ԻՊԱՍ իրավաբան․ Աշխատանքի պաշտպանության նոր ռազմավարությունը թերի է

2022թ․ հոկտեմբերի 24-ին Մեդիա կենտրոնում տեղի  է ունեցել  քննարկում «Պաշտպանվա՞ծ է աշխատանքային իրավունքը Աշխատանքի պաշտպանության նոր ռազմավարությամբ» թեմայով, որին մասնակցել են  «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան Նինա Հակոբյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը։ 

Ավելի վաղ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել և հանրային քննարկման է ներկայացրել Աշխատանքի և սոցիալական պաշտպանության 2022-2026 թվականների ռազմավարությունը։ Այն e-draft Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրվել երկու անգամ։ Այս պահին ռազմավարության նախագիծը լրամշակման փուլում է։

Նինա Հակոբյանը նկատել է, որ ռազմավարությունը թերի է՝ առկա բոլոր կարևոր խնդիրների ամրագրման, դրանց առնչությամբ լուծումների տրամադրման առումով։ 

«Օրինակ՝ Ռազմավարությունում շեշտվում է, որ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների իրացման նպատակով պետք է ներդրվեն նպաստավոր մեխանիզմներ։ Սակայն, ռազմավարությունը չի մասնավորեցնում, հստակեցնում, թե խոսքն ինչ մեխանիզմների մասին է», – նշել է Ն․ Հակոբյանը։ 

Նա նաև շեշտել է, որ  աշխատողների ռիսկերից, հիվանդություններից պաշտպանվածության հարցը արձանագրված է որպես ռազմավարության նպատակ, սակայն, այս դեպքում ևս հստակեցված չեն դրան հասնելու միջոցառումներն ու մեխանիզմները։ 

«Եվ իհարկե պրակտիկ խնդիներ կան, որոնք տարածված են աշխատանքային իրավահարաբերություններում․ ամենամեծ խնդիրը, որն առկա է ոլորտում, չգրանցված աշխատանքի առկայությունն է։ Տեսչական մարմնի ներկայացուցիչները տարբեր զրույցներում շեշտում են, որ հաճախ չգրանցված աշխատողները դիմում են իրենց որևէ խնդրի լուծման ակնկալիքով, սակայն փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո պարզ է դառնում, որ չեն կարող օգնել, քանի որ աշխատանքային հարաբերություններ առկա չեն», – նշել է Ն․ Հակոբյանը՝ հավելելով, որ պետությունը պետք է ամրագրի այս խնդիրը և լուծումներ գտնի դրանց համար։ 

Ի պատասխան՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը նշել է, որ ռազմավարության մեջ կան խնդիրներ ու նպատակներ, որոնք ընդհանուր են ձևակերպված, սակայն դրանց լուծումների վերաբերյալ մեխանիզմներն ու միջոցառումները նկարագրված են ՀՀ կառավարության գործունեության ծրագրում։ 

Նինա Հակոբյանն անդրադարձավ նաև աշխատանքային վեճերը լուծելու արտադատական մեխանիզմին՝ հիշեցնելով, որ այդ առումով նախագծի սկզբնական տարբերակի հանրային քննարկումների ընթացքում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ -ն առաջարկել էր ամրապնդել նոր ձևավորված տեսչական մարմնի լիազորությունները և հաճելի է տեսնել, որ նախգծի լրամշակված տարբերակում նախատեսվել է Տեսչական մարմնի դերի և կարողությունների ամրապնդումը որպես նպատակ։

Նա նշել է, որ միևնույն ժամանակ, ամփոփաթերթում նշվել է, որ տեսչական մարմինը չի կարող փոխարինել արտադատական մարմնի, սակայն, երբ դիտարկում են  գործերը, որոնցով զբաղվում է տեսչական մարմինը, հասկանում ենք, որ ոչ միշտ հենց դատարանի գործառույթ է իրականացնում։ 

 Ն․ Հակոբյանը՝ շեշտելով Տեսչական մարմնի, դատարանի և նախատեսվող արտադատական մարմնի լիազորությունների՝ օրենսդրական մակարդակում հստակեցման ու սահմանազատման կարևորությունը։ 

Մանրամասները՝ տեսանյութում