📃Վարչական դատարանը բավարարել է կենսաթոշակի գործով ԻՊԱՍ իրավաբանների կողմից ներկայացված հայցադիմումը

2020թ․ դեկտեմբերի 9-ին ՀՀ վարչական դատարանը (նախագահությամբ դատավոր Ս․ Հովակիմյանի) վճիռ է կայացրել՝ բավարարելով Արեգնազան Մահտեսյանի հայցն ընդդեմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ծառայության Քանաքեռ-Զեյթունի տարածքային բաժնի՝ պարտավորեցնելով ընդունել բարենպսատ վարչական ակտ նշանակելով տարիքային աշխատանքային կենսաթոշակ՝ սկսած 02.07.2018 թվականից:

Ա․ Մահտեսյանի շահերը դատարանում ներկայացրել է Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ իրավաբան Նինա Հակոբյանը։

02․07․2018թ. Արեգնազան Մահտեսյանը դիմում է ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ կենսաթոշակ նշանակելու պահանջով՝ դիմումին կից ներկայացնելով աշխատանքային գրքույկը:

07.09.2018թ. ստացված գրությամբ՝ Սոցիալական ապահովության ծառայությունը մերժել է Ա․ Մահտեսյանի դիմումը՝ որպես հիմնավորում նշելով, որ քաղաքացու աշխատանքային ստաժը բավարար չէ տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար, չնայած աշխատանքային գրքույկում առկա տվյալներին՝ ապահովադիրների բազայում բացակայում է նրա կողմից նշված ձեռնարկությունների վերաբերյալ տեղեկատվությունը՝ նշելով, որ նշված ժամանակահատվածները /1991-1995 թվականներ/ աշխատանքային ստաժում հաշվառելու իրավական հիմքեր չկան։

Ա․ Մահտեսյանի կողմից դիմումի վերաբերյալ վերադասության կարգով բողոք է ներկայացվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որը մերժվել է։

05․07․2020թ․-ին կազմակերպության իրավաբանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ խնդրելով պարտավորեցնել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության  Քանաքեռ-Զեյթունի տարածքային բաժնին, քաղաքացի՝ Արեգնազան Մահտեսյանին նշանակել տարիքային աշխատանքային կենսաթոշակ՝ սկսած 02.07.2018 թվականից՝ վերջինիս աշխատանքային ստաժում ներառելով նաև աշխատանքային գյրքույկում առկա այն տվյալները, որոնց վերաբերյալ ազգային արխիվում տեղեկություններ չկան՝ հաշվի առնելով, որ անձը աշխատանքային գրքույկում առկա տեղեկություններին հավաստիության կանխավարկածը:

Դատարանը 09.12.2020թ վճիռ է կայացրել հայցը բավարարելու վերաբերյալ, որով հաստատել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իրականացրել է սխալ վարչարարություն, ինչը հանգեցրել է այնպիսի սկզբունքների խախտման, ինչպիսիք են ձևական պահանջները չարաշահելու արգելքը, հայեցողական լիազորությունները չարաշահելը, վարչարարության համաչափությունը, և պարտավորեցրել է վերջինիս նկատմամբ հաշվարկել և նշանակել կենսաթոշակ՝ սկսած 02.07.2018 թվականից: