Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Առաջարկներ․էլեկտրական ինքնագլորների կարգավիճակի և դրանց օգտագործման կանոնները օրենսդրորեն սահմանելու վերաբերյալ

2022թ․ հուլիսի 22-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն առաջարկներ է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովին, Կառավարությանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, Ոստիկանությանը էլեկտրական ինքնագլորների կարգավիճակի և դրանց օգտագործման կանոնները օրենսդրորեն սահմանելու վերաբերյալ։

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ էլեկտրական ինքնագլորների կարգավիճակը, ինչպես նաև դրանց օգտագործման կանոնները կարգավորված չեն: Ավելին, Հայաստանում երթևեկությունը կահավորված չէ դրանց շահագործման համար, ինչը պրակտիկայում առաջացնում է մի շարք խնդիրներ, այդ թվում՝ անձանց կյանքին ու առողջությանն ուղղված վտանգներ, ինչով պայմանավորվում է նաև խնդրի առնչությամբ լուծումներ մշակելու հրատապությունը:

Հաշվի առնելով էլեկտրական ինքնագլորների վտանգավորությունն ինչպես հենց ինքնագլորների վարորդների, այնպես էլ երթևեկության մյուս մասնակիցների, հատկապես՝ հետիոտների համար, ինչպես նաև այլ տրանսպորտային միջոցների համար՝ կազմակերպությունը առաջարկել է հրատապ միջոցներ ձեռնարկել օրենսդրական մակարդակով ինքնագլորներին տրանսպորտային միջոցի կարգավիճակ տալու կամ այլ միջոցներին հավասարեցնելու, և դրանց վարորդների համար երթևեկության պարտադիր կանոններ սահմանելու համար, ինչպես. 

  • առավելագույն արագության սահմանափակումներ ճանապարհի տարբեր հատվածներում երթևեկության համար,
  • նվազագույն տարիքի սահմանում նշված տրանսպորտային միջոցից օգտվելու համար, այդ թվում՝ որոշակի տարիքից ցածր լինելու դեպքում տրանսպորտային միջոցից օգտվելու արգելք, այդ թվում՝ մեծահասակի ուղեկցությամբ, որոշակի տարիքից ցածր լինելու դեպքում՝ մեծահասակների ուղեկցման պարտադիր կանոնի սահմանում,
  • անվտանգության կանոնների սահմանում էլեկտրական ինքնագլորներից օգտվողների համար,
  • վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նման կանոնները չպահպանելու դեպքում սանկցիաների սահմանում։

Ինչպես նաև էլեկտրական ինքնագլորների վարման համար նախատեսել և կահավորել համապատասխան ճանապարհուղիներ: 

INTERESTING POSTS