Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Քաղաքացիական հասարակությունը պահանջում է դադարեցնել փաստաբանների գործունեությանը խոչընդոտելը

Քաղաքացիական հասարակությունը խիստ մտահոգված է «Սասնա Ծռերի» անդամների, «Ժիրայր Սեֆիլյանի եւ ընկերների», ինչպես նաեւ «Նորքի զինված խմբի» գործերով փաստաբանների մասնագիտական գործունեության խոչընդոտման, այդ թվում` բռնության գործադրման դեպքերով:

Իրավապահ մարմինները դատական համակարգի հետ համագործակցությամբ միջամտում են փաստաբանների գործունեությանը՝ այդպիսով սահմանափակելով ամբաստանյալի կարգավիճակ ունեցող անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության հնարավորությունը, ինչի արդյունքում խախտվում է անձանց արդար դատաքննության իրավունքը: Չնայած նրան, որ միջամտությունը փաստաբանի մասնագիտական գործունեությանը քրեորեն հետապնդելի արարք է, ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում դրա համար:

Նման խոչըդոտումը շարունակվում է տվյալ գործերով բոլոր նիստերի ժամանակ եւ դրսեւորվում է ինչպես պաշտպանյա լներին իրենց փաստաբաններից շատ մոտ հեռավորության վրա դաժան ծեծի ենթարկելով ու դատարանի նիստերի դահլիճում փաստաբանի եւ պաշտպանյալի միջեւ գրագրությունը խլելով, այնպես էլ ոստիկանության ծառայողների կողմից բռնության գործադրմամբ, դատական կարգադրիչների կողմից կամայական զննությամբ, դատավորների կողմից դատական սանկցիաների կամայական կիրառմամբ:

Առավել մտահոգիչ են փաստաբանների նկատմամբ ոստիկանության ծառայողների կողմից բռնության գործադրման դեպքերը: Մասնավորապես, հունիսի 28-ին ոստիկանության ծառայողները բռնություն են գործադրել փաստաբաններ Լուսինե Սահակյանի եւ Արա Զաքարյանի նկատմամբ՝ թույլ չտալով վերջիններիս գնալու ոստիկանական բաժանմունք՝ իրավաբանական օգնություն ցուցաբերելու դատարանի բակում հավաքված Սասնա Ծռերի համակիրներից մեկին, ով բերման էր ենթարկվել:

Դատական կարգադրիչներն անիրավաչափորեն եւ կամայականորեն պահանջում են զննության ենթարկել վերոնշյալ գործերով պաշտպանություն ստանձնած փաստաբաններին դատարանի դահլիճ մտնելուց առաջ, մինչդեռ նման զննություն նախկինում երբեւէ չի իրականացվել: Զննության ժամանակ փաստաբաններից պահանջում են հրապարակային դատարկել եւ ցուցադրել իրենց գրպանների եւ պայուսակների պարունակությունը: Չնայած նրան, որ Դատական դեպարտամենտն այս միջոցը համարում է Դատական օրենսգրքով սահմանված անձնական զննություն, փաստաբանական համայնքը գտնում է, որ սա անօրինական խուզարկություն է:

Բացի դրանից, զննությունը կատարվում է հնարավոր արգելված իրերի հայտնաբերման նպատակով, սակայն որեւէ իրավական ակտ չի սահմանում արգելված իրերի ցանկը կամ չի տալիս դրանց նկարագիրը: Սույն գործերով դատական նիստների ժամանակ փաստաբանների նկատմամբ կամայականորեն կիրառվում են դատական սանկցիաներ, որոնք թիրախավորում են դատարանի անկախության եւ անկողմնակալության վերաբերյալ քննադատություն հնչեցրած փաստաբաններին: Ընդ որում, դատական սանկցիայի կիրառման վերաբերյալ որոշման ընդունման ժամանակ դատավորը հնարավորություն չի տալիս փաստաբանին ներկայացնելու իր առարկությունները:

