Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

ԻՊԱՍ ջանքերով վերականգնվել է քաղաքացու տեղեկատվություն ստանալու իրավունքը

«Իրավունքներ պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ջանքերով վերականգնվել է քաղաքացու՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը․ ՀՀ վարչական դատարանը բավարարել է նրա հայցն ընդդեմ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի՝ պարտավորեցնելով Կոմիտեին տրամադրել հայցվող տեղեկատվությունն ամբողջ ծավալով։ 

ՊԵԿ-ը վճիռը բողոքարկել էր․ ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից, սակայն, այն մերժվել էր, իսկ Վճռաբեկ դատարանը մերժել է առհասարակ բողոքը վարույթ ընդունել։ 

2021 թվականին պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը  հարցում էր ուղարկել ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել 2018-2020թթ եկամուտների տարբեր մակարդակ ունեցող հարկատուների թվաքանակի, տվյալ մակարդակի եկամուտ ունեցող բոլոր հարկատուների կողմից վճարած հարկերի համախառն մեծության մասին։

Սակայն Պետական եկամուտների կոմիտեն մերժել էր տրամադրել հայցվող տեղեկությունը՝  պատճառաբանելով, որ այն «վիճակագրական տվյալ է, և դրա տրամադրումը դուրս է Կոմիտեի իրավասությունների շրջանակից»։ ՊԵԿ-ից միաժամանակ հայտնել էին, որ հայցվող տեղեկատվության տրամադրման նպատակով քաղաքացին կարող է դիմել ՀՀ վիճակագրական կոմիտե։ 

Քյուրումյանը նույն  հարցումն ուղարկել էր ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ Վիճակագրական կոմիտե՝ միաժամանակ հայտնելով, որ նման հարցմամբ արդեն իսկ դիմել է ՊԵԿ-ին, ստացել մերժում, ապա ուղորդվել դեպի Վիճակագրական կոմիտե։

Ի պատասխան, ՀՀ վիճակագրական կոմիտեն, տեղեկացնելով, որ  հայցվող տեղեկատվության տնօրինողը չէ, նշել է, որ ՊԵԿ-ի ի կողմից ամենամսյա պարբերականությամբ Վիճակագրական կոմիտեին տրամադրվում է վարձու աշխատողների եկամտային հարկի և սոցիալական վճարի տվյալների բազան՝ միջին աշխատավարձի ցուցանիշի հաշվարկման նպատակով։ 

Հարցումը նորից վերահասցեագրվել է ՊԵԿ-ին, սակայն կառույցն այս անգամ էլ վկայակոչել է ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 702-Լ որոշմամբ հաստատված Կոմիտեի կանոնադրության 11-րդ կետով սահմանված են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի խնդիրները, մասնավորապես՝ 13-րդ ենթակետի համաձայն՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային եկամուտների հաշվառումը, վիճակագրության վարումը։

ՊԵԿ-ը նշել է, որ «վերջինիս կողմից ենթակա են տրամադրման հարկային և մաքսային եկամուտների հաշվառման մասով վարվող վիճակագրության շրջանակներում առկա տեղեկությունները։ Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ գրությամբ պահանջվող տեղեկատվությունը դուրս է հարկային մարմնի կողմից տրամադրման ենթակա տեղեկությունների շրջանակից, և այն տրամադրելու համար պահանջվում է տեղեկությունների մշակման և դրա արդյունքներով արտադրությանն ուղղված լայնածավալ աշխատանքներ, հետևաբար անհրաժեշտ է դիմել ՀՀ վիճակագրական կոմիտե՝ Գրությամբ պահանջվող տեղեկատվությունը վիճակագրական ծրագրերին համապատասխան պաշտոնական վիճակագրության մշակում և արտադրություն իրականացնող մարմնից ստանալու համար»։

Հերթական մերժումից հետո Քյուրումյանը  դիմել է ՀՀ վարչական դատարան։ Նրա շահերը դատարանում ներկայացրել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան Նինա Հակոբյանը:

