Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

ԻՊԱՍ նախագահը դիմել է ՀՀ ոստիկանապետ

2016 թվականի հունվարի 26-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին խնդրելով տեղեկատվություն տրամադրել հունվարի 21-ին Բաղրամյան 26 հասցեում ծառայություն իրականացնող ոստիկանների վերաբերյալ:

Գրությանը կից ներկայացվել է տեղեկանք, վերոնշյալ ոստիկանների լուսանկարներով:

Հիշեցնենք, որ հունվարի 21-ին կազմակերպության նախագահ Հ. Հարությունյանը Բաղրամյան պողոտայի դիմացի հատվածից երթուղային տաքսուց նկատել է ՀՀ Նախագահի նստավայրի մուտքի հատվածում հավաքված մոտ 12 ոստիկանների և խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների չորս ծնողների:

Հ. Հարությունյանը մոտեցել է ծնողներին, որոշ ժամանակ անց մոտ 10-12 ոստիկաններ շղթա են կազմել Հ. Հարությունյանի  ուղղությամբ նրան հեռացնելով իր կանգնած վայրից և արգելել փողոցի՝ հանրային համարվող տարածքում, որտեղով քայլում էին այլ քաղաքացիները, տեղաշարժվել:

2016 թվականի փետրվարի 5-ի թիվ 12/134 գրությամբ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը մերժել էր կազմակերպությանը՝ հաշվի առնելով այն, որ լուսանկաներում պատկերված ոստիկանների նկատմամբ իրականացվում է ծառայողական քննություն:

2016 թվականի փետրվարի 23-ի 12/214 գրությամբ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը տեղեկացրել է, որ վերոնշյալ ոստիկանների նկատմամբ հարուցված ծառայողական քննությունն ավարտված է:

Կազմակերպությունը կրկին դիմել է ոստիկանությանը խնդրելով տրամադրել կազմակերպության Ե/230.26.01/2016 գրությամբ հայցվող տեղեկությունները, սակայն կրկին ստացել է մերժում:

Տեղեկացնենք, որ սույն գործով կազմակերպությունը դիմել էր ՀՀ  Վարչական դատարան ընդդեմ ՀՀ ոստիկանության՝ գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու և որպես ածանցյալ պահանջ՝ տեղեկություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին:

Վարչական դատարանը մերժել է հայցադիմումը գտնելով, որ ՀՀ ոստիկանությունը գործել է իրավաչափորեն և տեղեկատվության տրամադրման մերժումը բխել է օրենքի պահանջներից:

Մասնավորապես՝ կազմակերպության կողմից ՀՀ ոստիկանությունից պահանջվող տեղեկատվությունը ակնհայտորեն հանդիսանում են աշխատողի անձնական տվյալներ, քանի որ այդ տվյալները թույլ կտան ուղղակի կերպով նույնականացնել նշված անձանց տվյալները:

Դատարանը նշել է, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ու ՀՀ աշխատանքային օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմպերատիվ ուժով արգելվում է առանց աշխատողի գրավոր համաձայնության անձնական կյանքի գաղտնիությունը խախտող տեղեկատվության տրամադրումը:

Կազմակերպությունը դիմել է Վարչական Վերաքննիչ դատարան բողոքարկելով ՀՀ վարչական դատարանի 28.12.2016թ.-ի որոշումը:

Կազմակերպությունը գտնում է, որ ոստիկանության և ոստիկանության աշխատակցի վերաբերյալ տեղեկությունները պետք է հասանելի լինեն հանրությանն ու քաղաքացիներին, առավել ևս, երբ վերջինս ծառայություն է իրականացնում: 21.01.2016թ.-ին իրականացված գործողությունների ժամանակ անհերքելի է, որ ոստիկաններն իրականացրել են հանրային ծառայություն:

Դատական նիստը նշանակվել է 2018թ. ապրիլի 18-ին՝ ժամը 10:00-ին:

post

https://prwb.am/2017/05/06/prwb-2/

INTERESTING POSTS