Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Դատարանը բավարարել է քննիչի կողմից քրեական գործի  հարուցումը մերժելու որոշման վերացնելու պահանջը

2017թ. նոյեմբերի 13-ին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել բավարարել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան Հասմիկ Հարությունյանի բողոքն ընդդեմ հատուկ քննչական ծառայության: Հ. Հարությունյանի շահերը դատարանում ներկայացրել է փաստաբան Արաքս Մելքոնյանը:

Բողոքի հիմքում ընկած էր 2017թ. ապրիլի 12-ին  ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը և անձի իրավունքների խախտումները վերացնելու վերաբերյալ պահանջը:

Նոյեմբերի 13-ի կայացված որոշմամբ դատարանը գտել է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության քննիչի հետևությունները չեն բխել նախնական ստուգման ընթացքում ձեռքբերված փաստական տվյալների բովանդակությունից: Մասնավորապես՝ նյութերի նախապատրաստմամբ բացատրություններ են վերցվել բացառապես գործի ելքով շահագրգռված անձանցից, ստացվել են իրարամերժ փաստական տվյալներ, որոնք հերքելու կամ հաստատելուն ուղղված լրացուցիչ որևէ այլ գործողություն քննիչի կողմից չի կատարվել, ինչի արդյունքում նախապատվությունը տրվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների բացատրությանը:

Դատարանի կայացրած որոշման համաձայն՝ գործով ձեռքբերված փաստական տվյալները բավարար չեն եղել հաստատելու, որ քրեական գործ հարուցելու օրինական հիմքերը բացակայում են:

Ըստ այդմ, դատարանը որոշում է կայացրել բավարարելու բողոքաբերի կողմից ներկայացված պահանջները, այն է՝ վերացնել ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից  2017թ. ապրիլի 12-ին կայացված քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ որոշումը:

Հիշեցնենք, որ 2017թ. ապրիլի 2-ին, «Նուբարաշեն»  և «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներում խոչընդոտել են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ աշխատակից Հասմիկ Հարությունյանին և «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ աշխատակից Արման Սահակյանին՝ կատարելու իրենց դիտորդական աշխատանքը՝ որպես ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամներ։

2017թ.-ի ապրիլի 3-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից քրեական գործ հարուցելու վերաբերյալ հաղորդում է ներկայացվել Հատուկ քննչական ծառայություն, այն հիմքով որ ՔԿՀ-ներում դիտորդություն իրականացնող խմբի անդամներ Արման Սահակյանին և Հասմիկ Հարությունյանին արգելել են մուտք գործել «Նուբարաշեն» և «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներ: ՀԿԾ-ն սակայն որոշում է կայացրել հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործը հարուցելը մերժելու մասին:

2017թ.-ի ապրիլի 25-ին Հասմիկ Հարությունյանը վերադասության կարգով բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն Հատուկ քննչական ծառայության որոշման դեմ՝ գտնելով, որ չի կատարվել  գործի արդյունավետ քննություն: ՀՀ գլխավոր դատախազության կողմից որոշում է կայացվել մերժել քննիչի կողմից քրեական գործ հարուցելը մերժելու դեմ  ներկայացված բողոքը:

https://prwb.am/new/hy/2017/10/20/decision-investigator-rejection-insituting-criminal-case-regarding-hinderence-monitoring-conducted-penitentiary-institutions-appealed-judicial-orde/

https://prwb.am/new/hy/2017/04/02/%D6%84%D5%AF%D5%B0-%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A4%D5%AB%D5%BF%D5%B8%D6%80%D5%A4%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AD%D5%B4%D5%A2%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D5%B6-%D5%A1/

post

H. Harutyunyan

INTERESTING POSTS