Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը երբեք չպետք է ստորադասվեն էներգետիկ շահերին. ՀՀ մի խումբ հասարակական կազմակերպությունների հայտարարությունը

2022 թ․ հուլիսի 18-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Բաքու կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ստորագրել է  մտադրությունների հռչակագիր, որի համաձայն՝ հինգ տարվա ընթացքում Հարավային գազային միջանցքով գազի մատակարարումները Ադրբեջանից կրկնակի կավելանան՝ մինչև 2027թ. ամեն տարի Եվրոպային մատակարարելով 20 մլրդ խորանարդ մետրից ոչ պակաս գազ: 

Այսպիսով՝ Եվրոպական միությունը գազի գործարք է ստորագրել ամբողջությամբ ավտորիտար ռեժիմով ագրեսոր պետության՝ Ադրբեջանի հետ, որն իր գործողություններով ոտնահարել է միջազգային մարդասիրական իրավունքները, և որի կողմից Լեռնային Ղարաբաղում (Արցախ) ընդամենը 2 տարի առաջ իրականացված պատերազմական հանցագործությունները, մարդու իրավունքների շարունակական հանցավոր խախտումները, հայատյաց ռասիստական քաղաքականությունը ու դրանց հետևանքները պատշաճ ուշադրության չեն արժանացել, չեն դատապարտվել և պատասխանատվության չեն ենթարկվել: 

Իլհամ Ալիևի հետ կնքած գազային այս գործարքով շարունակվում է այն արատավոր մոտեցումը, որ կոռումպացված բռնապետն ու ագրեսորը կարող է «լավ գործընկեր» լինել ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքների հիման վրա գործող միջազգային կառույցի համար։ 

Մինչդեռ այս գործարքն, ըստ էության, ԵՄ-ի կողմից տարիներ շարունակ Ռուսաստանի հակամարդկային և հակաքաղաքակրթական ռեժիմի հետ էներգետիկ համագործակցության քաղաքականության վերարտադրումն է, ինչը քաջալերում էր պուտինյան ռեժիմին՝ շարունակելու ագրեսիան և պատերազմական հանցագործություններն Ուկրաինայի դեմ: Անհավատալի է և ծայրահեղ մտահոգիչ, որ Եվրոպական միության համար դեռևս պարզ չէ, որ անպատժելիության և ռեալ պոլիտիկի «սնուցման» գրեթե երկու տասնամյակն է դարձրել Պուտինի ռեժիմն այն, ինչ այն հանդիսանում է այսօր: Հակառակ դեպքում, ստացվում է, որ ժողովրդավարական Եվրոպան պատրաստ է զիջել իր արժեքները հանուն այսրոպեական տնտեսական բարեկեցությանը։  

Ակնհայտ է, որ ներկայիս էներգետիկ ճգնաժամի և համաշխարհային սովի ռիսկի իրավիճակում Եվրոպական միությունը և աշխարհը կարիք ունեն արագ լուծելու առաջացած էներգետիկ և սննդի դեֆիցիտի խնդիրը, և թե՛ Եվրոպական միությունը, թե՛ աշխարհն ունեն բավարար ռեսուրսներ նշված խնդիրները արժանապատվությամբ լուծելու համար։  

Այն պայքարը, որը ներկայումս մղում է Ուկրաինան՝ դիմագրավելով պուտինյան ռեժիմի ագրեսիային, և որը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենամեծ մարտահրավերն է միջազգային իրավունքին ու մարդկային քաղաքակրթությանը, արժանի է ավելի սկզբունքային, արդար, հեռանկարային, թեկուզ ավելի թանկ լուծումների։ 

Միայն այսպիսի մոտեցմամբ կարելի է դիմագրավել, կանխել և վերջ դնել բռնապետական պետությունների ապօրինի գործողություններին ու շանտաժի միջոցով միջազգային հարցեր լուծելու պրակտիկային: 

Եվրոպական միության և Իլհամ Ալիևի միջև գազային պայմանագիրն այն ուղերձը չէ, որ պետք է ստանան միջազգային հանրությունը, տարածաշրջանի պետություններն ու հասարակությունները Ուկրաինայի դեմ պուտինյան ռեժիմի կողմից սանձազերծած պատերազմի ժամանակահատվածում։ 

Մի կոռումպացված ագրեսոր բռնապետի պատժելու համար մեկ ուրիշին պարգևատրելը, անխուսափելիորեն խաթարում է միջազգային արդարադատությունը և խրախուսում անպատժելիությունն ու բիրտ ուժի կիրառումը՝ որպես արդյունավետ միջազգային պրակտիկայի միջոցներ: 

Արևմտյան ժողովրդավարությունները կարող են և պարտավոր են գտնել առկա մարտահրավերները հաղթահարելու այնպիսի լուծումներ, որոնք չեն ստորադասում մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, արդարադատությունն ու միջազգային մարդասիրական իրավունքը տնտեսական, էներգետիկ և գեոպոլիտիկ նպատակահարմարություններին: 

Հելսինկյան  քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն

ԲՀՀ-Հայաստան

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն

Հանրային լրագրության ակումբ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

Կանանց իրավունքների տուն ՀԿ

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա

Խաղաղության երկխոսություն

INTERESTING POSTS

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2024թ. անցկացված բաց մրցույթի դիտարկման արդյունքները․Զեկույց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2024 թվականին իրականացվել