Հայտարարություն 10.02.2022թ. նիստում առանց զեկուցման հավանության արժանացած «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Նյութը հասանելի է հայերեն լեզվով

ՀՀ կառավարության 10.02.2022թ. նիստում գործադիրն առանց զեկուցման հավանություն է տվել «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Այս օրինագծով առաջարկվում է Ընդերքի մասին օրենսգիրքը լրացնել նոր՝ 55.1 հոդվածով, որը նախատեսում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգում անհաղթահարելի ուժի հիմքով: Ի թիվս մի շարք պատճառների՝ հրդեհների, ջրհեղեղների, երկրաշարժերի, փոթորիկների կամ այլ բնական աղետների, ինչպես նաև պայթյունների, պատերազմի, ահաբեկչության, քաղաքացիական պատերազմի, անհաղթահարելի ուժ է համարվելու քաղաքացիական զանգվածային անհնազանդությունը՝ բողոքի ակցիաների տարբեր դրսևորումներ, որոնց արդյունքում հնարավոր չի եղել հանքավայրում կազմակերպել ընդերքօգտագործման աշխատանքները: Նախագծի համաձայն՝ ընդերքօգտագործման գործող իրավունքի ժամկետները երկարաձգվելու են առավելագույնն այդ հանգամանքների գործողության ժամկետով՝ առանց նոր փորձաքննության անցկացման։

Անհաղթահարելի ուժի հիմքով ընդերք օգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգմանը վերաբերող իրավակարգավորումները  տարածվելու են նաև մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ընդերքօգտագործման իրավունք ստացած ընդերքօգտագործողների վրա, եթե անհաղթահարելի ուժը ծագել է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան նախորդող չորս տարվա ընթացքում։

Այս օրենսդրական նախաձեռնությամբ ՀՀ կառավարությունը հետընթաց է գրանցում ժողովրդավարական արժեքներից, ինչպես նաև կայուն զարգացման և կանաչ տնտեսության նպատակներից: Այն վնաս կպատճառի շրջակա միջավայրին, հանրության առողջությանը, կենսական ու տնտեսական շահերին, կխախտի քաղաքացիների  սահմանադրական իրավունքները։

Տարիների փորձը ցույց է տվել, որ ընդերք օգտագործման ծրագրերի դեմ քաղաքացիական անհնազանդությունն ուղղված է եղել հանուն մարդու առողջության, առողջ շրջակա միջավայրի իրավունքների պահպանման, հանուն տեղի բնակիչների կենսապայմանների պաշտպանության և իրենց գործնեության ընտրության իրավունքի, ինչը կարող է սահմանափակվել հանքարդյունաբերության պատճառով:

Բողոքի ակցիաները հանքարդյունաբերական ծրագրերի վերաբերյալ դիրքորոշման արտահայտման ձև են: Եթե ազդակիր համայնքը դեմ է տվյալ ծրագրին, ապա իր իրավունքը պաշտպանում է նաև քաղաքացիական խաղաղ անհնազանդությամբ, բողոքի ակցիաներով, քանի որ չկան իրավական մեխանիզմներ՝ որոշումներ կայացնելիս համայնքի բնակչության կարծիքը  պարտադիր հաշվի առնելու,  իրենց ձայնը լսելի դարձնելու։ Հանրությունը նաև զրկված է այդ որոշումները դատական կարգով բողոքարկելու իրավունքից: Օրենսդրական այս փոփոխությունը, ըստ էության, հանրության՝ ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու սահմանադրական իրավունքի, ինչպես նաև Օրհուսի կոնվենցիայով նախատեսված՝ որոշումների ընդունմանը մասնակցելու իրավունքի սահմանափակում է և հակաժողովրդավարական է։

Սույն օրենքի հետադարձ ուժ ունենալու դրույթը հակասահմանադրական է, քանի որ ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն․«1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն»։ Օրենսդրական այս փոփոխությունը վատթարացնում է ողջ հանրության իրավական վիճակը և խախտում նրա իրավունքները։ Անթույլատրելի է, 1-2 ընկերությունների վիճակը բարելավելով, ոտնահարել Հայաստանի ողջ հանրության իրավունքները։ Ակնհայտ է, որ օրենսդրական այս փոփոխությունն առաջին հերթին առնչվում է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրին:

