Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Թեյմուրազյանն ընդդեմ Հայաստանի գործով

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2018թ. մարտի 15-ին կայացրել է վճիռ Թեյմուրազյանն ընդդեմ Հայաստանի գործով:

ՄԻԵԴ-ում դիմումատու Վ. Թեյմուրազյանի շահերը ներկայացնում էին Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ իրավաբանները:

ՄԻԵԴ-ն արձանագրել է Դիմումատուի՝ անօրինական ազատազրկման, ինչպես նաև ոստիկանության ծառայակիցների կողմից անմարդկային վերաբերմունքի ենթարկվելու համար բարոյական վնասի փոխհատուցում ստանալու իրավունքի խախտում՝ Կոնվենցիայի 5.5-րդ և 13-րդ հոդվածների հիման վրա: Արձանագրված խախտումների համար ՄԻԵԴ-ը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է Դիմումատուին վճարել 11.700 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում:

Այսպես, 2005թ. Դիմումատուի նկատմամբ մեղադրանք է հարուցվել ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, որի շրջանակներում Դիմումատուն 46 օր կալանավորված է եղել:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի 2006թ. կայացված դատավճռով Դիմումատուն արդարացվել է: Դատարանը հաստատել է, որ ոստիկանության ծառայողների նկատմամբ Դիմումատուն գործել է անհրաժեշտ պաշտպանության իրավիճակում, և արձանագրել է, որ ոստիկանության աշխատակիցները նրան ծեծի են ենթարկել՝ պատճառելով լուրջ վնասվածքներ: Նույն որոշմամբ դատարանն արձանագրել է, որ դիմումատուի նկատմամբ կալանավորումը եղել է չհիմնավորված:

Դիմումատուն, սակայն, հնարավորություն չի ունեցել ստանալու անհիմն կալանավորման, ինչպես նաև ոստիկանության ծառայողների կողմից վատ վերաբերմունքի ենթարկվելու հետևանքով բարոյական վնասի փոխհատուցում, քանի որ ՀՀ գործող օրենսդրությամբ նման հնարավորություն նախատեսված չի եղել:

Տվյալ գանգատի շրջանակներում Դիմումատուն բարձրացրել էր նաև ոստիկանության ծառայողների կողմից 2005թ. վատ վերաբերմունքի ենթարկվելու և դրա առնչությամբ ՀՀ իշխանությունների կողմից արդյունավետ քննություն չիրականացնելու հարցը՝ ի խախտումն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի, քանի որ ներպետական դատարանների կողմից դիմումատուի նկատմաբ վատ վերաբերմունքի փաստի հաստատումից հետո ներպետական ատյանները անգործություն են ցուցաբերել և քրեական հետապնդում չեն հարուցել բռնություն գործադրած ոստիկանների նկատմամբ: Գանգատի տվյալ պահանջները ՄԻԵԴ-ի կողմից ճանաչվել է անընդունելի այն պատճառաբանությամբ, որ չի պահպանվել հարցի առնչությամբ ՄԻԵԴ գանգատ ներկայացնելու վեցասմյա ժամկետի կանոնը:

ՄԻԵԴ ամբողջական վճռին կարող եք ծանոթանալ ստորև հղմամբ.

Մարդու իրավունքների եվրոպական դատարան

INTERESTING POSTS