ՀՀ վարչական դատարանը անվավեր և ոչ իրավաչափ է ճանաչել նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության պացիենտների հսկողության, բժշկական օգնություն և սպասարկման կարգի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի 2020թ. ընդունված երկու հրամանների կարգավորումները

ՀՀ Վարչական դատարանը 2022թ. հունվարի 4-ին որոշում է կայացրել մասնակի բավարարել Արուսյակ Հայրապետյանի դիմումն ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության։ Դատարանի որոշմամբ անվավեր են ճանաչվել Առողջապահության նախարար Ա Թորոսյանի՝ ըստ հիվանդության ծանրության աստիճանի նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների տեսակավորման գործընթացն իրականացնող, նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների հսկողությունը, բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնող կազմակերպությունների ցանկը և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում իրականացվող լաբորատոր գործիքային ախտորոշիչ հետազոտությունների նվազագույն ծավալները հաստատելու մասին 10․04․2020թ-ի թիվ 1239-Ա հրամանի 5 և 6-րդ կետերը /լրացված թիվ 1638-Ա հրամանով/, ինչպես նաեւ ոչ իրավաչափ են ճանաչվել նախարարի թիվ 1606-Ա հրամանով հաստատված արտահիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգի 1-ին և 2-րդ կետերը։

Դիմելով դատարան, Ա․ Հայրապետյանը պնդել է, որ նախարար Ա․ Թորոսյանի 10․04․2020 թ-ի թիվ 1239-Ա հրամանի՝ 2020 թի հունիսի 16-ի դրությամբ գործող խմբագրությամբ 5 և 6-րդ կետերը թույլ չեն տվել հոսպիտալացնել այն անձանց, ում մոտ առկա չի եղել մարմնի ջերմաստիճանի բարձրացում >38․5 C 3 օրից ավելի և/կամ արյան թթվածնով հագեցվածությունը Sp02≤93% և/կամ շնչառության հաճախությունը >22/րոպե, փոխարենը նրանք ուղղորդվել են քաղաքային պոլիկլինիկա, որը սակայն որակյալ բուժօգնություն չի տրամադրել։ Արդյունքում, իր հայրը, ունենալով նոր տիպի կորոնավիրուսային հիվանդություն, չի ստացել որակյալ բուժօգնություն, ինչի հետևանքով մահացել է։

Ավելին, դիմողը պնդել է նաեւ, որ նախարարի մեկ այլ՝ 21.05․2020թ-ի թիվ 1606-Ա հրամանով հաստատված կարգի՝ 2020 թ-ի հունիսի 16-ի դրությամբ գործող խմբագրության 1-ին և 2-րդ կետերը չեն սահմանել կորոնավիրուսային հիվանդության կասկածելի դեպք հայտնաբերելիս նմուշառում կատարելու հստակ ժամկետ։ Արդյունքում իր հորը նմուշառել են միայն 2020 թ․-ի հունիսի 19-ին այն պայմաններում, երբ կանչը տրվել է հունիսի 16-ին, իսկ հոսպիտալացվել է միայն հունիսի 23-ին՝ հանգեցնելով անդառնալի հետևանքների:

Դատարանն արձանագրել է նախ և առաջ, որ վիճարկվող իրավական ակտերը պատասխանողի կողմից որակվել են որպես անհատական ակտեր, ըստ այդմ՝ վիճարկվող դրույթները չեն ընդունվել և գործողության մեջ դրվել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասխան։ Դատարանն արձանագրել է նաև, որ խախտվել են իրավական ակտերն ընդունելուց առաջ դրանց նախագծերի փորձաքննության, նորմատիվ իրավական ակտի պաշտոնական հրապարակման կարգը, որն էլ պարտադիր է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածին համապատասխան նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու համար։ Ինչ վերաբերում է Պատասխանողի առարկություններին առ այն,որ վիճարկվող հրամանները չեն ընդունվել սահմանված ընթացակարգով դրանց կիրառման հրատապությունից ելնելով՝ Դատարանը գտել է, որ դրանք անհիմն են։

Դատարանը այնուհետ նշել է, որ իր խնդիրն է պարզել վիճարկվող հրամանները նորմատիվ իրավական ակտերի համար սահմանված ընթացակարգով չընդունելու և գործողության մեջ չդնելու իրավական հետևանքը։ Դատարանը գտել է, որ թիվ 1239-Ա հրամանի վիճարկվող կետերը գանգատներ ունեցող անձանց հոսպիտալացման խիստ պահանջներ են սահմանել, որոնց փաստորեն դիմողի հայրը չի բավարարել, իսկ դիմողի հոր նմուշառումն իրականացվել է նախարարի 1606-Ա հրամանով սահմանված կարգին համապատասխան, որը հետազոտության ժամկետ չի սահմանել, արդյունքում դիմող Ա․ Հայրապետյանի հայրը չի հոսպիտալացվել այդ նորմերի կիրառման հետևանքով։ Վերոգրյալով պայմանավորված Դատարանը գտել է, որ վիճելի կարգավորումները առնչվում են դիմողի օրինական շահերին։

Ինչ վերաբերում է կարգավորումների հիմնավորվածությանը, Դատարանը գտել է, որ քանի դեռ վիճարկվող դրույթները չեն ընդունվել և գործածության մեջ դրվել օրենքով սահմանված կարգով, դրանց հիմնավորվածության հարցն առարկայազուրկ է։

Դատարանի որոշումը թույլ է տալիս պնդել, որ ՀՀ առողջապահության նախարարի կողմից ընդունված վերոնշյալ հրամանները այնպիսի պայմաններ ու կարգ են սահմանել, որոնք նոր տիպի կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների հոսպիտալացման ու բժշկական օգնության և սպասարկման համար մի շարք խոչընդոտներ են ստեղծել՝ հանգեցնելով նաեւ անդառնալի հետևանքների, ինչպես կոնկրետ քննարկվող դեպքում։

Արուսյակ Հայրապետյանի շահերը ՀՀ վարչական դատարանում ներկայացրել են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբանները: