Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Դատարանը վերացրեց կորոնավիրուսային հիվանդությամբ մահվան հիմքով հարուցված քրեական գործի անօրինական կասեցումը

2021թ. օգոստոսի 20-ին ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Մ. Մակյան) որոշում է կայացրել պարտավորեցնելու վարույթն իրականացնող մարմնին վերացնելու ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Հ. Պետրոսյանի կողմից 29.12.2020թ. կայացված «քրեական գործով վարույթը կասեցնելու մասին» որոշմամբ թույլ տրված և սույն որոշմամբ արձանագրված՝ Ա. Հ.-ի իրավունքների խախտումը։

Դատարանը արձանագրել է, որ նախաքննական մարմնի կողմից քրեական գործով վարույթի կասեցումը անհիմն է և խախտվել է Ա. Հ.-ի իրավունքները՝ արհեստականորեն սահմանափակելով դրանք՝ նշված քրեադատավարական գործողություններին մասնակցելուց զրկելու առումով։

Հիշեցնենք, որ 2020թ. սեպտեմբերի 18-ին, Ֆ. Հ.-ի իրավահաջորդ Ա. Հ.-ի կողմից Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված պատշաճ բժշկական բուժօգնություն չտրամադրելու հիմքով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր Դատախազություն:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի կողմից նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։

2020թ. դեկտեմբերի 23-ին Ֆ. Հայրապետյանի իրավահաջորդ  Ա. Հ.-ի կողմից դիմում է ներկայացվել նախաքննության մարմնին խնդրելով տեղեկացնել, թե ինչ գործողություններ են իրականացվել հարուցված քրեական գործի շրջանակներում։

Գրությանը պատասխան չի ստացվել, որից  հետո ևս երկու անգամ դիմումները, ներառյալ տուժողի իրավահաջրոդ ճանաչվելու վերաբերյալ, մնացել են անպատասխան։

Միայն նախաքննության մարմնի հետ բանավոր խոսակցությունից հետո դիմողը տեղեկացել է և ստացել  որոշում, ըստ որի հարուցված քրեական գործը կասեցվել է 2020թ. դեկտեմբերի 29-ին։ Պարզվել է նաև, որ դիմողի որպես տուժողի իրավահաջորդ ճանաչելու դատավարական գործողությունը կկատարվի նշանակված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո։

Նախաքննություն իրականացնող մարմնի կողմից ներկայացվել է հիմնավորում, որ «նկատի ունենալով, որ նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ հնարավոր բոլոր քննչական և դատավարական գործողությունները, սակայն նախաքննության ներկա փուլում առանց հանձնաժողովային դատաբաժշկական փորձաքննության, հնարավոր չէ պարզել որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի ինքնությունը»։

2021թ. մայիսի 5-ին քրեական գործի կասեցման որոշման դեմ ներկայացվել է բողոք վերադասության կարգով վերահսկողություն իրականացնող դատախազին, խնդրելով վերացնել քննիչի կողմից կայացված քրեական գործի կասեցման որոշումը։

2021թ. մայիսի 31-ին ստացվել է դատախազի մերժման որոշումը։

Մերժման որոշման դեմ դիմողի կողմից ներկայացվել է բողոք դատարան՝ բարձրացնելով քրեական գործի կասեցման ու տուժողի իրավահաջորդի կարգավիճակ չտրամադրելու անօրինականությունը։

Ներկայացված բողոքի հիման վրա, Դատարանը գտել է, որ քրեադատավարական նորմերը հստակ սահմանում են քրեական գործի կասեցման հիմքերը, սակայն դրանցում առկա չէ քրեական գործով փորձաքննություն նշանակելու կամ այն փորձաքննության ուղարկելու հանգամանքներով պայմանավորված քրեական գործի կասեցման հիմք։ Այս առնչությամբ քննիչի ու դատախազի փաստարկները եղել են առարկայազուրկ։

Ինչ վերաբերում է տուժողի իրավահաջորդի կարգավիճակին, ապա դատարանն արձանագրել է, որ վարույթն իրականացնող մարմնի՝ քննիչի և գործի նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից դատարանում ներկայացված պարզաբանումների՝ Ա. Հ.-ի՝ իրեն տուժող իրավահաջորդ ճանաչելու մասին խնդրանքը մերժվել է, քանի որ նա դիմել է քրեական գործը փորձաքննության ուղարկելուց և դրանով պայմանավորված՝ քրեական գործի վարույթը կասեցնելուց հետո միայն։ Այսինքն, ստացվում է մի իրավիճակ, երբ վարույթ իրականացնող մարմինը իր սեփական նախաձեռնությամբ՝ առանց օրենքի պարտադիր պահանջի կասեցրել է քրեական գործով վարույթը՝ արհեստական արգելք ստեղծելով Ա. Հ.-ին որպես տուժողի իրավահաջորդ ներգրավվելու համար և այդ՝ արհեստականորեն ստեղծված արգելքի ուժով մերժել է նրա՝ իրեն դատավարական կարգավիճակ շնորհելու իրավաչափ պահանջը։ Մինչդեռ ստանալով տուժողի իրավահաջորդի դատավարական կարգավիճակ, վերջինս փաստացի կարող էր օգտվել այդ դատավարական սուբյեկտի իրավունքներից։

Քննարկվող դեպքում քրեական գործը փորձաքննության ուղարկելու պարագայում Ա․ Հայրապետյանը կարող էր փորձագետներին առաջադրել այլ հարցեր, որոնք գործի օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու համար իր կարծիքով կարող էին կարևոր նշանակություն ունենալ։

Ա․ Հ․-ի շահերը ներկայացնում են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբանները:

INTERESTING POSTS

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2024թ. անցկացված բաց մրցույթի դիտարկման արդյունքները․Զեկույց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2024 թվականին իրականացվել