Հայցվորի ներկայացուցիչը  գտել է, որ ՊԵԿ-ի գործողությունը ոչ իրավաչափ է, և վերջինս պարտավոր էր տրամադրել հայցվող տեղեկությունները: Ներկայացուցիչը վկայակոչել է ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածը, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 8-րդ հոդվածը, 9-րդ հոդվածի 9-րդ մասը, «Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 7-րդ հոդվածը։ 

Նինա Հակոբյանը նշել է նաև, որ ՊԵԿ  էլեկտրոնային համակարգում գրանցվում են եկամտային հարկ վճարող բոլոր քաղաքացիները՝ պարտադիր նշելով նաև իրենց համախառն եկամուտի չափը, և հայցվող տեղեկատվությունը հաստատապես առկա է ՊԵԿ-ի բազայում։ Ուստի տեղեկատվությունը մերժելու համար ՊԵԿ-ի կողմից վկայակոչված այն հանգամանքը, թե  հայցվող տվյալները վիճակագրական տվյալ են, չի բացառում  ՊԵԿ-ի կողմից դրանց տնօրինվելու հանգամանքը, և հետևաբար ՊԵԿ-ի կողմից դրանք հայցվորին տրամադրվելու հանգամանքը։

Բացի այդ, թեև ըստ ՊԵԿ-ի հայտնած տվյալների՝ պահանջվող տեղեկությունները վիճակագրություն են, դրանք հայցվորին տրամադրելու համար Վիճակագրական կոմիտեին հարկավոր է բավականին երկար ժամանակ՝ հայցվորին անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքագրելու, ամփոփելու և ներկայացնելու համար, այն դեպքում երբ ՊԵԿ բազայում տեղեկությունն արդեն իսկ առկա է։ 

Ըստ Հակոբյանի, մյուս կողմից, գործում առկա է Վիճակագրական կոմիտեի գրությունը, որի համաձայն հայցվող տեղեկատվությունը  իրենք չեն տնօրինում։ Ուստի հարցումը Պետական եկամուտների կոմիտեին կատարվել է նախ՝ գիտակցելով, որ հայցվող տեղեկության անմիջական ստացողը և տնօրինողը ՊԵԿ-ն է, և հետո՝ վերջինիս կողմից տեղեկություն տրամադրելը առավել արագ և արդյունավետ կլիներ՝ հաշվի առնելով, որ հարկ վճարողների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը գտնվում է ՊԵԿ էլեկտրոնային բազայում, որը պարբերաբար կատարելագործվում է։

Ըստ ԻՊԱՍ փաստաբանի, պահանջված տվյալները չտրամադրելը հանգեցրել է հայցվորի տեղեկատվության ազատության իրավունքի խախտման։ Ն․ Հակոբյանը,  ելնելով վերոգրյալից, խնդրել է պարտավորեցնել ՀՀ պետական եկամուտների կոմիտեին տրամադրելու հայցվորի կողմից կատարված հարցմամբ հայցվող տեղեկատվությունն ամբողջ ծավալով։

Դատարանը բավարարել է Քյուրումյանի հայցը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վարչական գործում առկա փաստաթղթերով չի հաստատվում այն փաստական հանգամանքը, որ ՊԵԿ-ը  չի տիրապետում հայցվորի կողմից հայցվող տեղեկատվությանը, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցվորն իրավացիորեն է նշում, որ Կոմիտեի էլեկտրոնային համակարգում զետեղված են ՀՀ բոլոր հարկատու սուբյեկտները և վերջիններիս համախառ եկամուտները։ 

Դատարանը գտել է, որ  ՊԵԿ-ն իրավասու չէր այն հիմքով, որ հայցվող տեղեկատվության տրամադրումը պահանջում է լայնածավալ աշխատանքի կատարում, մերժել հայցվորի խնդրանքը: 

ՊԵԿ-ը Վարաչական դատարանի վճիռը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարան, որը մերժվել է, իսկ Վճռաբեկ դատարանը մերժել է առհասարակ գործը վարույթ ընդունել։ 

INTERESTING POSTS

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2024թ. անցկացված բաց մրցույթի դիտարկման արդյունքները․Զեկույց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2024 թվականին իրականացվել