ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկներում դիտորդական խմբի 2016 թվականի գործունեության տարեկան հաշվետվության շնորհանդես-քննարկում

Հայաստանի ՔԿՀ-ներում իրավիճակը 2016 թվականին շարունակել է մնալ մտահոգիչ։ Արձանագրում է ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը, որն այսօր հրապարակեց 2016-ի գործունեության ամփոփումը։ Ազատազրկված անձանցից անցած տարի ստացվել է 112 ահազանգ և իրականացվել է 94 այցելությունը ՔԿՀ-ներ։ Քրեական գործի ընթացքից բողոքել է ահազանգողների 9.6%-ը, հացադուլի և պահման անբավարար պայմանների պատճառով ազատազրկվածներից 12%-ն անհանգստացրել։

 «Փաստագրվել են խոնավությունից բորբոսնած, սանիտարահիգիենիկ նվազագույն պայմաններիբացակայությամբ սանհանգույցներ, խոնավ խցեր, վխտացող միջատներ, այդ թվում անգամ«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ում, թեև դա հիվանդանոց է»,- ներկայացնում էԴիտորդական խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանը։

Դիտորդների պնդմամբ՝ 2016-ին անմարդկային պայմաններ են եղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի որոշ խցերում։ Բազմաթիվ ահազանգերից և ազատազրկված անձանց ինքնավնասումներից հետո այլևս այդ խցերում կալանավորներ չեն պահվում։

 «Բազմաթիվ խավարասերներ վխտում են սննդի վրա։ Սա Նուբարաշեն ՔԿՀ–ի մուտքերն են ևսանհանգույցը, նմանատիպ վիճակ է նաև կրծողների և խավարասերների տեսանկյունից, 14%-իցավելի խցերում նմանատիպ վիճակ է արձանագրվել։ Անմարդկային պայմաններ ենսանհանգույցներում, երբ բորբոսնած են պատերը, հատակը»,- ասում է Զարուհի Հովհաննիսյանը։

Ազատազրկվածների խնդիրների գրեթե կեսը՝ շուրջ 48.3 %-ը, վերաբերել է առողջապահության ոլորտին։ Որոշակի դրական տեղաշարժ կա՝ «Սևան»-ում և «Արմավիր»-ում։ Միաժամանակ դիտորդական խումբը նկատում է՝ գրեթե բոլոր ՔԿՀ-ներում բուժսպասարկումը պատշաճ մակարդակի չէ, բուժանձնակազմը լիարժեք չէ համալրված, բուժմասերը երբեմն տեղակայված են հին ու ոչ անբարեկարգ կառույցներում, չկան անհրաժեշտ պարագաներ և սարքավորումներ։ Դատապարտյալների շրջանում դիտորդական խմբի ուսումնասիրությունը փաստում է, որ սուր հիվանդություններ ունեցող դատապարտյալներին դեղորայքով ապահովում են հարազատները, իսկ սրտի իշեմիկ հիվանդությամբ և շաքարային դիաբետով հիվանդները պատշաճ չեն ապահովում դեղորայքով, բացակայում են նաև հիվանդություններ հայտնաբերող սարքավորումները։

2015 թվականի վերջին շահագործման հանձնվեց նոր՝ «Արմավիր» ՔԿՀ-ը՝ նախատեսված 800 դատապարտվածի համար։ Սա թվում էր, վերջնականապես կլուծի ՔԿՀ-ներում գերբնակեցման խնդիրը, սակայն Դիտորդական խմբի գնահատմամբ՝ գերբնակեցումը դեռևս օրակարգային է։ Պահպանվում է հերթափոխով քնելու ավանդույթը, ինչը ՄԻԵԴ-ը դիտարկում է որպես անմարդկային և նվաստացնող։

Թեև 2014-2015-ին Դիտորդական խմբի անդրադարձերից հետո Արդարադատության նախարարությունը խոստացել էր, որ ազատազրկված անձանց սննդի որակը կբարելավվի, այնուամենայնիվ, 2016-ը էական փոփոխություններ չի բերել։ Միջին հաշվարկներով՝ ամեն օր տրվող սնունդն ընդունելուց հրաժարվում է դատապարտյալների 10%-ը։ Ոչ գրավիչ, միանման և ոչ բավարար որակի ուտելիքից հրաժարվողները հույսը դնում են հարազատներից ստացվող հանձնուքների վրա։

Անմարդկային և դաժան վերաբերմունքի դեպքեր ևս դիտրոդական խմբի կողմից արձանագրվել է։ Հիերարխիկ հարաբերություններին ու քրեական օրենքներով կենցաղվարությանը վերջ տալու համար Արդարադատության նախարարությունը հաջողություն չի գրանցել։ Ինչպես որոշ դատապարտյալներ, այնպես էլ ՔԿՀ-ների աշխատակիցները չեն դադարում կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրել թույլ ու չենթարկվողների նկատմամբ։

Ի դեպ, 2016-ին հեշտ չի եղել նաև Դիտորդական խմբի աշխատանքը, որի անդամները ՔԿՀ-ներում հանդիպել են խոչընդոտների։ Գործունեության նախորդ 10 տարիներին խմբի աշխատանքները երբեք այնքան շատ չեն խոչընդոտվել, ինչպես 2016 թվականի ընթացքում։ Խնդրահարույցներից առաջատարը «Երևան-Կենտրոն» հիմնարկն է։ Իսկ «Վարդաշեն»-ում չի թույլատրվել տեսակցել ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանին։ Ըստ դիտորդների՝ անօրինական կերպով տեսակցություն արգելվել է հատկապես քաղաքական դրդապատճառներով ազատազրկված անձանց։ Խումբն արձանագրում է՝ աշխատանքների խոչընդոտումն անօրինական է և կարող է դիտարկվել որպես կալանավորած անձի հավանական խոշտանգված լինելու վերաբերյալ փաստերը թաքցնելու փորձ։

Աղբյուրը՝ http://www.a1plus.am/1576644.html

INTERESTING POSTS