Հայաստանը գրանցում է էական հետընթաց խոշտանգումների դեմ պայքարի հարցում

Մենք՝ քաղաքացիական հասարակության նշյալ կազմակերպություններս, խորապես մտահոգված ենք, որ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի փոփոխություններով խոշտանգման գործերի նախաքննությունը փոխանցվում է ԱԱԾ քննիչներին։ Արձանագրում ենք, որ այս փոփոխություններն էական հետընթաց են մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, քանի որ ինստիտուցիոնալ առումով նվազեցնում են խոշտանգումներից զերծ մնալու բացարձակ իրավունքի պաշտպանության երաշխիքները։

Նախևառաջ, օրինագծի ընդունումը խնդրահարույց է ընթացակարգի առումով, քանի որ   Օրենսգրքի առաջին ընթերցմամբ ընդունված խմբագրությամբ՝ 181-րդ հոդվածի 6-րդ մասում խոշտանգման գործերի քննության քննչական ենթակայությունը վերապահվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչներին, մինչդեռ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված խմբագրությամբ խոշտանգումն ամրագրող 450-րդ հոդվածը ներառվել է ազգային անվտանգության ծառայության քննիչների քննչական ենթակայությանը վերապահված գործերի ցանկում։ Փաստորեն հանրությունը և մասնագիտական համայնքը հնարավորություն չի ունեցել ժամանակին տեղեկանալու և իր կարծիքը ներկայացնելու նման արմատական փոփոխության վերաբերյալ։

Այսպիսով, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ «Օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կատարած հանցագործությունների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված սույն հոդվածի 5.1-ին մասով չնախատեսված հանցագործությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149, 150, 154.1, 189.1 (բացառությամբ 189.1-ին հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի), 217, 217.1 , 219-221, 224, 226, 226.1, 233, 234, 250, 299, 302-307, 329, 329.1, 330, 384-397.1 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները»: Այսպիսով, ընդունված օրենքով ՀՔԾ-ն, որպես բարձրաստիճան պաշտոնատար անձանց կատարած հանցագործությունների և պետական ծառայություն իրականացնող անձանց՝ իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված հանցագործությունների, այդ թվում նաև՝ խոշտանգումների, քննություն իրականացնող անկախ մարմին դադարել է գոյություն ունենալ, իսկ խոշտանգման գործերի քննության քննչական ենթակայությունը վերապահվել է ազգային անվտանգության ծառայությանը: Մինչդեռ, 2019թ. ՀՀ կառավարության կողմից ընդունված Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության համաձայն՝ նախատեսվում էր պահպանել հատուկ քննչական ծառայությունը՝ որպես խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ դեպքերի, ինչպես նաև ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց՝ իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների (բացառությամբ կոռուպցիոն հանցագործությունների) նախաքննություն իրականացնող մարմին: Նույն ռազմավարությամբ նախատեսված է լուծարել Ազգային անվտանգության ծառայության քննչական մարմնի հաստիքները և գործիքակազմը համամասնորեն փոխանցել Հատուկ քննչական ծառայությանը, Քննչական կոմիտեին և Հակակոռուպցիոն կոմիտեին։[1]

Խնդիրն այն է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից խոշտանգման գործերով նախաքնության իրականացումը չի համապատասխանում խոշտանգման արդյունավետ քննության համար ընդունված միջազգային չափանիշներին։ Այս կառույցի գործառույթը հետախուզությունն ու հակահետախուզությունն է, նաև վերջիններիս հետ առնչվող պետական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննությունը: Ավելին, «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ «Ազգային անվտանգության ծառայությունը (այսուհետ՝ լիազորված մարմին) վարչապետին ենթակա մարմին է», ավելին՝ դուրս է գտնվում քաղաքացիական վերահսկողությունից, այդ թվում՝ ՀՀ ազգային ժողովի կողմից վերահսկողությունից ևս։ Այլ կերպ ասած՝ Ազգային անվտանգության ծառայության գործունեությունը թափանցիկ և հաշվետու չէ: Հետևաբար, այն չի ապահովում ՀՀ միջազգային պարտավորությունների հիման վրա խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ դեպքերի քննության արդյունավետությունը դրա անկախության և անաչառության երաշխիքների բացակայության հիմքով:

Համեմատության մեջ նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունն այս առումով դիտարկվում է ավելի անկախ կառույց խոշտանգման գործերի քննության համար։ Ինչպես նաև, Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (ԽԿԿ) ՀՀ վերաբերյալ 2015 թ. ներկայացրած զեկույցում դրական է գնահատել ՀՔԾ-ի՝ որպես մասնագիտացված քննչական մարմնի ստեղծումը և ՀՔԾ քննիչների արհեստավարժությունը։[2]

