2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2019թ. հունվարը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը Բաց Հասարակություն Հայաստանյան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացրել է «Դատական իշխանության անկախության երաշխավորումը Սահմանադրական փոփոխություններին համահունչ» ծրագիրը:
Ծրագրի նպատակն է եղել նպաստելու ՀՀ-ում իրականացվող դատական բարեփոխումների արդյունավետությանը՝ ներպետական օրենսդրության ու միջազգային փորձի ուսումնասիրության և դատական իշխանության ինքնակառավարման մարմինների գործունեության մոնիթորինգի միջոցով:
Ծրագիրը բաղկացած է եղել երկու փուլից:
Ծրագրի առաջին փուլում կազմակերպության կողմից իրականացվել է մինչ 2018 թվականի Դատական օրենսգրքի ընդունումը գործող Արդարադատության խորհրդի գործունեության, գործառույթների ու կարգավիճակը կարգավորող օրենսդրական դաշտի ուսումնասիրություն՝ միջազգային չափանիշների լույսի ներքո:
Իրականացվել է նաև Արդարադատության խորհրդի կողմից դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու 2012-2017 թվականների որոշումների ուսումնասիրություն, որի ընթացքում վեր են հանվել գոյություն ունեցող ինչպես օրենսդրական, այնպես էլ պրակտիկ խնդիրներ: Իրականացված հետազոտության հիման վրա պատրաստվել է զեկույց «Դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու 2012-2017 թթ. պրակտիկան» թեմայով:
Ծրագրի երկրորդ փուլում կազմակերպությունն իրականացրել է նոր ձևավորված ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի կազմի, դրա ձևավորման ու գործառույթների ուսումնասիրություն՝ կրկին միջազգային չափանիշների լույսի ներքո, ինչպես նաև խորհրդի գործունեության մոնիթորինգ:
Կազմակերպության կողմից պատրաստվել է Բարձրագույն Դատական Խորհրդի կողմից դատավորների նշանակման գործընթացի վերաբերյալ երկու տեղեկանք, որտեղ ներկայացվել են՝
- Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորների թեկնածուների նշանակման գործընթացի ժամանակ դրսևորվող կամայականությունները, որոնք ունեցել են տարբեր դրսևորումներ և հիմնականում առնչվել են աշխատանքի նախկին փորձ չունեցող, մասնավոր կազմակերպությունների փաստաբան հանդիսացող դատավորի թեկնածուներին,
- Բարձրագույն դատական խորհրդի դրսևորած անօրինականություններն ու լիազորությունների չարաշահումը, դատավորների նշանակման գործառույթի իրականացման դիտարկումները, ԲԴԽ կողմից կայացված որոշումների օրինականությունը:
Երկրորդ փուլի ընթացքում կազմակերպության կողմից իրականացվել է հետազոտություն, որը նպատակ է ունեցել ներկայացնելու ՀՀ դատական իշխանության ինքնակառավարման մարմնի ձևավորման, լիազորությունների, գործունեության իրավական և գործնական համապատասխանությունը ինչպես ՀՀ Սահմանադրությանը, այնպես էլ ոլորտին առնչվող միջազգային չափանիշներին, վեր հանելու օրենսդրական և պրակտիկ խնդիրներն և ներկայացնելու դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները:
Միջազգային չափանիշների ուսումնասիրությունը ներառել էԵվրոպայի խորհրդի մարմինների կողմից ընդունված բանաձևերի, դիրքորոշումների և կարծիքների, այդ թվում՝ Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի, Եվրոպական դատավորների խորհրդակցական խորհրդի, Վենետիկյան Հանձնաժողովի և այլ մարմինների կողմից ընդունված 90-ից ավելի փաստաթղթերի ուսումնասիրություն: Ուսումնասիրվել են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ոլորտին առնչվող վճիռները: Հետազոտության հիման վրա պատրաստվել է «Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանության ինքնակառավարման մարմինների գործունեությունը որպես դատական իշխանության անկախության երաշխիք» թեմայով զեկույցը:
Իրականացվել է նաև 2018 թվականի ապրիլի 9-ից մինչև նույն թվականի դեկտեմբերի 28-ը ընկած ժամանակահատվածում Բարձրագույն դատական խորհրդի կողմից հրապարակված թվով 188 որոշումների դուրսբերում և ուսումնասիրություն: Փորձագետների կողմից յուրաքանչյուր որոշում ենթարկվել է ուսումնասիրության՝ ՀՀ դատական օրենսգրքի և Միջազգային չափանիշների շրջանակներում՝ պարզելով յուրաքանչյուր որոշման հիմնավորվածությունն ու պատճառաբանվածությունը, ինչպես նաև համապատասխանությունը ՀՀ դատական օրենսգրքին:
Միաժամանակ, կազմակերպության փորձագետները իրականացրել են հարցազրույցներ Բարձրագույն դատական խորհրդի գործունեության վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի անդամների, փաստաբանների, դատավորների ու ոլորտի մասնագետների հետ: Հարցազրույցները ենթարկվել են բովանդակային վերլուծության՝ խնդիրների դուրսբերման նպատակով:
Կազմակերպությունը իրականացրել է նաև Արդարադատության խորհրդի կողմից կայացված կարգապահական պատասխանատվության վերաբերյալ որոշումների և Բարձրագույն դատական խորհրդի կողմից կայացված որոշումների համեմատական վերլուծություն:
Այս փուլում իրականացվել է նաև Բարձրագույն դատական խորհրդի դեմ ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցադիմումների ուսումնասիրություն, վարույթ ընդունված և դատավարության փուլում գտնվող գործերի վերաբերյալ դատական նիստերի մշտադիտարկում:
Ծրագրի շրջանակներում պատրաստված զեկույցները և հետազոտությունները գտնվում են ավարտման փուլում և կներկայացվեն ավելի ուշ: