Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Դատավորների նկատմամբ ԲԴԽ կարգապահական վարույթները կալանավորմանն առնչվող գործերով. ամփոփում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից դիտարկվել են Բարձրագույն դատական խորհրդի կողմից 2022 թվականին դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունների քննության վերաբերյալ գործերը: Դրանցից 6-ը վերաբերել են կալանավորման հարցերին, այդ թվում՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու, կալանավորման հիմքերի, պայմանների առկայության, կալանավորման ժամկետների, կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունների քննությանն առնչվող հարցեր և այլն)։

Ընդհանուր տեղեկություններ.

Քննված 6 վարույթներից 3-ով կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունները ԲԴԽ-ին ներկայացվել են ՀՀ արդարադատության նախարարության կողմից, իսկ մյուս 3–ով՝ ՀՀ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից։

Կարգապահական վարույթների քննության արդյունքում ԲԴԽ-ի կողմից մերժվել են ՀՀ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ներկայացրած միջնորդություններից 2-ը և ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդություններից 1-ը։ 1 վարույթով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցի քննությունը կարճվել է։ 2 վարույթով կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունները բավարարվել են, որից մեկով դատավորին հայտարարվել է նկատողություն, իսկ մյուսով՝ նախազգուշացում։

Նշենք, որ կարգապահական վարույթներից 3-ը հարուցվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների, իսկ մյուս 3-ը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորների նկատմամբ։ Ընդ որում, Վերաքննիչ քրեական դատարանի միևնույն դատավորի նկատմամբ 2 կարգապահական վարույթներն էլ հարուցվել են ՀՀ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդություններով, որոնք, սակայն, ԲԴԽ-ի կողմից մերժվել են։

Միջնորդությունների էությունը.

