Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Մեր մասին

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն (ԻՊԱՍ) հիմնադրվել է 2009 թվականին՝ նպատակ ունենալով բարձրացնել մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետությունը և ամրապնդել իրավունքի գերակայության ու լավ կառավարման սկզբունքները Հայաստանում։ Կազմակերպությունը մասնագիտացված է մարդու իրավունքների, դատաիրավական, հանրային կառավարման, հակակոռուպցիոն և անվտանգային ոլորտներում։

ԻՊԱՍ-ն իրականացնում է մարդու իրավունքների և ժողովրդավարության վիճակի մշտադիտարկում և գնահատում, դատական մշտադիտարկում, իրավաբանական հետազոտություններ և ոլորտային քաղաքականությունների գնահատում, մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի խախտումների փաստագրում, ներպետական և միջազգային մակարդակներում հանդես գալիս ջատագովությամբ։ Կազմակերպությունն իրականացնում է նաև ոլորտային մասնագետների կարողությունների զարգացման, մարդու իրավունքների վերաբերյալ  կրթական ծրագրեր։

ԻՊԱՍ-ի թիմը տրամադրում է անվճար իրավախորհրդատվություն մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, ինչպես նաև իրականացնում է ռազմավարական դատավարություններ, որոնց արդյունքում կայացվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային վճիռներ Հայաստանի առնչությամբ։ 

Մենք ընդգրկված ենք ինչպես միջազգային ու տարածաշրջանային հարթակներում ու աշխատանքային խմբերում, այդ թվում՝ Քաղաքացիական համերաշխության պլատֆորմին, Բաց կառավարման գործընկերությանը, ՏՀԶԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցին, Միջազգային քրեական դատարանի կոալիցիային, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի քաղաքացիական հասարակության հարթակին, այնպես էլ տեղական, այդ թվում՝ Գործընկերություն հանուն բաց հասարակության հարթակին,  ՀՀ Արդարադատության նախարարին կից հանրային խորհրդին, Դատաիրավական ու մարդու իրավունքների պաշտպանության բարեփոխումների մշտադիտարկման խորհուրդներում։