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայության խոշտանգումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ քաղաքացիական հասարակությունը մշտապես առաջարկել է առավել հզորացնել ՀՔԾ ինստիտուցիոնալ կարողությունները՝ ապահովելով ՀՔԾ-ի պետի ընտրությունը ՀՀ Ազգային ժողովի կողմից, ամրագրել ՀՔԾ-ի հաշվետվողականությունը Ազգային ժողովին՝ տարեկան զեկույցներով՝ արված քայլերի և առաջացած խնդիրների վերաբերյալ, նախատեսել, որ ՀՔԾ-ն որևէ ուղղակի կամ անուղղակի ենթակայություն չպետք է ունենա կառավարությանը, ապահովել խոշտանգումներից տուժած անձանց ուղիղ և անմիջական հասանելիությունը ՀՔԾ-ին և այլն։

Մինչդեռ, միջազգային իրավունքն առաջարկում է խոշտանգման գործերը քննող մարմնի ինստիտուցիոնալ անկախության վերաբերյալ կոնկրետ պահանջներ։ Մասնավորապես․

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 3-րդ հոդվածի համաձայն. «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»։ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով` խոշտանգման կամ վատ վերաբերմունքի դեպքերով արդյունավետ քննությունն իրավունքի անբաժան մասն է։ Դատարանը տարբերով գործերով կայացրած վճիռներում հաճախ եզրահանգել է, որ խոշտանգման քննությունն անկախ չի եղել, երբ այն իրականացրել են նույն մարմնի/ստորաբաժանման ծառայողները, ինչը և իրադարձություններում ներգրավված անձինք (տե՛ս՝ «Ակթաշն ընդդեմ Թուրքիայի» «Իլհան ընդդեմ Թուրքիայի» «Գուլեցն ընդդեմ Թուրքիայի» և «Տոտևան ընդդեմ Բուլղարիայի» գործերը): Ավելին, միջոցների արդյունավետության որոշման համար Դատարանը ինստիտուցիոնալ արդյունավետությունը կիրառում է որպես համապատասխան չափանիշներից մեկը`պահանջելով, որ պատասխանատու մարմինը լինի «բավականաչափ անկախ» Կոնվենցիայի իրավունքի խախտման համար պատասխանատուից: Ավելին, Դատարանը նշել է, որ անկախությունը նշանակում է ոչ միայն հիերարխիկ կամ ինստիտուցիոնալ կապի բացակայություն, այլև գործնական անկախություն:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն իր 20-րդ ընդհանուր մեկնաբանության մեջ արձանագրել է, որ «բողոքները պետք է անհապաղ և անկողմնակալ քննվեն իրավասու մարմինների կողմից, որպեսզի միջոցն արդյունավետ լինի»: Քննարկելով մասնակից պետությունների զեկույցները՝ Կոմիտեն մի քանի անգամ կոչ է արել պետություններին «ապահովել, որ վատ վերաբերմունքի, խոշտանգումների և պետության գործակալների կողմից կատարված այլ չարաշահումները անհապաղ դիտարկվեն և հետաքննվեն անկախ մարմնի կողմից»:

Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն ևս բազմիցս շեշտել է անկողմնակալ և անկախ քննությունների կարևորությունը՝ որպես խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից կալանավորվածների պաշտպանության միջոցներից մեկը: 2000 թվականին Կիպրոս կատարած այցից հետո կոմիտեն նշել է, որ «…աքսիոմատիկ է, որ նման [խոշտանգումների] դեպքերի վերաբերյալ հետաքննությունները պետք է ոչ միայն լինեն, այլև դիտվեն որպես ամբողջովին անկախ և անաչառ»: Այնուհետև Իսպանիայի հետ կապված կոմիտեն նշել է, որ «…Ազգային ոստիկանության և քաղաքացիական գվարդիայի ներքին հաշվետվողականության մեխանիզմների բողոքների քննությունը չի կարելի ասել, որ անկախ և անաչառ է» և ընդգծել է, որ «…անփոխարինելի է, որ անձինք Ոստիկանության դեմ բողոքների վերաբերյալ հետաքննություններ իրականացնելու համար պատասխանատուները պետք է իսկապես անկախ լինեն իրադարձություններում ներգրավվածներից»:

Հայաստանի վերաբերյալ 2012թ. հուլիսին ընդունված եզրափակիչ հետևություններով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն մտահոգություն է արտահայտել ազատազրկման վայրերում խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերի քննության անկախ մեխանիզմի բացակայության առնչությամբ՝ առաջարկելով խոշտանգումների և վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքների քննության անկախ համակարգի ստեղծում։[3]

Վ․ Գասպարիի վերաբերյալ կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է[4], որ խոշտանգումների վերաբերյալ գործերով արդյունավետ քննություն կատարելու չափանիշներն են.

