջանի քաղաքացիներին պատերազմական հանցագործությունների համար պատասխանտվության ենթարկելու հնարավորությանը, նախ արձանագրեց, որ ՄՔԴ-ն օգտագործվում է այն դեպքում, երբ որևէ պետություն չի կարողանում կամ չի ցանկանում սեփական ուժերով արդարադատություն իրականացնել այն անձանց նկատմամբ, որոնք կատարել են պատերազմական, մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններ։ 

«Մեր խնդիրն այն է, որ մենք փաստացի գործուն լծակ չունեինք արդեն իսկ գործող՝ այդ թվում միջազգային համագործակցության շրջանակում, ապահովելու Ադրբեջանի ենթադրյալ հանցագործների մեր պետության տարածքում պատասխանատվության ենթարկելու համար։ Ուստի, սա լրացուցիչ երաշխիք է մեր քաղաքացիների պաշտպանության համար», – ասել է Մելիքյանը՝ հավելելով, որ ՄՔԴ-ն պատասխանատվության է ենթարկում ոչ պետություններին, այլ կոնկրետ անձանց։ 

Ավելի խնդրահարույց է լինելու պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ նախագահին՝ հաշվի առնելով գործող նախագահի անձեռնամխելիոթյան մասին սովորութային նորմի գոյությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

INTERESTING POSTS