Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Վերաքննիչ վարչական դատարանը պարտավորեցրել է ՆԳՆ-ին ԻՊԱՍ-ին տրամադրել ցուցարարների դեմ կիրառված հատուկ միջոցների վերաբերյալ տեղեկությունը

2025թ․ հունվարի 16-ին ՀՀ Վարչական դատարանը պարտավորեցրել էր ՀՀ Ներքին գործերի նախարարությանը (ՆԳՆ) «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությանը տրամադրել տեղեկություններ՝ 2024թ․ հունիսի 12-ին Երևան քաղաքի Բաղրամյան–Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած հավաքի ընթացքում ոստիկանության զորքերի կողմից հատուկ միջոցների կիրառման վերաբերյալ։

Մասնավորապես՝ պահանջվել էր տեղեկատվություն այն մասին, թե քանի զինծառայող է զեկուցել կիրառված հատուկ միջոցների վերաբերյալ, յուրաքանչյուր զինծառայող քանի հատուկ միջոց է գործադրել և ինչ միջոցներ են կիրառվել։ ՆԳՆ-ն հրաժարվել էր տրամադրել տվյալները՝ հղում անելով քրեական վարույթների առկայությանը։ 

Վարչական դատարանի որոշումը բողոքարկվել էր ՆԳՆ-ի կողմից։ 

Սակայն 2026թ․ ապրիլի 1-ի որոշմամբ Վերաքննիչ վարչական դատարանը մերժել է ՆԳՆ բողոքը և ուժի մեջ է թողել Վարչական դատարանի 2025թ․ հունվարի 16-ի վճիռը։

Վերաքննիչ դատարանը վերահաստատել է, որ հայցվող տեղեկատվությունը վերաբերում է բացառապես այն փաստին, թե ոստիկանության զորքերի քանի զինծառայող է զեկուցել ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, հրազենի կամ մարտական տեխնիկայի կիրառման մասին, ինչպես նաև՝ քանի և ինչ տեսակի հատուկ միջոցներ են գործադրվել։ Դատարանը ընդգծել է, որ այս տեղեկատվությունը որևէ կերպ չի առնչվում քրեական վարույթների շրջանակում ստացված կամ գաղտնի համարվող տվյալներին։

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ անգամ հարուցված քրեական վարույթի պայմաններում ՀՀ ներքին գործերի նախարարությունը շարունակում է մնալ տեղեկությունը տնօրինող մարմին և պարտավոր էր տրամադրել Հայցվոր կազմակերպության կողմից տեղեկատվությունը և սույն դեպքում խոսքը ոչ թե նախաքննության տվյալների հրապարակման մասին է, այլ այն տեղեկությունների տրամադրմանը, որը տնօրինում է ՆԳՆ-ն։

Վերաքննիչ դատարանը կարևորել է նաև, որ ոստիկանության զորքերի զինծառայողները պարտավոր են վերադասության կարգով զեկուցել հատուկ միջոցների (բացառությամբ որոշ դեպքերի), հրազենի և մարտական տեխնիկայի կիրառման յուրաքանչյուր դեպքի մասին, ինչը նշանակում է, որ այդ տվյալները համակարգված կերպով առկա են ՆԳՆ-ում։

Դատարանը իրավաչափ է համարել Վարչական դատարանի այն եզրահանգումը, ըստ որի՝ ՆԳՆ-ն պարտավոր է ապահովել տեղեկատվության ազատության իրավունքը՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի և օրենքով սահմանված ժամկետներում տրամադրել պահանջված տեղեկությունները։ Հակառակ դեպքում կխախտվի հայցվոր կազմակերպության տեղեկատվություն ստանալու իրավունքը, ինչը անթույլատրելի է։

ԻՊԱՍ-ը անհրաժեշտ է համարում փաստել, որ 2024թ. հունիսի 12-ին ՀՀ ոստիկանության զորքերի կողմից կիրառված հատուկ միջոցների մասին տեղեկատվությունը չհրապարակելը և իրավապաշտպան հասարակական կազմակերպության հարցումը մերժելը տեղեկատվության ազատության իրավունքի լրջագույն հետընթաց է, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության հանրային հաշվետվողականության խաթարում, քանի որ նախորդ տարիներին (2016թ., 2018թ.) ՀՀ ոստիկանության զորքերի կողմից խաղաղ հավաքների ժամանակ կիրառված հատուկ միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը, այդ թվում՝ կիրառված հատուկ միջոցի քանակի, տեսակի և այն գործադրած և զեկուցագիր ներկայացրած ոստիկանների թվի վերաբերյալ տրամադրվել է ՀՀ ոստիկանության կողմից նույնիսկ քրեական վարույթ հարուցված լինելու պայմաններում։ 

Լուսանկարը՝ ՀԵՏՔ-ի

INTERESTING POSTS

Հայտարարություն

Դավիթ Մինասյանի կալանավորման անթույլատրելիության վերաբերյալ Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, խստորեն