
Ներկայացվեցին ՀՀ զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի դեպքերի դատական պրակտիկայի ուսումնասիրության արդյունքները
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ն մարտի 31-ին Երևանում կազմակերպեց
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ն մարտի 31-ին Երևանում կազմակերպեց քննարկում՝ նվիրված ՀՀ զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի դեպքերի դատական պրակտիկայի ուսումնասիրության արդյունքների ներկայացմանը։
ԻՊԱՍ նախագահ Արաքս Մելքոնյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, բռնության դեպքերի կանխարգելման և արդյունավետ քննության ու արդար դատաքննության ապահովման կարևորությունը: «Հաշվի առնելով վատ վերաբերմունքից զերծ լինելու իրավունքի բացարձակ բնույթը՝ պետությունը պարտավորություն է կրում ապահովելու իր անմիջական վերահսկողության ներքո գտնվող զինծառայողների արժանապատվության և մարդու իրավունքների պաշտպանությունը»- ընդգծեց Արաքս Մելքոնյանը։
Ուսումնասիրության հիմնական արդյունքները ներկայացրեցին կազմակերպության իրավական հարցերով փորձագետներ Աննա Մելիքյանը և Հասմիկ Հարությունյանը։
Մասնավորապես, ուսումնասիրության շրջանակներում վերլուծվել են 51 դատական գործեր 81 մեղադրյալի ներգրավմամբ, որոնցով մեղսագրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 519-524-րդ հոդվածների /նախկին Քրեական օրենսգրքի 358, 358․1, 359-360, 360․1-360․2-ի/ հոդվածներով նախատեսված արարքները։
ՀՀ զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ ուսումնասիրված դատական գործերի վերլուծությունը ցույց է տալիս մի շարք համակարգային խնդիրներ։ Մասնավորապես, գործերի համեմատական ուսումնասիրությունը փաստում է, որ զինծառայողների միջև վեճերի և բռնության հիմնական պատճառներն են՝ բանավոր վիրավորանքներն ու հայհոյանքները, ծառայողական պարտականությունների կատարման շուրջ առաջացած խնդիրները, կենցաղային մանր խնդիրները, վերադաս-ենթակա հարաբերությունների խախտումները, դաժան վերաբերմունքն ու հոգեբանական ճնշումները:
Միաժամանակ, որոշ դեպքերում հստակ չէ կարգապահական և քրեական պատասխանատվության սահմանագիծը, հատկապես այն դեպքերում, երբ արարքը չի հանգեցրել առողջության վնասի կամ որևէ այլ հետևանքի։
Դիտարկված ոչ մի գործով արդարացման դատավճիռ չի կայացվել։ Պատճառներից մեկն այն է, որ մեղադրյալները հիմնականում միջնորդել են արագացված կամ համաձայնեցված վարույթով գործի քննություն անցկացնել, որը ենթադրում է մեղքի ընդունում, իսկ գործերից մի մասն ավարտվել է հաշտություն կնքելով։ Սա սահմանափակում է գործի հանգամանքների լիարժեք բացահայտումը դատարանի կողմից, չի ապահովում տուժողների կարծիքի պատշաճ հաշվառումը և կարող է խաթարել արդարադատության նպատակն ու պատժի կանխարգելիչ ազդեցությունը։
Միաժամանակ, հանցագործության մեջ մեղավոր ճանաչված մեղադրյալների նկատմամբ դատարանը հիմնականում նշանակել է ազատազրկման ձևով պատիժ, որը փոխարինվել է փորձաշրջանով։ Դիտարկված գործերով նշանակված պատիժը տատանվել է 15 օր կալանքից մինչև 8 տարի ազատազրկում, իսկ նշանակված փորձաշրջանը՝ մեկից չորս տարի։ Ռեալ ազատազրկման ձևով պատիճ նշանակվել է միայն ինքնասպանության հասցնելու համար դատապարտված անձանց նկատմամբ:
Ելույթներով հանդես եկան ՀՀ գլխավոր դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Դավիթ Նավասարդյանը, ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Սևադա Սահակյանը, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ Ալբերտ Դանիելյանը։
Քննարկման ընթացքում մասնակիցները՝ պետական մարմինների, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ և այլ շահագրգիռ կողմեր, ներկայացրեցին իրենց դիտարկումները և առաջարկությունները զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի դեպքերի քննության և դատական գործընթացների արդյունավետության բարձրացման վերաբերյալ։
Քննարկումն իրականացվել է Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (EED) աջակցությամբ։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ն մարտի 31-ին Երևանում կազմակերպեց

11.03.2026թ․ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարկվել են «Հայաստանի

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ծրագրերի համակարգող Աննա Մելիքյանը մասնակցել

Արցախից բռնի տեղահանված հայերի նկատմամբ ատելության և անհանդուրժողականության մթնոլորտի վերաբերյալ