Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.
Կազմակերպությունը

 

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2009 թվականին:
Կազմակերպության առաքելությունն է բարձրացնել Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետությունը,
իրավունքի գերակայության և լավ կառավարման սկզբունքների ամրապնդումը:

Կազմակերպությունը մասնագիտացված է մարդու իրավունքների, դատաիրավական, լավ կառավարման, ինչպես նաև անվտանգության ոլորտի բարեփոխումների իրականացման ծրագրերում, օժտված է մարդու իրավունքների մշտադիտարկման, փաստագրման, ոլորտային գնահատումների,
հետազոտությունների իրականացման, ինչպես նաև մարդու իրավունքների պրակտիկ պաշտպանության և ուսուցման կարողություններով ու փորձով:

Գործունեության 13 տարում Կազմակերպության կողմից իրականացվել են ավելի, քան 30 ծրագրեր, որոնք ներառել են մարդու իրավունքների և արդարադատության մոնիթորինգային, դատաիրավական և հանրային կառավարման ոլորտների բարեփոխումների և քաղաքականության
գնահատում և մշտադիտարկում, մարդու իրավունքների ոլորտային ուսուցման ծրագրեր:

Կազմակերպության կողմից իրականացվում են թեմատիկ հետազոտություններ, ներկայացվում են մասնագիտական դիտարկումներ ոլորտային օրենսդրության փոփոխությունների և նախագծերի վերաբերյալ, ինչպես նաև այլընտրանքային զեկույցներ միջազգային մարմիններին Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների, դատաիրավական և կառավարման ոլորտների վերաբերյալ, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների մարմիններին, Եվրոպայի Խորհրդի մարմիններին, Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպությանը և այլն:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն անվճար իրավական աջակցություն է տրամադրում տարեկան շուրջ 300 քաղաքացու Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում՝ մարդու իրավունքների խախտումների առնչությամբ վարչական, քրեական և քաղաքացիական ոլորտներում: Կազմակերպության փաստաբանների կողմից իրականացվում է ներկայացուցչություն ինչպես ներպետական, այնպես էլ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ատյաններում:

Կազմակերպության կողմից 2009 թվականից ի վեր Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ներկայացվել մարդու իրավունքների տարբեր ոլորտների առնչվող ավելի քան 80 գանգատներ։ Կազմակերպության կողմից ներկայացված գանգատներով Դատարանի կողմից կայացվել են 5 վճիռներ, այդ թվում՝ նախադեպային նշանակություն ունեցող։

Գործընկերների հետ համատեղ Կազմակերպությունն իրականացրել է 2020թ. Արցախյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից թույլ տրված մարդու իրավունքների խախտումների փաստագրում, համապարփակ զեկույցի մշակում, շարունակում է արցախահայության իրավունքների պաշտպանության
շուրջ միջազգային ջատագովությունը։