ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամի թեկնածուի առաջադրման անթույլատրելիության վերաբերյալ
ՀՀ Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը որպես Բարձրագույն դատական խորհրդի
Սեպտեմբերի 19-ին Արցախում ադրբեջանական ագրեսիայից հետո, պաշտոնական տվյալներով, Հայաստանի Հանրապետություն է բռնի տեղահանվել ԼՂ ավելի քան 100 000 բնակիչ։
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական փորձագետ Աննա Մելիքյանը, ավելի վաղ անդրադառնալով ԼՂ-ից ՀՀ տեղափոխված անձանց փախստականի կարգավիճակ տալու հարցին, նշել էր, որ Արցախի հայերն ունեն ՀՀ անձնագրեր, և չեն կարող կոչվել փասխստական բառի դասական իմաստով։
«Փախստական լինելու համար կարևոր տարրերից է ոչ միայն հետապնդման հետևանքով այլ երկրի տարածքում հայտնվելը, այլ նաև ոչ քո քաղաքացիության երկրում հայտնվելը։ Սակայն, կա մեկ այլընտրանքային եզրույթ, որը հաճախ է օգտագործվում միջազգային իրավունքում, փախստականանման կարգավիճակ․ այս անձինք փաստացի համապատասխանում են փասխստականի կարգավիճակի բոլոր բնութագրերին, բացակայում է միայն քաղաքացիության տարրը։ Ուստիև պետք է օգտվեն համապատասխան աջակցությունից և պաշտպանությունից», – ասել է Մելիքյանը։
ԻՊԱՍ-ն ամփոփել է ԼՂ-ից ՀՀ տեղափոխված հայերի իրավունքները, միջազգային հանրության պարտավարությունները և փոխհատուցման մեխանիզմները։
Փախստականների իրավունքները ՀՀ-ում
Փախստականների հիմնական իրավունքներն ամրագրող ու պաշտպանող կոնվենցիան ընդունվել է 1951 թվականին Միավորված ազգերի կազմակերպության կողմից, որը Հայաստանի Հանրապետության (ՀՀ) համար ուժի մեջ է մտել 1993թ․։
Կոնվենցիան սահմանում է, որ փախստական է համարվուն այն անձը, որը ռասայի, կրոնի, քաղաքացիության, որոշակի սոցիալական խմբի կամ քաղաքական կարծիքի հարելու պատճառով, հետապնդվելու հիմնավորված երկյուղի հետևանքով գտնվում է իր քաղաքացիության երկրից դուրս և անկարող է կամ, նման երկյուղի պատճառով, չի ցանկանում օգտվել այդ երկրի պաշտպանությունից, կամ նա, ով, չունենալով քաղաքացիություն և նման իրադարձությունների հետևանքով գտնվելով իր նախկին մշտական բնակության երկրից դուրս, անկարող է կամ, նման երկյուղի պատճառով, չի ցանկանում վերադառնալ այնտեղ։
Կոնվենցիան նաև սահմանում է, որ այն դեպքում, երբ անձն ունի մեկից ավելի քաղաքացիություն, «իր քաղաքացիության երկիր» արտահայտությունը նշանակում է այդ երկրներից յուրաքանչյուրը, որի քաղաքացին է նա, և այդ անձը չի համարվում իր քաղաքացիության երկրի պաշտպանությունը կորցրած, եթե, առանց հիմնավորված երկյուղի որևէ հիմնավոր պատճառի, չի ընդունել այն երկրներից մեկի պաշտպանությունը, որի քաղաքացին է ինքը։
«Փախստականի և ապաստանի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ փախստական է համարվում Կոնվենցիայի չափանիշներին համապատասխանող օտարերկացին կամ քաղաքացիություն չունեցող անձը։
Օրենքի իմաստով՝ փախստական է նաև այն օտարերկրյա քաղաքացին, որը ստիպված է լքել իր քաղաքացիության երկիրը, իսկ քաղաքացիություն չունեցող անձը` իր նախկին մշտական բնակության երկիրը` համատարած բռնության, արտաքին հարձակման, ներքին հակամարտությունների, մարդու իրավունքների զանգվածային խախտումների կամ հասարակական կարգը խախտող այլ լուրջ իրադարձությունների պատճառով:
Ահա փախստականների հիմնարար իրավունքները՝ պետության տարածքում օրինական բնակվելու, կացարանի, տեղաշարժի և բնակության վայրի ընտրության ազատության, կրթություն ստանալու, վարձատրվող աշխատանքի, ձեռնարկատիրությամբ զբաղվելու, բժշկական օգնության, սոցիալական աջակցություն ստանալու, վարչական օժանդակության, սեփականության, կամավոր վերադարձի, ընտանիքի վերամիավորման, կարգավիճակը հաստատող փաստաթղթեր ստանալու, խտրական վերաբերմունքի չենթարկվելու, րվերադարձելիության սկզբունքի ապահովման, իրավական աջակցության հասանելիություն, ապաստան ստանալու, դատարան դիմելու և հանրային պաշտպանի կողմից անվճար իրավաբանական օգնություն ստանալու, ՄԱԿ ՓԳՀ-ին դիմելու իրավունք։
Միջազգային հանրության պարտավորությունները փախստականների նկատմամբ
Միջազգային հանրությունը պարտավորություն ունի նախ ապահովելու փախստականի պաշտպանությունը հետապնդումից և բռնությունից։ Ահա ևս մի քանի պարատավորություն․
Ապաստանի հասանելիություն․ Երկրները պետք է ապահովեն փախստականներին ապաստանի ընթացակարգերի հասանելիություն՝ արդար և ժամանակին գնահատելով նրանց կարգավիճակի վերաբերյալ հարցերը։
