Երևանում կայացավ «Ուղիներ դեպի արդարադատություն․ դատաիրավական բարեփոխումների շուրջ տարածաշրջանային երկխոսություն․ Հայաստան, Վրաստան, Մոլդովա» խորագրով համաժողովը
Մարտի 17-ին Երևանում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախաձեռնությամբ անցկացվեց «Ուղիներ դեպի արդարադատություն․ դատաիրավական բարեփոխումների շուրջ տարածաշրջանային երկխոսություն․ Հայաստան, Վրաստան, Մոլդովա» խորագրով համաժողովը։
Համաժողովի նպատակն էր խթանել տարածաշրջանային երկխոսությունը դատական բարեփոխումների շուրջ, դատավորների կարգապահական պատասխանատվության, բարեվարքության և ողջամիտ ժամկետներում գործի քննության խնդիրները, ինչպես նաև առկա մարտահրավերներն ու հնարավոր լուծումները։
Ողջույնի խոսքում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը ընդգծեց տարածաշրջանային փորձի փոխանակման կարևորությունը դատական համակարգերի բարեփոխման գործընթացում։
Համաժողովի առաջին քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրին դատական համակարգում բարեվարքության ապահովման փորձը Մոլդովայում, Վրաստանում և Հայաստանում։ Մոլդովայի իրավական ռեսուրսների կենտրոնի գործադիր տնօրեն Իլիե Քիրտոական անդրադարձավ վեթինգի` որպես արտաքին գնահատման գործիքի կիրառմանը և դրա ազդեցությանը դատական համակարգի վրա։
«Վերջին երեք տարվա տվյալներով գնահատման ենթարկված անձանց ավելի քան 60 տոկոսը լքել է համակարգը՝ կամ չանցնելով գնահատումը, կամ հրաժարական տալով մինչև գործընթացի ավարտը, ինչը վկայում է դատական համակարգում առկա խնդիրների մասին։ Միևնույն ժամանակ գործընթացը հանգեցրել է նաև դատավորների զգալի պակասի, ինչը որոշ դատարաններում ստեղծել է գործերի կուտակման և դատավարությունների երկարացման խնդիրներ»,- ընդծեց Քիրտոական։
Ներկայացնելով Հայաստանի փորձը՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը անդրադարձավ բարեվարքության ստուգման և կարգապահական վարույթների կիրառման պրակտիկային՝ որպես վեթինգի հնարավոր այլընտրանքի։
«Չնայած 2018թ․ հետո ստեղծվեցին լայն հնարավորություններ դատական համակարգի բարեփոխման համար, սակայն այն մնաց օրենսդրության մակարդակում, և Հայաստանը ի վիճակի չեղավ ապահովելու այն գործնականում և պաշտպանելու դատական համակարգը քաղաքական ազդեցությունից», – ընդգծեց Հարությունյանը։
Վրաստանի փորձը առցանց ներկայացրեց պրոֆեսոր Լաշա Տուղուշին՝ խոսելով դատավորների նշանակման պրակտիկայի և բարեվարքության ապահովման մեխանիզմների մասին։
Համաժողովի երկրորդ հատվածում քննարկվեց դատական կարգապահության՝ որպես դատական համակարգի բարեվարքության և հաշվետվողականության ապահովման կարևոր գործիքի թեման։ Մասնակիցները ներկայացրին դատավորների կարգապահական պատասխանատվության օրենսդրական կարգավորումները և դրանց կիրառման պրակտիկան։
Երրորդ քննարկումը նվիրված էր ուշացած արդարադատության խնդրին՝ որպես համակարգային մարտահրավերի և մարդու իրավունքների պաշտպանության հարցի։
Մոլդովայի իրավական ռեսուրսների կենտրոնի (CRJM) ծրագրի տնօրեն և ավագ իրավական փորձագետ Կարոլինա Բագրինն իր ելույթում նշեց, որ Մոլդովայում դատական վարույթների ձգձգման հիմնական պատճառներից մեկը դատավորների պակասն է։
«Հիմնական խնդիրներից են արդարադատության համակարգի սահմանափակ ֆինանսավորումը՝ եվրոպական միջինից ցածր մակարդակով, ինչպես նաև բյուրոկրատական բարդ ընթացակարգերը, որոնք դանդաղեցնում են գործերի կառավարումն ու քննությունը»,- ընդգծեց Բագրինը։
Անդրադառնալով հայաստանյան փորձին՝ ԻՊԱՍ ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը նշեց, որ Հայաստանում գործերի քննության երկար ժամկետները շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ դատական համակարգի արդյունավետության համար։
«Գործի քննությունը ողջամիտ ժամկետում մարդու հիմնարար իրավունք է, ամրագրված ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, իսկ արդարադատության ուշացումը կարող է վտանգել արդար դատաքննության արդյունավետությունը և նվազեցնել դատարանների նկատմամբ հանրային վստահությունը»,- ընդգծեց Արաքս Մելքոնյանը։ Նրա գնահատմամբ՝ խնդիրն առավելապես պայմանավորված է դատարանների ծանրաբեռնվածությամբ, սահմանափակ մարդկային և նյութական ռեսուրսներով, ինչպես նաև այլ համակարգային օրենսդրական և պրակտիկ խնդիրների առկայությունը, որոնք լուծվում են դատական իշխանության կողմից՝ էականորեն մեծացնելով դատավորների ծանրաբեռնվածությունը։
Համաժողովին մասնակցում էին դատավորներ, փաստաբաններ, դատական իշխանության, ՄԻՊ աշխատակազմի, Արդարադատության նախարարություն, Հակակոռուպցիոն կոմիտեի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, դեսպանատների, միջազգային և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Համաժողովն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ «Մոլդովայի Իրավական ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ։



















Մարտի 17-ին Երևանում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախաձեռնությամբ անցկացվեց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն՝ գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, ՄԱԿ-ի

ԻՊԱՍ ծրագրերի համակարգող, իրավական փորձագետ Աննա Մելիքյանը մասնակցել է փետրվարի