Ներկայացվել են պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիուտի օրենսդրական փոփոխություններն ու առկա ռիսկերը
2017 թվականի հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկներում դիտորդություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի տարեկան հաշվետվության ներկայացումը:
Միջոցառմանը մասնակցել և ելույթով հանդես է եկել նաև խմբի անդամ, «Իրավունքների պաշպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան Հասմիկ Հարությունյանը: Վերջինս ներկայացրել է ՀՀ-ում պատժից ազատման, մասնավորապես պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի հետ կապված հարցերը, խնդիրներն ու օրենսդրական փոփոխությունները:
Հ. Հարությունյանը նախ ներկայացրել է քննարկվող ինստիտուտի վերաբերյալ նախկին կարգավորումները: «Պետք է փաստել, որ պայմանական վաղաժամկետ ազատմանը դատապարտյալին ներկայացնելու գործընթացը բավականին բարդեցված է եղել։ Գործում էր եռաստիճան համակարգ։ Պատիժը կրելու համապատասխան ժամկետը լրանալուց հետո դատապարտյալը գրավոր դիմում էր ՔԿՀ վարչակազմին. Վարչակազմը քննարկում էր և որոշում՝ տվյալ դատապարտյալի պայմանական ազատման հարցը ներկայացնել անկախ հանձնաժողովին թե՝ ոչ։ Ներկայացնելու դեպքում անկախ հանձնաժողովը քննարկում էր և որոշում կա՛մ մերժել, կա՛մ միջնորդություն ներկայացնել դատարան, որն էլ կայացնում էր պայմանական ազատման վերջնական որոշումը: Ինչպես արձանագրվել է, կայացվել են հիմնականում մերժման որոշումներ, որոնք հիմնավորված և պատճառաբանված չեն եղել»:
Հարությունյանը հավելել է այնուհետ, որ ներկայումս իրականացվում են որոշակի միջոցառումներ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի բարեփոխման ուղղությամբ: Մասնավորապես, փոփոխություններ են նախատեսված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու»և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-49-Ն 1-ին հոդվածը չեղյալ ճանաչելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքներով:
Վերոնշյալ օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է հետևյալը՝
— պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացը սկսվում է դատապարտյալի կողմից պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը կրելու ավարտով,
— անկախ հանձնաժողովի և ՔԿՀ վարչակազմի գործառույթները տարանջատվում են,
-անկախ հանձնաժողովի կազմից կրճատվում է ենթահանձնաժողովների ինստիտուտը, կազմը՝ ներառելով հոգեբան, հոգեբույժ ՀՀ առողջապահության նախարարությունից, սոցիալական աշխատող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, կրիմինոլոգ ՀՀ ԱՆ ից, ներկայացուցիչներ ՀՀ նախագահի աշխատակազմից, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից և առնվազն վերջին 5 տարվա ընթացքում քրեակատարողական համակարգի բարեփոխման և դատապարտյալների իրավունքների պաշտպանության բնագավառում գործունեություն ծավալած հասարակական կազմակերպություններից, Հանձնաժողովների անհատական կազմերում ընդգրկվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների թեկնածություններն ընտրում և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
— սահմանվում են որոշում կայացնելու հստակ չափանիշներ, որոնք կգնահատեն դատապարտյալի անցյալին ու ներկային վերաբերող գործոնները, ինչպես նաև պատժի կրման ընթացքում դատապարտյալի դրսևորած վարքագիծը,
— անկախ հանձնաժողովի կողմից կայացված որոշումները դառնում են բողոքարկման ենթակա։
Թերևս առաջարկվող օրենսդրական փոփոխությունների արդյունավետությունն ու անմիջականորեն դատապարտյալների վրա ունեցած ազդեցությունը հնարավոր կլինի գնահատել միայն դրանք փաստացի կիրառելուց հետո, այնումենայնիվ արդեն իսկ կան հարցեր, որոնք մտահոգության տեղիք են տալիս:
Նախ որպես խնդրահարույց հանգամանք է ներկայացվել գնահատման չափանիշների պրակտիկայում իրագործելիությանը հարցը: Մի կողմից դրական է, որ առկա են օրենքով սահմանված հստակ օրենսդրական չափանիշներ, մյուս կողմից, այդ չափանիշներով գնահատելը դեռևս անիրատեսական է, քանզի քրեակտարողական հիմնարկները դեռևս օժտված չեն դրանք կյանքի կոչելու բավարար ռեսուրսներով: Նմանապես, ճիշտ է համակարգը պարզեցվել է, սակայն նվազել է ՔԿՀ վարչակազմերի դերը, ինչը հնարավոր է պրակտիկայում խնդրահարույց լինի:
Մեկ այլ խնդիր ներկայացվել է անկախ հանձնաժողովի կազմում ՀԿ-ների ներգրավվածության վերաբերյալ: Ինչպես նշել է Հ. Հարությունյանը՝ ԱՆ նախարարը ինքն է որոշում և հրավիրում անդամ կազմակերպություններին, առանց հրապարակային մրցույթ հայտարարելու:
Հ. Հարությունյանը ելույթի ավարտին նշել է, որ ընդհանուր առմամբ փոփոխությունները ողջունելի են, սակայն նշված և այլ խնդիրները դեռևս շտկման կարիք ունեն: Իսկ ինստիտուտի դրական գործունեությունը կկարողանանք արձանագրել միայն պրակտիկայում այդ փոփոխությունները արդյունավետորեն կիրառելու դեպքում:

Արցախից բռնի տեղահանված անձը դիմել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն իր իրավապաշտպան գործունեության ընթացքում արձանագրել

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն միացել է Հայաստանի բնապահպանական, իրավապաշտպան

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի փաստաբան Նինա Հակոբյանը ՀՀ վարչական