Վերաբնակեցում․ Միջազգային հանրությունը իրենց հայրենիք վերադառնալու հնարավորություն չունեցող կամ ընդունող երկրում կայուն լուծում չգտնող փախստականներին պարտավոր է վերաբնակեցման հնարավորություն տալ՝ հատկապես բարեկեցիկ երկրներում։
Մարդասիրական օգնություն․ Միջազգային հանրությունը պետք է մարդասիրական օգնություն տրամադրի փախստականներին՝ բավարարելու նրանց հիմնական կարիքները, այդ թվում՝ ապաստան, սնունդ, ջուր, առողջապահություն և կրթություն:
Աջակցություն ընդունող երկրին․ Մեծ թվով փախստականներ ընդունող երկրները հաճախ բախվում են զգալի տնտեսական և սոցիալական մարտահրավերների: Միջազգային հանրությունը պետք է ֆինանսական և նյութատեխնիկական աջակցություն տրամադրի այդ ընդունող երկրներին։
Երկարատև լուծումների խթանում․ Միջազգային հանրությունը պետք է աշխատի փախստականների համար երկարատև լուծումներ գտնելու ուղղությամբ, որոնք կարող են ներառել կամավոր հայրենադարձություն, երբ նրանց հայրենի երկրում պայմաններն ապահով են, տեղական ինտեգրում ընդունող երկրում կամ վերաբնակեցում երրորդ երկիր:
Պայքար արմատական պատճառների դեմ. պետք է ջանքեր գործադրվեն հարկադիր տեղահանման հիմնական պատճառները լուծելու համար, ինչպիսիք են հակամարտությունները, հալածանքները և մարդու իրավունքների խախտումները:
Փոխհատուցում փախստականներին
Փախստականներին հասանելիք հատուցումների տեսակն ու ծավալը կարող է տարբեր լինել՝ կախված կոնկրետ հանգամանքներից, երկրից, որտեղ նրանք գտնվում են և գործող օրենսդրական դաշտից: Ահա հատուցումների մի քանի ընդհանուր ձևեր․
Փախստականները, որոնց ունեցվածքը կամ հողը բռնագրավվել կամ ավերվել է իրենց հայրենի երկրում, կարող են փոխհատուցման իրավունք ունենալ․ սա ներառում է նրանց ունեցվածքը վերադարձնելու կամ կորստի փոխհատուցման տրամադրումը:
Փախստականները, որոնք ֆիզիկական կամ հոգեբանական վնասներ են կրել հալածանքի կամ հակամարտության հետևանքով, կարող են պահանջել ֆինանսական փոխհատուցում բժշկական ծախսերի, եկամտի կորստի կամ ցավի ու տառապանքի համար:
Վերականգնում. Խոշտանգումների, բռնության կամ այլ տեսակի վնասների զոհ դարձած փախստականները կարող են ստանալ վերականգնողական ծառայություններ, ինչպիսիք են բժշկական և հոգեբանական օգնությունը։
Իրավաբանական օգնություն. փախստականները կարող են պահանջել իրավական օգնություն՝ արդարադատություն իրականացնելու և փոխհատուցում ստանալու համար՝ իրենց իրավունքների խախտումների համար: Իրավաբանական օգնություն տրամադրող կազմակերպությունները կարող են աջակցություն ցուցաբերել իրավական պաշտպանության միջոցներ փնտրելու հարցում ներքին կամ միջազգային իրավական մեխանիզմների միջոցով:
Փոխհատուցման ծրագրեր. որոշ երկրներ և միջազգային կազմակերպություններ ստեղծել են հատուկ հատուցման ծրագրեր փախստականների և հակամարտությունների կամ հալածանքների զոհերի համար: Այս ծրագրերը կարող են տրամադրել ֆինանսական աջակցություն, առողջապահություն, կրթություն և մասնագիտական ուսուցում՝ օգնելու փախստականներին վերականգնել իրենց կյանքը:
Արդարադատության հասանելիություն. Արդարադատության հասանելիությունը հիմնարար իրավունք է, և փախստականները պետք է մուտք ունենան իրավական մեխանիզմներ՝ փոխհատուցում փնտրելու և պատասխանատվության ենթարկելու նրանց, ովքեր պատասխանատու են իրենց տառապանքների համար:
Վերաինտեգրման աջակցություն. Հակամարտությունների և տեղահանումների համատեքստում վերաինտեգրման աջակցությունը կարող է ներառել աջակցություն ընդունող երկրում բնակարան գնելու, աշխատանք գտնելու և կրթություն ստանալու հարցում։
Ընտանիքի վերամիավորում. հակամարտությունների կամ տեղահանման պատճառով բաժանված ընտանիքները վերամիավորելու ջանքերը հատուցման ձև են: Սա կարող է ենթադրել հեշտացնել ընտանիքի անդամների վերամիավորումը, ովքեր փախստական են տարբեր երկրներում:
Ճշմարտության և հաշտեցման հանձնաժողովներ. Որոշ դեպքերում փախստականները կարող են օգուտ քաղել ճշմարտության և հաշտեցման գործընթացներից, որոնք նպատակ ունեն անդրադառնալ անցյալի անարդարություններին, հարթակ տրամադրել զոհերին՝ ներկայացնելու իրենց փորձը և նպաստելու հաշտեցմանը:
ՀՀ Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը որպես Բարձրագույն դատական խորհրդի
Ներքին գործերի նախարարության կողմից մշակվել էին ««Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը մեկնարկում է եռօրյա դասընթացների
2024թ. հոկտեմբերի 15-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի է ունեցելԵՄ-Հայաստան քաղաքացիական