Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել մերժել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը

2021թ. մարտի 25-ին ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել մերժել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը՝ ըստ հայցի Հասմիկ Հարությունյանի ընդդեմ ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի 2017թ. ապրիլի 2-ի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին։

ՀՀ վերաքննիչ դատարանը գտել է, որ վարչական դատարանը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատաuխան բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտությամբ գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները և կիրառելով դրանց նկատմամբ կիրառելի իրավական ակտերը, եկել է սույն գործի լուծման վերաբերյալ ճիշտ եզրահանգման, և վերաքննիչ բողոքի հիմքերն ու հիմնավորումները չեն կարող հիմք հանդիսանալ վերաքննիչ բողոքը բավարարելու, հետևաբար` Վարչական դատարանի 19.09.2019 թվականի վճիռը բեկանելու համար:

Հիշեցնենք, որ2019 թվականի հունվարի 24-ին Հ. Հարությունյանը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ վերոնշյալ ՔԿՀ-ի պաշտոնատար անձանց գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով:

Վարչական դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի` ՀՀ պաշտոնատար անձանց 2017 թվականի ապրիլի 2-ի գործողությունները:

Մասնավորապես, որոշմամբ վարչական դատարանը արձանագրել էր, որ վարչական մարմնի գործողությունների արդյունքում սահմանափակվել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի թիվ ՔՀ-66-Ն հրամանով սահմանված ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամի լիազորությունները:

Դատարանը, բավարարելով հայցը, նշել էր, որ համաձայն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամի թիվ 22 վկայականի` Հասմիկ Հարությունյանը հանդիսանում է խմբի անդամ, որն էլ համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 18.11.2005 թվականի թիվ ՔՀ-66-Ն հրամանի կարող է ցանկացած օր այցելել քրեակատարողական հիմնարկ նշված հրամանով սահմանված դիտորդների խմբի անդամի լիազորությունները իրականացնելու նպատակով, սակայն աշխատակցի վերը նշված պատճառաբանության արդյունքում դատարանը գտել է, որ խմբի անդամները հնարավորություն չեն ունեցել իրականացնելու հրամանով իրենց վերապահված գործառույթները, հետևաբար վերոգրյալը հավաստում է այն հանգամանքը, որ վարչական մարմնի գործողություններն եղել են ոչ իրավաչափ։

2017թ. ապրիլի 2-ին, «Նուբարաշեն»  և «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներում խոչընդոտել են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ աշխատակից Հասմիկ Հարությունյանի և «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ աշխատակից Արման Սահակյանին՝ կատարելու իրենց դիտորդական աշխատանքը՝ որպես ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամներ։ Որպես խոչընդոտման հիմնավորում ներկայացվել է այն պատճառաբանությունը, որ ՔԿՀ-ների ռեժիմային գոտի մտնելու համար դիտորդները պետք է անցնեին ընտրական տեղամասով, իսկ ընտրատեղամասը գտնվում է հավաքակայանում, ռեժիմային գոտի տանող ճանապարհն անցնում է ընտրական տեղամասի միջով, ուստի ռեժիմային գոտի չեն կարող մտնել։