Խնդրահարույց է նաև, որ փոփոխված ժամանակացույցով նախագծերը կամ երկրաբանական ուսումնասիրության ծրագրերը շրջակա միջավայրի վրա ազդեցության և տեխնիկական անվտանգության նոր փորձաքննության ենթակա չեն լինելու: Այն հակասության մեջ է մտնում գործող «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի հետ, որի 20-րդ հոդվածի 7-րդ կետում նշված է. «Փորձաքննական եզրակացությունը կորցնում է ուժը, եթե նախատեսվող գործունեության իրականացումը չի սկսվում փորձաքննական եզրակացության տրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում»:

Այսպիսով, Ընդերքի մասին օրենսգրքի այս նոր փոփոխություններով գործադիրը հեռանում է ժողովրդավարական արժեքներից, վտանգում է տեղական ժողովրդավարության գործընթացը, քանի որ այս փոփոխության համար բացակայում է հասարակության հետ կոնսենսուսը,  ինչպես նաև այն զրկում է  համայնքի բնակիչներին՝ առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքի համար խաղաղ պայքարելու հնարավորությունից։

Մենք՝ ներքոստորագյալ կազմակերպություններս և ՀՀ քաղաքացիներս, պահանջում ենք ՀՀ կառավարությունից  հետ կանչել ՀՀ Ազգային Ժողովից «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի խնդրահարույց նախագիծը: Պահանջում ենք ՀՀ Ազգային ժողովից վերադարձնել օրինագիծը ՀՀ կառավարություն՝ այն հակասահմանադրական, հակաօրինական և հակաժողովրդական լինելու հիմքով։

Հայտարարությունը բաց է միանալու համար
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
«Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
«Կանաչ Հայաստան»  բնապահպանական ՀԿ
«Թրանսփարենսի  ինթերնեյշնլ» միջազգային հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ
Հայկական բնապահպանական ճակատ կամավորական քաղաքացիական նախաձեռնություն
«Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ
«Գոյ» բնապահպանա-իրավական ՀԿ
«Միհր» ստեղծագործողների միություն» ՀԿ
Հայաստանի կանանց նախաձեռնություն
«Սինեմարթ» Երիտասարդական ՀԿ
«Ուղղակի Ժողովրդավարություն» ՀԿ
«Գյումրու առաջընթաց» ՔԶՀԿ Հկ
«Երիտասարդները հանուն փոփոխության» ՀԿ
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ
«Յանուս» իրավական ՀԿ
«Սպիտակի հելսինկյան խումբ»  իրավապաշտպան ՀԿ
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ
«Թուխմանուկ»  ՀԿ
Էկոլոգիական հասարակական դաշինք
«Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ
Արթուր Համբարձումյան, Էկո-իրավաբան
«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ
«Հանրային վերահսկողություն»  ՀԿ
«Արմաշ» գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոն ՀԿ
«Երեխաների հասարակություն մանկապատանեական  ձեռնարկումների աջակցության կենտրոն» ՀԿ
«Նոր Հորիզոններ»  ՀԿ
Զարուհի Հովհաննիսյան, Իրավապաշտպան
«ՄԻՏՔ»  կրթական-երիտասարդական նախաձեռնություն ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ
Կայուն զարգացման նախաձեռնությունների «Աստղացոլք» ՀԿ
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
«Թումանյան» փաստաբանական գրասենյակ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Մերի Աղախանյան,   ռեժիսոր
«Կանանց իրավունքների տուն» ՀԿ
«Մեկ առողջություն» կոալիցիա
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»  ՀԿ
«Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ
«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ
«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ
«Հաջողակ կին» երիտասարդական ՀԿ
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
«Հեռանկարային զարգացման կենտրոն»   ՀԿ
«Կայուն ապագա»  երիտասարդական ՀԿ
«Փինք» իրավապաշտպան ՀԿ
Անահիտ Մանուկյան` բժիշկ, անհատ ձեռնարկատեր
«Դալմա-Սոնա» Հիմնադրամ
Վաղինակ Տեր-Հովհաննիսյան,  Եվա Մարգարյան, «Քաղցկեղի դեմ պայքարի Եվրոպական լիգաների ասոցիացիա»-յի Հայաստանի Երիտասարդ դեսպաններ
«Իրազեկ քաղաքացիների միավորում»   ՀԿ
«Ընդդեմ իրավական կամայականությունների»  ՀԿ