Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Անդրիաս Ղուկասյանն ազատ արձակվեց

Գրեթե երկու տարի ճաղերի հետևում անցկացրած ընդդիմադիր գործիչ, «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանն այսօր ազատ արձակվեց դատարանի դահլիճից:

Դատավոր Վարդան Գրիգորյանը բավարարեց նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը փոխելու փաստաբանների միջնորդությունը: Ղուկասյանի աջակիցներն այդ որոշումն ընդունեցին ծափողջույններով:

Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է Սարի թաղի դեպքերի գործով: Ըստ այդմ՝ 2016 թվականի հուլիսի 29-ին նա կազմակերպել է զանգվածային անկարգություններ, փորձել է միանալ Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը զավթած «Սասնա ծռերին»։

Նկատենք, որ գործով տուժող է ճանաչվել 56 հոգի, որոնցից 50-ը, ըստ պաշտպանական կողմի, ոստիկաններ են:

Ընդդիմադիր գործիչը մեղադրանքը չի ընդունում և պնդում է, որ իր նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է իրականացվում։

Անդրիաս Ղուկասյանը, ով այսօր ազատ արձակվեց երկրից չբացակայելու ստորագրությամբ, ասաց, թե առաջին բանը, որ կանի՝ կշփվի ընտանիքի հետ, կայցելի հոր գերեզմանին, որը մահացավ իր անազատության մեջ գտնվելու ընթացքում, ու կմիանա ժողովրդական շարժմանը:

Ղուկասյանի կարծիքով, եթե չլիներ հանրային ճնշումը, գուցե ինքը շարունակեր մնալ ճաղերի հետևում․ – «Այս դատական որոշումը մեծապես պայմանավորված էր այստեղ մեր քաղաքացիների գտնվելով: Բոլորդ տեսաք դատախազության դիրքորոշումը․ իրենց տրամադրված չէին․․․ Եթե չլիներ հանրային աջակցությունը, բնականաբար, դա չէր լինի»:

Ապա Անդրիաս Ղուկասյանն ասաց․ – «Ես փորձելու եմ ամեն կերպ աջակցել այս շարժմանը և պիտանի լինել մեր երկրում սահմանադրական կարգը հաստատելուն: Հայաստանում փոխվել է իրավիճակը, փոխվել է մեր հանրությունը, որի հետ արդեն երբևիցե որևէ մեկը չի կարողանա խոսել վերևից ներքև»:

«Ազատության» հարցին, թե արդյոք կարծում է, որ Հայաստանում դատական համակարգը փոխվում է, ընդդիմադիր գործիչը պատասխանեց․ – «Անշուշտ: Որովհետև մենք ունենք հանրություն, որը պահանջում է երկրում սահմանադրական կարգ: Իսկ դա նշանակում է, որ արդարադատությունը անպայման պիտի վերականգնվի»:

Փաստաբաններ Կարեն Մեժլումյանն ու Ինեսսա Պետրոսյանը այս դատական գործի ընթացում մի քանի անգամ դիմել էին և՛ նախաքննական մարմնին, և՛ դատարան՝ խափանման միջոցը փոխելու միջնոդրությամբ, սակայն նրանց բոլոր միջնորդությունները մերժվել էին:

Նկատենք, որ այսօր էլ դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկեց միջնորդությանը, սակայն իրադարձություններն այլ կերպ զարգացան:

Մոտ մեկ ամիս առաջ տեղի էր ունեցել Անդրիաս Ղուկասյանի գործով Վճռաբեկ դատարանի նիստը, որտեղ որոշվել էր, որ Անդրիաս Ղուկասյանն անօրինական է կալանքի տակ եղել:

Հավելենք, որ նույն հարցով Անդրիաս Ղուկասյանի գանգատին քննության առաջնահերթություն է տվել նաև Եվրոպական դատարանը: Ընդդիմադիր գործի փաստաբանների փոխանցմամբ, դեռ անցած տարի փետրվարին 23-ին գրանցված դիմումում փաստեր են ներկայացրել, որ Ղուկասյանին կալանքի տակ են պահում առանց հիմքերի:

Այսօր դատարանում փաստաբանները հիմնավորեցին, որ հիմա երկրում քաղաքական իրավիճակ է փոխվել՝ հորդորելով դատավոր Վարդան Գրիգորյանին լինել առաջին դատավորը նոր իրավիճակում հայտված Հայաստանում, որ արդար որոշում կկայացնի:

«Պետք է այսպիսի իրողություն լիներ, որ վերջապես բոլորը հասկանային, որ չի կարելի անձանց իրենց քաղաքական հայացքների համար հետապնդել և դարձնել քաղբանտարկյալներ և անօրինական նրանց զրկել ազատությունից և ամեն ինչից: Բախտի բերմամբ երևի Ձեզ վիճակվեց այն իրողությունը այսօր կայացնելու համար, որ Հայաստանի Հանրապետությունուն այդ դահիճ իշխանություններից, դահիճ նախագահ կոչված և վարչապետից ձերբազատվելուց հետո առաջինը Դուք կլինեք, որ կալանքից կազատեք քաղաքական հայացքների համար հետապնդվողին», – ասաց Ինեսսա Պետրոսյանը:

Լեփ-լեցուն դահլիճում էին «Ժառանգություն» կուսակցությունից Արմեն Մարտիրոսյանը, այս գործով մեղադրյալներ՝ քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը, երաժիշտ Եղիշե Պետրոսյանը, Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին, որն ասաց, թե եկել է մշտադիտարկելու դատական գործընթացը․ – «Որպես Եվրոպական միության ներկայացուցիչ միայն կարող եմ կրկնել, որ մենք հստակ նպատակ ունենք աջակցելու Հայաստանին, որպեսզի այստեղ զարգանա արդար, անկախ դատական համակարգ: Մենք վստահ ենք, որ դա կարևոր է Հայաստանի համար, և մենք պատրաստ ենք աջակցելու Հայաստանին այդ ուղղությամբ»:

Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանն այսօր չափից դուրս հուզված էր, սակայն ասաց, որ ուժեղ է լինելու ու հետայսու էլ աջակցելու է ամուսնուն:

 

post

Jailed Oppositionist Freed

INTERESTING POSTS

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2024թ. անցկացված բաց մրցույթի դիտարկման արդյունքները․Զեկույց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2024 թվականին իրականացվել