Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Կալանավորվածների թիվը գերազանցում է դատապարտյալների թվին, սա մտահոգիչ է․ ԻՊԱՍ իրավաբան

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան Անահիտ Մկրտչյանը մասնակցել է  «Կալանքը՝ որպես խափանման «նախընտրելի» միջոց. ո՞րն է պատճառը»  խորագրով քննարկմանը։ 

Մկրտչյանը, անդրադառնալով կալանքի կիրառման հնարավոր տարբերակված դեպքերին նշել է, որ կարևոր է հաշվի առնել այն, որ դրանք տեղի են ունեցել քրեական դատավարության տարբեր օրենսգրքերի գործողության ժամանակահատվածում, ինչն էլ կարող էր անդրադառնալ կոնկրետ գործերով կալանքի կիրառման վրա։ Օրինակ, եթե նախկին օրենսգիրքն ամրագրում էր որոշակի հանգամանքների ոչ սպառիչ ցանկ (մեղադրյալի սեռ, տարիք, մշտական բնակության վայր և այլն), որոնք պետք է հաշվի առնվեին խափանման միջոցի տեսակն ընտրելիս, ապա նոր օրենսգիրքը շեշտը դնում է ոչ թե կոնկրետ հանգամանքների, այլ մեղադրյալի հնարավոր վարքագծի տեսանկյունից դրական և բացասական բոլոր գործոնների վրա։

Բացի այդ, կալանքի կիրառման համար պարտադիր պայման հանդիսացող «հանցագործություն կատարած լինելու ողջամիտ (հիմնավոր) կասկածն» արդեն տարածվում է խափանման բոլոր միջոցների վրա՝ գրավ, տնային կալանք և այլն։

Մկրտչյանն իր խոսքում կարևորել է այլընտրանքային խափանման միջոցների՝ այդ թվում՝ տնային կալանքի և վարչական հսկողության կիրառման հնարավորությունը, միաժամանակ նշելով, որ համապատասխան սարքավորումների սակավությունը կամ Էլեկտրոնային հսկողության ծառայությունների համար պրոբացիայի շահառուի ֆինանսական միջոցներ չունենալը չպետք է գործնականում խոչընդոտ հանդիսանան խափանման միջոցների այդ տեսակների կիրառման համար։

Նա նշել է նաև, որ կալանավորումների վիճակագրությունը մտահոգիչ է առնվազն վերջին  5 տարիների ընթացքում․ կալանավորված անձանց թիվը գերազանցում է դատապարտյալների թվին (օրինակ՝ 2023թ․-ի հունվարի 1-ի դրությամբ՝ 1256 կալանավոր, 1101 դատապարտյալ, 2022թ․-ին՝ 1217 կալանավոր, 911 դատապարտյալ և այլն)։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

INTERESTING POSTS