Դատական սանկցիաները նաեւ կիրառվում են փաստաբանների նկատմամբ, երբ վերջիններս հրաժարվում են զննության ենթարկվել դատարանի նիստերի դահլիճ մտնելուց առաջ կամ լքում են դատարանի նիստերի դահլիճն առանց դատավորի թույլտվության: Առաջինը, զննությունից հրաժարվող փաստաբաններին թույլ չեն տալիս մտնել դատարան, իսկ զնությունից հրաժարվելը որակվում է որպես կարգադրիչի օրինական պահանջին չենթարկվել, ինչի հիման վրա փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմում է ներկայացվում Փաստաբանական պալատ:

Երկրորդ, դատական սանկցիա է կիրառվում նաեւ այն փաստաբանների նկատմամբ, ովքեր լքում են դատական նիստերի դահլիճն առանց դատավորի թույլտվության: Մինչդեռ, տվյալ գործով փաստաբանները պնդում են, որ իրենց պաշտպանյալները չեն լիազորել իրենց ներկա գտնվելու դատական նիստին իրենց բացակայության ընթացքում, ուստի երբ նրանց պաշտպանյալները հեռացվում են դատարանի նիստերի դահլիճից, նրանք նույնպես լքում են դահլիճը՝ կատարելով պաշտպանյալի հանձնարարությունը:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մտագոհված են, որ առանձին փաստաբանների նկատմամբ դատական սանկցիաների կիրառման միջոցով դատավորները փորձում են նրանց փոխարինել այնպիսի հանրային պաշտպաններով, որոնք կհամագործակցեն իշխանության հետ եւ չեն ապահովի պատշաճ պաշտպանություն ամբաստանյալներին քաղաքական առումով նման զգայուն գործով:

Արդար դատաքննության իրավունքի եւ փաստաբանների ազատ արտահայտվելու իրավունքների իրացումն ուղղակիորեն փոխկապակցված է անձանց իրավաբանական օգնություն ստանալու սահմանադրական իրավունքի հետ. հետեւաբար, նման եղանակներով փաստաբանի գործունեության խոչընդոտումը խախտում է անձանց արդար դատաքննության իրավունքը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք.

-Ոստիկանությունից՝ Դադարեցնել ցանկացած տեսակի միջամտությունը փաստաբանների մասնագիտական գործունեությանը, ինչպես նաեւ հարուցել քրեական գործեր խոչըտնդոտման եւ բռնության գործադրման բոլոր դեպքերով:

-Դատական դեպարտամենտից՝ Դադարեցնել փաստաբանների կամայական եւ անօրինական խուզարկությունները, իսկ հանրային անվտանգության միջոցառումները կազմակերպել օրենքով սահմանված կարգով,

-Փաստաբանների պալատից՝ Ստանձնել փաստաբանների շահերի պաշտպանության առավել գործուն եւ անկախ դեր՝ մասնամասն քննելով կարգապահական պատասխանատվության վերաբերյալ ներկայացրած բոլոր դիմումների հիմանավորվածությունն ու իրավաչափությունը:

Բաց Հասարակության հիմնադրամներ-Հայաստան

«Բիոսոֆիա» ՀԿ

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն ՀԿ Երեւանի մամուլի ակումբ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Ժուռնալիստների

«Ասպարեզ» ակումբ

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Լրագրողներ Հանուն մարդու Իրավունքների

Իրազեկ քաղաքացիների միավորում

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Խորան Արդ ՀԿ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ

«Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» ՀԿ

Հասարակություն առանց բռնության ՀԿ

Իջեւանի քաղաքացիական-երիտասարդական կենտրոն Լոգոս Իրավապաշտպան ՀԿ Հելսինկյան Ասոցիացիա

«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հկ

«Տնտեսական իրավունքի կենտրոն»

Վանաձորի քաղաքացիական երիտասարդական կենտրոն

Արա Ղարագյոզյան,փաստաբան

Հրաչ Քոչարյան, փաստաբան

Տիգրան Հայրապետյան, փաստաբան

INTERESTING POSTS

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2024թ. անցկացված բաց մրցույթի դիտարկման արդյունքները․Զեկույց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2024 թվականին իրականացվել