Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Ադրբեջանում հանցագործությունները կատարվում են տոտալ անպատժելիության մթնոլորտում․ ՄԱԿ-ը հանդես է եկել խոշտանգումներին առնչվող զեկույցով

ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն 2024 թվականի մայիսի 10-ին հրապարակել է Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ներքո պարտավորությունների կատարման վերաբերյալ եզրափակիչ եզրահանգումները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները հայերի դեմ ադրբեջանական հանցագործությունների վերաբերյալ» թեմայով ասուլիսում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը հայտնեց, որ 2024 թվականի ապրիլի 22-ին իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը Ժնևում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի կողմից Ադրբեջանի Հանրապետության 5-րդ պարբերական զեկույցի դիտարկման շրջանակում ներկայացրել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց նկատմամբ կիրառված խոշտանգումների և բռնի անհետացումների դեպքերը։

Ավելի վաղ, 2024թ. մարտի 18-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն  իրավապաշտպան գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին՝ Ադրբեջանի Հանրապետության 5-րդ պարբերական զեկույցի դիտարկմանն ընդառաջ ներկայացրել էր նաև այլընտրանքային զեկույց: Կազմակերպությունները նշել են, որ չորրորդ պարբերական դիտարկումից ի վեր Ադրբեջանը չի կատարել Կոմիտեի հանձնարարականները՝ ապահովելու խոշտանգումների և անպատժելիության պրակտիկայի շարունակական խնդրի նկատմամբ զրոյական հանդուրժողականության մոտեցումը։

«Մեր զեկույցում ներկայացվել են շեշտադրումներ դեռևս 2016, 2020, 2021, 2022 թվականների պատերազմական  հանցագործությունների վերաբերյալ, որոնք գործել է ադրբեջանական կողմը, և որոնք կատարվել են ատելության խոսքի հիման վրա։ Հատուկ ընդգծվել է նաև պետական մակարդակով իրականացվող հայատյացության քաղաքականության մասին, ինչի պատճառով գրանցվել են ահասարսուռ հանցագործություններ։ Ադրբեջանը դարձել է սանձարձակ հիմնականում անպատժելիության պատճառով։ Զեկույցում անդրադարձել էինք նաև Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը, դրա հետևանքներին, տեղի հայ բնակիչների իրավունքների համատարած խախտումներին, նրանց նկատմամբ դրսևորված անմարդկային վերաբերմունքի դրվագներին»,- ասաց Մելքոնյանը։

Նրա տեղեկացմամբ՝ Ադրբեջանի վերաբերյալ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրափակիչ եզրահանգումներում կան կարևոր շեշտադրումներ հենց Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում էթնիկ և ազգային պատկանելությամբ հայերի նկատմամբ տեղի ունեցած հանցագործությունների վերաբերյալ։  Նշվել է արտադատական սպանությունների հանգամանքի, խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի տարբեր դրսևորումների մասին, որոնք կարմիր թելով անցել են մասնագիտացված կազմակերպությունների կողմից ներկայացված բոլոր զեկույցներում։

«ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն փաստել է հանցագործություն կատարողների կողմից պատասխանատվության ենթարկվելու վախի իսպառ բացակայությունը և, հղում կատարելով տեսագրություններին, արձանագրել է այնպիսի սահմռկեցուցիչ հանցագործություններ, ինչպիսիք են, օրինակ, ողջ մարդկանց գլխատումները, դիակապտությունները, ռազմագերիների նկատմամբ բռնությունների տարբեր դրսևորումները։ Հանցագործներից շատերին մենք արդեն իդենտիֆիկացրել ենք այդ տեսանյութերից, սակայն Ադրբեջանում տակավին գործում է տոտալ անպատժելիության մթնոլորտը, ինչը հաստատել է նաև ՄԱԿ-ի վերոհիշյալ կոմիտեն»,- հայտնեց Մելքոնյանը։   

Աղբյուրը՝

Մանվել Մարգարյան

https://armenpress.am/arm/news/1137217.html

INTERESTING POSTS