Վարչական դատարանը բավարարել է ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով հայցվորին պատճառված ոչ նյութական վնասների համար փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ հայցապահանջը

2022 թվականի մայիսի 3-ի վճռով ՀՀ վարչական դատարանը մասնակի բավարարել է թիվ ՎԴ/1201/05/20 գործով հայցվոր Աշոտ Գրիգորյանի հայցը, ում շահերը ներկայացնում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փաստաբան Նինա Հակոբյանը:

Դեռևս 2020 թվականի փետրվարի 25-ին փաստաբանի կողմից հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան` ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության՝ /իրավահաջորդ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գրասենյակ/ ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով հայցվորին պատճառված ոչ նյութական և նյութական վնասների համար փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ վարչական ակտ ընդունելու պահանջով:

Հայցվորի ներկայացուցիչը դատարանին հայտնել է, որ Մտավոր սեփականության գործակալության կողմից հայցվորի դիմումով արդյունաբերական նմուշի պետական գրանցումից հետո նույնական արդյունաբերական նմուշ է գրանցվել նաև այլ անձի անվամբ, ինչը հաստատվել է մեկ այլ վարչական գործի շրջանակներում, մասնավորապես թիվ ՎԴ/6053/05/14 գործով Վերաքննիչ դատարանը 22.06.2018թ. որոշմամբ հաստատել է, որ հայտարարված արդյունաբերական նմուշը չի համապատասխանում արդյունաբերական նմուշի պահպանունակության պայմանին` նորությանը, երրորդ անձի անվամբ արդյունաբերական նմուշի գրանցումը ճանաչվել է անվավեր:

Նշվել է, որ խախտվել է հայցվորի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը, բացի այդ՝ հայցվորին տրամադրված արտոնագիրը՝ որպես տնտեսական գործունեության տարր, ենթադրում է որոշակի նյութական հետևանք, և արտոնագրի նկատմամբ ցանկացած անօրինական գործողություն կամ անգործություն, հանգեցնելու է նաև սպասվող տնտեսական շահույթի կորստի կամ նվազեցման՝ սեփականության իրավունքի խախտման, ինչը և տեղի է ունեցել Ա․ Գրիգորյանի պարագայում:

Վարչական մարմնի վարչարարությամբ պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ դիմումով իր իրավունքի խախտման հետևանքով պատճառված ոչ գույքային վնասի համար հայցվորը գործակալությունից պահանջել է երկու միլիոն ՀՀ դրամ գումարի չափով հատուցում, իսկ գույքային վնասի համար՝ երկու հարյուր քառասուն հազար ՀՀ դրամի չափով հատուցում՝ որպես Ա․ Գրիգորյանի կողմից թիվ ՎԴ/6053/05/14 վարչական գործով ներկայացուցչի վճարի մասով կատարված դատական ծախս։

27.12.2019թ. կայացված որոշմամբ՝ գործակալությունը մերժել է հայցվորի դիմումը՝ նշելով, որ դիմումը չի համապատասխանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 104-րդ հոդվածի պայմաններին, քանի որ հոդվածում նշված՝ ոչ նյութական վնասի հատուցման պայմանները դիմումում բացակայում են:

Ստանալով դիմումը մերժելու մասին որոշումը, Հայցվորի անունից նույնական պահանջով ներկայացվել է վարչական հայց:

Վարչական դատարանը վճռով վերահաստատել է, որ Ա․Գրիգորյանի մոտ հոգեկան տառապանքի տեսքով ոչ գույքային վնասն անմիջականորեն առաջացել է թիվ ՎԴ/6053/05/14 վարչական գործով հաստատված՝ գործակալության կողմից հայցվորի դիմումով արդյունաբերական նմուշի պետական գրանցումից հետո նույնական արդյունաբերական նմուշ այլ անձին անվամբ գրանցելու արդյունքում, ինչը հանդիսացել է գործակալության ոչ իրավաչափ վարչարարության ուղղակի արդյունք։

Դատարանը գտել է, որ 2,000,000 ՀՀ դրամը ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված առավելագույն չափի տեսանկյունից, Դատարանի գնահատմամբ, հանդիսանում է ողջամիտ չափ և քննարկվող դեպքում չի կարող բնորոշվել որպես տուժող կողմի «հարստացում»: Արդարացիության և համաչափության սկզբունքների տեսանկյունից Դատարանը փաստել է, որ 2,000,000 ՀՀ դրամը հանդիսանում է արդարացված չափ՝ հաշվի առնելով Ա․ Գրիգորյանի մոտ հոգեկան տառապանքի բնույթը, աստիճանը և տևողությունը, այդ թվում՝ դատական գործընթացները, ինչպես նաև վերջինիս անհատական հատկանիշները։

Այնուամենայնիվ, Դատարանը մերժել է հայցը նյութական վնասի հատուցման պահանջի մասով՝ նշելով, որ տվյալ դեպքում Ա․ Գրիգորյանը չէր կարող սույն գործի շրջանակներում ակնկալել թիվ ՎԴ/6053/05/14 վարչական գործով դատական ծախսի մասով նյութական վնասի փոխհատուցում, քանի որ նախ՝ մի կողմից կրած դատական ծախսերը մյուս՝ պարտվող կողմի կողմից նրան պատճառված վնաս չեն կարող դիտարկվել, և բացի այդ, վարչական դատավարության կարգով դատական ծախսերի բաշխումը կարող է իրականացվել բացառապես կոնկրետ գործի շրջանակներում, իսկ գործի քննության ավարտից հետո կողմը զրկվում է վարչական դատավարության կարգով այլ գործի շրջանակներում այդպիսի ծախսերը պահանջելու հնարավորությունից: