Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Կարծիք․Հարկային մարմինների վարչարարությունն իրականացնել անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի իրացմամբ

03.05.2023 թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացվել «Հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ նաև Նախագիծ)։

Կարևորելով պետության հարկային վարչարարություն արդյունավետ իրականացման ապահովման հարցում հարկային մարմնի՝ բավարար գործիքակազմ ունենալու անհրաժեշտությունը, ներքոստորագրյալ կազմակերպություններով հեղինակի ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ, լայնացնելով նշված գործիքակազմը, Նախագիծը միևնույն ժամանակ պետք է նախատեսի նաև օրենքի գործողության ոլորտում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով սահմանված անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի նկատմամբ միջամտության օրինականության ապահովման համար բավարար երաշխիքներ, որոնց սահմանումը բխում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից բազմաթիվ վճիռներով արտահայտած դիրքորոշումներից։ Այսպես․

  1. Նախագծով հարկային մարմնի ներկայացուցիչներին թեմատիկ ստուգումներ իրականացնելիս տրվում է շարժական տեսանկարահանող տեխնիկական միջոցներ օգտագործվելու իրավասություն, ընդ որում` ինչպես գաղտնի, այնպես էլ ոչ գաղտնի եղանակով՝ երկու դեպքում էլ առանց դատարանի թույլտվության (Նախագծի հոդված 11, որով Հարկային օրենսգիրքը լրացվում է 352.1 հոդվածով)։
  2. Նմանապես, Նախագծի կարգավորումներով սահմանվում է հարկային հսկողությանն առնչվող իրերի և փաստաթղթերի առգրավում իրականացնելու հնարավորություն՝  հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի պատճառաբանված որոշման հիման վրա, առանց դատարանի թույլտվության։ Ընդ որում՝ առգրավում իրականացնելիս հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձն իրավունք ունի հարկադրաբար բացելու փակ տարածքները, շինություններն, պահեստարանները ու այլ վայրերը, եթե  հարկ վճարողի համապատասխան պաշտոնատար անձը կամ այն անձը, ում մոտ իրականացվում է առգրավումը, հրաժարվում է կամովին բացել դրանք (Նախագծի 12 հոդված, որով փոփոխվում է Հարկային օրենսգրքի 353-րդ հոդվածը)։

Նշված կարգավորումները հարկային մարմնին տալիս են խիստ հայեցողական լիազորություն` տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառելու Կոնվենցիայի 8-րդ հոդվածով նախատեսված իրավունքներին այնպիսի խիստ միջամտող գործողություններ, ինչպիսիք են գաղտնի տեսանկարահանումն ու հարկադրաբար շինություններ մուտք գործելով իրերի առգրավումը՝ միևնույն ժամանակ չնախատեսելով նշված միջամտության օրինականության ապահովման և չարաշահումներից խուսափելու համար անհրաժեշտ այնպիսի դատավարական երաշխիքներ, ինչպիսին  անկախ, հատկապես դատական մարմնի կողմից նախնական վերահսկողությունն է։

Այս համատեքստում անհրաժեշտ է նշել, որ հարկային ստուգման շրջանակում գաղտնի տեսանկարահանման իրականացումը բովանդակային առումով և միջամտության աստիճանով նույնական է ներքին դիտում օպերատիվ-հետախուզական (գաղտնի քննչական) գործողության հետ, որն իրականացվում է դատարանի նախնական թույլտվությամբ (նույնիսկ եթե համարենք, որ առաջին դեպքում գաղտնի տեսանկարահանման նպատակը միայն ապացույցի ամրագրումն է, իսկ երկրորդ դեպքում նաև իրավախախտման բացահայտումը)։ Ինչ վերաբերում է տնտեսվարող սուբյեկտի կամքին հակառակ շինություններ մուտք գործելուն ու իրերի առգրավմանը՝ այն բովանդակային առումով նույնական է քրեական դատավարության շրջանակում իրականացվող առգրավում քննչական գործողությանը, որը թեև իրականացվում է ոչ գաղտնի, այնուամենայնիվ անձնական կյանքի իրավունքին միջամտության բարձր աստիճանի հաշվառմամբ նույնպես իրականացվում է բացառապես դատարանի թույլտվությամբ։

Նկատի ունենալով նշվածը՝ գտնում ենք, որ տարբեր տեսակի վարույթների շրջանակում մարդու անձնական կյանքի նկատմամբ բովանդակային առումով համանման միջամտություններ նախատեսելիս պետությունը չի կարող սահմանել չարաշահումների դեմ տարբեր դատավարական երաշխիքներ, իսկ ավելի ստույգ՝ մի դեպքում նախատեսել դրանք, իսկ մյուս դեպքում՝ ոչ։ Միաժամանակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմաթիվ վճիռներով անդրադառնալով գաղտնի միջամտության միջոցների կիրառման համաչափությանն ու օրինականության նախապայմաններին՝ առանցքային նշանակություն է տվել բավարար դատավարական երաշխիքներ սահմանելու անհրաժեշտությանը՝ ընդգծելով հատկապես դատարանի կողմից վերահսկողության կառուցակարգի կիրառման անհրաժեշտությունը[1]

Հարկ ենք համարում նախագծի հեղինակի ուշադրությունը հրավիրել նաև հետևյալ հանգամանքի վրա. բացառված չէ, որ առանց դատարանի թույլտվության, անձի կամքին հակառակ շինություններ մուտք գործելով առգրավում իրականացնելու արդյունքում ձեռքբերված իրերն ու փաստաթղթերը, ինչպես և վարչական վարույթի այլ նյութեր, հետագայում որպես ապացույցներ կարող են օգտագործվել քրեական վարույթների շրջանակում։ Այս պարագայում անկասկած առաջանալու են քննարկվող ընթացակարգի արդյունքում առգրավված նյութերը քրեական դատավարության շրջանակում որպես ապացույց օգտագործելու թույլատրելիության հարցեր։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք․

վերանայել Նախագծի՝ ստուգումների գաղտնի տեսանկարահանման և շինություններ մուտք գործելով իրերի և փաստաթղթերի առգրավում իրականացնելու հնարավորություն սահմանող դրույթները՝ նշված գործողությունների համար նախատեսելով նախնական դատական թույլտվության ստացման կառուցակարգ։

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

«Իրավունքների պաշտպանությաւն առանց սահմանների» ՀԿ

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

[1] Տե’ս Klass and others v. Germany, no. 5029/71, §§ 55-56; Roman Zakharov v. Russia, no. 47143/06, § 233։ Տե’ս այս և այլ գործերին անդրադարձող «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների վերլուծություն. մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի իրավունք. Հայաստան» հետազոտությունը, https://ldpf.am/uploads/files/d70768ed98487c0018d16b3639493d04.pdf։

INTERESTING POSTS

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2024թ. անցկացված բաց մրցույթի դիտարկման արդյունքները․Զեկույց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2024 թվականին իրականացվել