  1. ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված  միջնորդության հիմքում դրվել է այն հանգամանքը, որ դատավորը մեղադրյալի նկատմամբ կալանավորման հիմքերի առկայության հարցը քննարկելով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի շրջանակներում, քննության առարկա չի դարձրել մեղադրյալին մեղագրվող հանցավոր արարքների վաղեմության ժամկետներն անցած լինելու հանգամանքը։ Միջնորդությունը բավարարվել է ԲԴԽ-ի կողմից և դատավորին հայտարարվել է նկատողություն[1]:
  2. ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված  միջնորդության հիմքում դրվել է այն հանգամանքը, որ դատավորը քննության առնելով մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը, որոշել է մերժել այն՝ վերջինիս վերագրվող հանցագործությունը կատարած լինելու հիմնավոր կասկածի բացակայության պատճառաբանությամբ, սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածը (մեկնաբանել և գնահատել է մինչև 14.12.2019 թվականը գործող խմբագրությամբ)՝ հանգելով ոչ իրավաչափ եզրահանգման ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքի «հիմնավոր կասկածի բացակայության վերաբերյալ, և արդյունքում չի քննարկել կալանավորման հիմքերի առկայության հարցը: Միջնորդությունը բավարարվել է ԲԴԽ-ի կողմից և դատավորին հայտարարվել է նախազգուշացում[2]:
  3. ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված միջնորդության հիմքում դրվել է այն հանգամանքը, որ դատավորը կալանավորումը գրավով փոխարինելու հարցը լուծելիս, որպես նոր հանգամանք է մատնանշել այն, որ ամբաստանյալը վատառողջ է, ունի բուժման կարիք և վերջինիս խնամքին է գտնվում մանկահասակ երեխա։ Մինչդեռ Դատարանի որոշումների ուսումնասիրությամբ պարզվել է, որ այդ հանգամանքներն ու ամբաստանյալին բնութագրող տվյալները դատարանին հայտնի են եղել նաև նախկինում։ Բացի այդ, դատավորն ընդհանրապես չի անդրադարձել ամբաստանյալի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հիմքին այն պայմաններում, երբ սույն քրեական գործով նախկինում ամբաստանյալի նկատմամբ քննությունից թաքնվելու հիմքով հայտարարված է եղել հետախուզում, չի պարզաբանել, թե արդյոք գրավի կիրառումը չեզոքացնում է ամբաստանյալի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու ռիսկը։ Միջնորդությունը մերժվել է ԲԴԽ-ի կողմից[3]:
  4. ՀՀ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդության հիմքում դրվել է այն հանգամանքը, որ բողոքի քննությունը Վերաքննիչ դատարանում իրականացվել է վերաքննության կարգով, այլ ոչ թե վճռաբեկության, ուստի չէր կարող առանց կողմերի մասնակցության իրականացնել բողոքի քննություն առհասարակ, քանի որ ըստ ՀՀ քրեական դատավարության 390-րդ հոդվածի 3-րդ մասի՝ ամբաստանյալի մասնակցությունը պարտադիր է վերաքննիչ դատարանի նիստին, եթե բողոք է բերել դատախազը` ոչ հօգուտ նրա։ Միջնորդությունը մերժվել է ԲԴԽ-ի կողմից[4]:
  5. 5-րդ՝ ՀՀ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված  միջնորդության հիմքում դրվել է այն հանգամանքը, որ դատավորը առերևույթ անօրինական որոշում է կայացրել նախաքննության փուլում մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետը երկարացնելու մասին, քանի որ գործով միչդատական վարույթը եղել է ավարտված, գործը գտնվել է դատական քննության փուլում  և նշյալ քրեական գործով վարույթն իրականցնող մարմինը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատական քննություն նշանակելու մասին անդրադառնալով խափանման միջոցի հարցին, արդեն իսկ ամբաստյալի կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը։ Միջնորդությունը մերժվել է ԲԴԽ-ի կողմից[5]:
  6. 6-րդ՝ ՀՀ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդության հիմքում դրվել է այն հանգամանքը, որ դատավորի կողմից քննվող գործով որոշումը կայացվել է 2022թ հունվարի 13-ին, կայացված որոշման հիման վրա քաղվածք է կազմվել, որը դատավարության կողմը ստացել է 2022թ հունվարի 14-ին։ Մինչդեռ որոշման օրինակը (ամբողջական) կողմերին հասանելի է դարձել միայն 2022թ փետրվարի 10-ին առձեռն ստանալու միջոցով, ընդ որում՝ երեք անգամ կողմից դիմում ներկայացնելուց հետո։ Վերջիններս զրկված են եղել խնդրո առարկա դատական ակտի վերաբերյալ իրենց անհամաձայնությունը վերադաս դատական ատյանում բարձրաձայնելու հնարավորությունից։ Որոշման պատճառաբանություններին հասանելիության տևական բացակայությունը, ըստ էության, զրկել է վերջիններին վարույթն իրականացնող մարմնին որոշակի միջնորդություններ ներկայացնելու հնարավորությունից։ Ընդ որում, դատարանը անձին կալանավորել է առանց օրենքով սահմանված կարգով կայացված որոշման՝ միայն  կայացված որոշման քաղվածքով, որի մասին որևէ իրավակարգավորում օրենքը չի նախատեսում, նման դատավարական փաստաթուղթ օրենքով գոյություն չունի։ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցի քննությունը կարճվել է[6]։

Վերոնշյալ կարգապահական վարույթների դիտարկման ամբողջական արդյունքները կարտացոլվեն «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից հրապարակվելիք վերջնական զեկույցում։


[1] https://court.am/storage/uploads/files/bdx-disciplinary-proceedings/XHpR0JvYywi3BrBcl8mMlkrsjCplj9xcmAVVHaKx.pdf)

[2] https://court.am/storage/uploads/files/bdx-disciplinary-proceedings/tRjVOlMlBSMZ2CYwGZe2Y6c7k7SRNyJquSDzd1FM.pdf

[3] https://court.am/storage/uploads/files/bdx-disciplinary-proceedings/cUSv1mw82XwfWEcKvFCBMNxAnvuy95GevpkOsrjw.pdf

[4] https://court.am/storage/uploads/files/bdx-disciplinary-proceedings/fCBwGrNMiYpTJ1zP2mCDOVuvzEErbXKIKHpl7tyH.pdf

[5] https://court.am/storage/uploads/files/bdx-disciplinary-proceedings/PNDOPP9XMHxs5Vr8BP6GyDx1qO6QTOf58TLhCZxS.pdf

[6] https://court.am/storage/uploads/files/bdx-disciplinary-proceedings/BXc2beCa5GsngLypQzCGpsKzn5jfJAe8RjV3gU1K.pdf

INTERESTING POSTS

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2024թ. անցկացված բաց մրցույթի դիտարկման արդյունքները․Զեկույց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2024 թվականին իրականացվել