Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

«Քրեակատարողական ոլորտում բարեփոխումները ձախողվո՞ւմ են․ տեղաբաշխման հանձնաժողովը խախտում է դատապարտյալների իրավունքները»

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Վահե Հարությունյանը մտահոգված է՝ քրեակատարողական ոլորտի հետ կապված 2017 թվականից ի վեր եղած համակարգային խնդիրները դեռ լուծված չեն:

«Մեդիա կենտրոնում» կազմակերպված «Քրեակատարողական ոլորտում բարեփոխումները ձախողվո՞ւմ են. տեղաբաշխման հանձնաժողովը խախտում է դատապարտյալների իրավունքները» թեմայով առցանց քննարկման ժամանակ Վահե Հարությունյանը փաստեց՝ ՄԻՊ-ն այս խնդիրները մշտապես արձանագրել է ու ասաց. «Խնդիրն ունի պարբերական բնույթ ու ուղղակիորեն առնչվում է անձանց իրավունքներին և ազատություններին, դրա լուծմանն ուղղված բոլոր գործընթացները պիտի կրեն հրատապ բնույթ: ՄԻՊ-ը հարցը բարձրացրել է դեռ 2017-ին: Սակայն մինչ այսօր ստանում ենք ազատազրկված անձանցից բողոքներ՝ կախված տեղաբաշխման հանձնաժողովի գործունեության  հետ՝ ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու հետ կապված: Սակայն համակարգային խնդիրները դեռ լուծում չեն ստացել»:

Վահե Հարությունյանը մտահոգություն հայտնեց՝ շատ անգամ հանձնաժողովը գործունեության ընթացքում հաշվի չի առնում անձի մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը: Մյուս հարցը տեղաբաշխման հանձնաժողովի՝ որոշումների չպատճառաբանված լինելը և երբեմն ըստ ազատությունից զրկված անձանց՝ չհիմնավորված լինելն է: Սա նաև խնդիրներ է առաջացնում նաև այդ ակտերը, որոշումները բողոքարկելու տեսանկյունից:

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի անդամ Հասմիկ Հարությունյանը հանձնաժողովի կազմի հետ կապված մտահոգություն հայտնեց. «Հրամանը ենթարկվեց փոփոխությունների, սակայն  հանձնաժողովի կազմը հարցերի տեղիք է տալիս: Կազմը բաղկացած է քրեակատարողական ոլորտի, արդարադատության նախարարության, ուժային կառույցների ներկայացուցիչներից: Այստեղ չկան նեղ մասնագետներ, որոնք կարող են ազատազրկված անձի վերասոցիալականացման, ռիսկերի գնահատման միտումները պարզել ու տալ գնահատական՝ արդյոք անձը դրական քայլե՞ր է կատարել»:

Հասմիկ Հարությունյանի համար անընդունելի է նաև այն, որ ըստ հրամանի՝ ազատազրկված անձի՝ իրեն վերաբերելի լսումներին մասնակցության հարցում կան սահմանափակումներ: Նա նշեց. «Ինչպե՞ս կարող է դա կախված լինել հանձնաժողովի կազմից, եթե ուղղակիորեն քննարկվող հարցերի շրջանակն ազատազրկված անձի շահերից է բխում»:

Ըստ նրա, տեղաբաշխման հանձնաժողովի որոշումների պատճառաբանված ու հիմնավոր լինելը ազատազրկված անձի իրավունքների ապահովման լավագույն միջոցներից մեկն է,և ուղղակիորեն կապված է նաև անձի վերասոցիալականացման հետ։ Հետևաբար, գործուն քայլեր են անհրաժեշտ այդ որոշումները հնարավորինս պատճառաբանված դարձնելու համար։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Արտակ Հարությունյանը, անդրադառնալով բարձրացված խնդիրներին, վստահեցրեց. «Բարեփոխումներն ընթացքի մեջ են, դրանք երբևէ չեն ձախողվելու: Հանձնաժողովն իր կազմով և բնույթով ներկայացուցչական է: Պարտադիր եմ համարում հետագայում հանձնաժողովում հասարակական դիտորդների ընդգրկումը: Սա ավելի կմեծացնի հանձնաժողովի գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը»:
Խոսելով ՄԻՊ զեկույցի մասին՝ նա ասաց. «ՄԻՊ-ի զեկույցում որևէ օրինակ չկա: Կարծում եմ՝ հետագա մեր հանդիպումների ընթացքում մենք կփորձենք խոսել ավելի կոնկրետ: Որևէ մեկին թող չթվա՝ հանձնաժողովը շատ հեշտ որոշումներ է կայացնում: Համեմատեք 2019-ից հետո և դրանից առաջ կայացված որոշումները՝ հիմնավորվածության, պատճառաբանվածության, ծավալային, կանոնակարգվածության տեսանկյուններից: Հանձնաժողովն անսահմանափակ հնարավորություններ չունի անկատար իրավական կարգավորումների պայմաններում, որովհետև չկան հստակ չափանիշներ ինչպես դրական վարքագծի, այնպես էլ նպատակահարմարության հետ կապված»:

Աղբյուրը՝ https://www.aravot.am

INTERESTING POSTS