ա) քննություն իրականացնող մարմինների անկախությունը և անաչառությունը,

բ) իրավասու մարմինները պետք է գործեն պատշաճ արագությամբ,

գ) քննություն իրականացնող մարմինները պետք է օժտված լինեն համապատասխան փաստերը հաստատելու, մեղավոր անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու լիարժեք իրավասությամբ,

դ) պետք է կատարվի մանրամասն քննություն, որն անհրաժեշտ է գործով ապացույցներն ապահովելու համար,

ե) պետք է ապահովվի քննության նկատմամբ հասարակական հսկողությունը և տուժողի արդյունավետ ներգրավվածությունը քննությանը։

Վճռաբեկ դատարանն Ալբերտ Հակոբջանյանի և Գագիկ Կարապետյանի գործով ընդգծել է, որ «իրականացված քննության նկատմամբ վստահության առկայության հիմնական պայմաններից է նաև քննությունն իրականացնող մարմինների ինստիտուցիոնալ և գործառութային անկախությունն ու անաչառությունը` գործնական իմաստով։ Օրինակ` Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել էր, որ պետական մարմինները ներգրավվել էին քննելու միևնույն դատախազության աշխատակիցների և տեղական ոստիկանության բաժնի՝ նրանց ենթակաների գործողությունները, որպիսի քննությունը դատարանը չէր կարողացել համարել անկախության և անկողմնակալության պահանջներին բավարարող: Այսինքն՝ անհրաժեշտ է նաև պատշաճ ուշադրության արժանացնել գործի քննության մեջ ներգրավված մարմինների անկախության և անաչառության ապահովումը՝ միջոցներ ձեռնարկելով բացառելու գերատեսչական շահերի հնարավոր բախումները»։[5]

Այսպիսով, վերոնշյալ հիմնավորումների լույսի ներքո նախատեսված օրենսդրական փոփոխություններով խոշտանգման վերաբերյալ գործերի մինչդատական քննությունը՝ ՀՀ ԱԱԾ քննչական ստորաբաժանմանը պատվիրակելը որևէ կերպ չի տեղավորվում նման գործերով քննության առավելագույն անկախություն և անաչառություն ապահովելու հրամայականի տրամաբանության մեջ, հաշվի առնելով այն, որ 1) նշված քննչական մարմինը գտնվում է ազգային անվտանգության մարմնի, իսկ այդ կառույցն իր հերթին՝ գործադիր մարմնի ղեկավարի ուղիղ ենթակայության տակ, 2) գործնականում նման կարգավորումը հաճախ բերելու է շահերի բախման դեպքերի, երբ հանցագործության մեջ կասկածվող հանդիսանան հենց ԱԱԾ, այդ թվում դրա քննչական ստորաբաժանման ծառայողները իրենց իրավասությանը վերապահված բազմաթիվ այլ բնույթի գործերով քննության  վերաբերյալ դեպքերով:

Ուստի, առաջարկում ենք խոշտանգման գործերով քննչական ենթակայությունը վերապահել ՀՀ քննչական կոմիտեին: Մասնավորապես, խոշտանգումների գործերով քննության արդյունավետությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է Քննչական կոմիտեի կենտրոնական ապարատում ձևավորել առանձնացված ստորաբաժանում, ինչպես նաև համապատասխան դատավարական ղեկավարում իրականացնող ստորաբաժանում ստեղծել նաև ՀՀ գլխավոր դատախազությունում: Միաժամանակ, Քննչական կոմիտեի ծառայողների կողմից ենթադրյալ հանցագործությունների քննության նպատակով Գլխավոր դատախազի որոշմամբ տվյալ գործերի քննության ենթակայությունը պետք է փոխանցվել այլ նախաքննության մարմնին: Զուգահեռաբար, կառավարությունն ու օրենսդիրը պետք է անպայման անդրադառնան քննչական կոմիտեի ինստիոտուցիոնալ անկախության երաշխիքների ամրապնդմանն ու Ազգային ժողովին հաշվետու լինելու խնդրին առաջիկայում սպասվող սահմանադրական փոփոխությունների համատեքստում։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան
Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն

[1] ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարություն, ՀՀ կառավարության 2019թ. հոկտեմբերի 3-ի թիվ 1332-Ն որոշմամբ հաստատված:

[2] https://rm.coe.int/CoERMPublicCommonSearchServices/DisplayDCTMContent?documentId=09000016806bf46f

[3]https://tbinternet.ohchr.org/_layouts/15/treatybodyexternal/Download.aspx?symbolno=CCPR/C/ARM/CO/2&Lang=En

[4] Վճռաբեկ դատարանի` Վարտգեզ Գասպարիի գործով 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԵԱՔԴ/0190/11/16 որոշում

[5] Վճռաբեկ դատարանի`Ալբերտ Հակոբջանյանի և Գագիկ Կարապետյանի գործով 2019 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ ԵԱՔԴ/0172/11/17 որոշման 23-րդ կետը: