Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Հայաստանը 12 200 եվրո կփոխհատուցի ՄԻԵԴ-ում պարտված գործի համար

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց որպես փոխհատուցում 12 200 եվրոյին համարժեք դրամ հատկացնել մարդու իրավունքների եվրոպական դատարանում պարտված «Թեյմուրազյանն ընդդեմ Հայաստանի» գործով։

Նման վճիռ ՄԻԵԴ-ը կայացրել է մարտի 15-ին։ Հայաստանը պարտավոր է դիմումատուին, վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում, վճարել այդ փոխհատուցումը։ Վճիռն օրինական ուժի մեջ է մտել հունիսի 15-ին, գումարի վճարման վերջնաժամկետը սեպտեմբերի 15-ն է։

ՄԻԵԴ-ում դիմումատու Վ. Թեյմուրազյանի շահերը ներկայացրել են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբանները:

Գործի փաստական հանգամանքները

2005 թվականի ապրիլին դիմումատուի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ճանապարհային ոստիկանության երկու ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով: Այդ ժամանակ որոշվել է նրան չկալանավորել և բաց թողնել՝ չհեռանալու մասին ստորագրությամբ:

Հետագայում դատարանը քննիչի միջնորդությամբ որոշել է դիմումատուի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխարինել և երկամսյա ժամկետով նախնական կալանավորել:

2006 թվականի փետրվարի 16-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանն արդարացրել է դիմումատուին՝ գտնելով, որ նա մեղավոր չէ իրեն վերագրվող հանցանքում։ Դատարանը նաև վճռել է, որ ոստիկանության ծառայողներն անցել են իրենց լիազորությունները: Չնայած դիմումատուն չէր խախտել չհեռանալու մասին ստորագրության պայմանները, և որ նա հաշմանդամություն ունեցող անձ էր, իր խնամքի տակ ուներ երկու անչափահաս երեխա, քննիչը դիմել էր դատարան նրան կալանավորելու վերաբերյալ չհիմնավորված միջնորդությամբ: Արդյունքում դիմումատուն կալանքի տակ է եղել 2005 թվականի մայիսի 5-ից մինչև հունիսի 20-ը:

ՄԻԵԴ-ի փոխանցմամբ՝ Վարչական շրջանի դատարանը գտել է, որ քննիչն ընդունել է ոստիկանության ծառայողների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու անհիմն որոշում՝ գնահատելով նրանց գործողությունները որպես օրինական, և դիմել գլխավոր դատախազին, որպեսզի վերջինս նրանց դեմ քրեական վարույթ հարուցի լիազորություններն անցնելու հիմքով։ Սակայն քննարկվող դատավճիռը բողոքարկվել է:

2006 թվականի նոյեմբերին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դիմումատուի բողոքները և անփոփոխ թողել Վարչական շրջանի դատարանի դատավճիռը: Դատարանը նաև որոշել է չեղարկել գլխավոր դատախազին ուղղված դիմումը այն հիմքով, որ արգելվում է վերսկսել վարույթը, եթե առկա է վարույթի կարճման կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում՝ բացառելով ոստիկանության երկու ծառայողների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հնարավորությունը:

2007 թվականի սեպտեմբերի 11-ին դիմումատուն պետության դեմ ներկայացրել է քաղաքացիական հայց՝ նյութական վնասի լրացուցիչ փոխհատուցման, մասնավորապես՝ եկամուտը բաց թողնելու և իր նախորդ երկու անարդար դատապարտումների մասով ոչ նյութական վնասի փոխհատուցման համար՝ 15 հազար դոլարի չափով, իսկ իր անօրինական ձերբակալման, կալանքի, իրեն մարմնական վնասվածք հասցնելու համար՝ 1 միլիոն եվրոյի չափով:

Սակայն դատարանը մերժել է դիմումատուի հայցերը՝ նշելով, որ դիմումատուի պահանջած փոխհատուցման տեսակները նախատեսված չեն օրենքով, բացառությամբ բաց թողնված եկամտի համար պահանջվող փոխհատուցման, որը դիմումատուն չի հիմնավորել:

2008 թվականի մարտի 7-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը ևս մերժել է դիմումատուի վերաքննիչ բողոքը՝ գտնելով, որ դիմումատուին արդեն տրամադրվել է փոխհատուցում իր դատապարտումների հետ կապված նյութական վնասի դիմաց, իսկ գույքային հատուցումների մասով նրա նոր պահանջները հիմնավոր չէին: Ինչ վերաբերում է ոչ գույքային վնասի հատուցման պահանջին` մերժվել է այն հիմքով, որ Հայաստանի օրենսդրությունը չի նախատեսում փոխհատուցում ոչ նյութական վնասի դիմաց:

Դիմումատուն ներկայացրել է վճռաբեկ բողոք: Վճռաբեկ դատարանն այն ճանաչել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով: Գործը հասել է մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Ինչ է վճռել ՄԻԵԴ-ը

Դիմումատուն նշել է, որ Հայաստանի օրենսդրությունը չի նախատեսել փոխհատուցում պահանջելու հնարավորություն՝ վատ վերաբերմունքի արդյունքում կրած ոչ նյութական որևէ վնասի դիմաց: Եվրոպական դատարանը վերահաստատել է այս դրույթը։

Եվրոպական դատարանը եզրակացրել է, որ դիմումատուն ունեցել է «փաստարկելի պնդում»՝ արգելված վերաբերմունքի ենթարկվելու մասով, ուստի պետք է ունենար իրավական պաշտպանության արդյունավետ միջոց ներպետական դատարաններում: Եվրոպական դատարանը նշել է, որ ոչ նյութական վնասի դիմաց փոխհատուցում Հայաստանի օրենսդրությամբ հասանելի չլինելու հետևանքով խախտվում են Կոնվենցիայի երաշխիքները:

Դիմումատուի՝ ոչ նյութական վնասի հատուցման մասով քաղաքացիական հայցը մերժվել է ներպետական դատարանների կողմից այն հիմքով, որ Հայաստանի օրենսդրությունը «ոչ նյութական վնասների փոխհատուցումը» որպես փոխհատուցման տեսակ չի նախատեսել։ ՄԻԵԴ-ի եզրահանգմամբ՝ ոչ նյութական բնույթի վնասի դիմաց փոխհատուցման անհասանելիությունը խախտում է Կոնվենցիան, և որ դիմումատուն օրենքով կամ գործնականում չի օգտվել հայցի ուժով օժտված փոխհատուցման իրավունքից:

Գործի քննության արդյունքում Եվրոպական դատարանը վճռել է դիմումատուին շնորհել 11 700 եվրո ոչ նյութական վնասի և 500 եվրո ծախսերի և ծախքերի դիմաց:

Հետք

INTERESTING POSTS

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2024թ. անցկացված բաց մրցույթի դիտարկման արդյունքները․Զեկույց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2024 թվականին իրականացվել