ՀՔԾ-ում քննելու են Ամուլսարի ակտիվիստի բողոքը

«Էկո բազմազանություն» նախաձեռնության անդամ Ռոբերտ Ֆիդանյանը Ամուլսարի համար բողոքի ցույցերի է մասնակցում: Օգոստոսի 6-ին՝ ժամը 17-ի սահմաններում նա մյուս բնապահպան ընկերների հետ կառավարության շենքի մոտ ցույց է արել՝ պարետի սահմանած բոլոր կանոնները, սոցիալական հեռավորությունը պահելով: Սակայն ոստիկանները նրան ու ընկերոջը բերման են ենթարկել՝ հակահամաճարակային անվտանգության կանոնները խախտելու համար:

Նոր Նորքի ոստիկանական բաժանմունք տանելիս քաշքշել են, կոպտել ու վիրավորել, երբ խնդրել է ներկայանալ՝ չեն ներկայացել:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Ռոբերտի փաստաբան Անահիտ Մկրտչյանը պատմեց, թե ոստիկանական բաժանմունքում ինչպես են ոստիկանները ուժգին հարվածել, կիրառել ֆիզիկական ու հոգեբանական բռնություն. «Հոգեբանական մասով եղել են ծաղրանքներ՝ կապված արտաքին տեսքի հետ, եղել է ծաղրական վերաբերմունք հարցերին պատասխանելիս, ինֆորմացիա չի տրամադրվել, թե որ բաժին են տանում: Ֆիզիկականի մասով արդեն բաժնում եղել են ոտքով հարվածներ, բռնություն, քաշքշուկներ, նաեւ եղել է պաշտպանության իրավունքի խախտում: Ռոբերտ Ֆիդանյանը նշել է, որ ցանկանում է փաստաբան ունենալ ու փաստաբանի ներկայությամբ խոսել: Ես այդ ժամանակ արդեն տեղում եմ եղել՝ Նոր Նորքի բաժնում, սակայն ինձ ասել են, որ Ռոբերտը նման ցանկություն չի հայտնել փաստաբան ունենալու: Այսինքն, երկուսս էլ տվյալ պահին բաժնում ենք եղել, սակայն չենք կարողացել իրար տեսնել, որովհետեւ այդ կապը աշխատակիցների կողմից չի ապահովվել»:

Փաստաբանն ասաց, որ փորձաքննություն դեռ չի եղել ու դժվար է ասել, թե ոստիկանների ֆիզիկական բռնությունն ինչ հետեւանքներ է թողել Ռոբերտի առողջության վրա. «Տուժողը նկարագրում է ցավ ոտքի եւ թեւի շրջանում: Նրան այսպես ասած նետել են աթոռի վրա, կպել է դռանը, այդ ընթացքում թեւն ու ոտքը վնասվել է, նաեւ ոտքով հարվածներ են եղել իր ոտքերին»:

Անահիտ Մկրտչյանը պնդում է, որ պարտադիր պետք է քրեական գործ հարուցվի եւ բացահայտվեն այդ անձինք, քանի որ չեն ներկայացել. «Նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն»:

Հարցին՝ նմանատիպ դեպքեր շա՞տ են լինում, որովհետեւ ոստիկանությունը վստահեցնում է, թե խոշտանգումների դեպքեր բաժանմունքներում այլեւս չեն լինում, հաղթահարված է, փաստաբանը պատասխանեց. «Հաղթահարվել չեմ կարող ասել, որովհետեւ ժամանակին հարուցված քրեական գործերը դեռ ընթացքի մեջ են: Ես ներկայացնում եմ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպությունը, մինչ օրս դեռ շատ գործեր ընթացքի մեջ են: Ե՛վ 2015-ի «Էլեկտրիկ Երեւանի» դեպքեր եղան ակցիաներից, ե՛ւ արդեն 2016-ի հուլիսյան դեպքերը, հեղափոխության՝ 2018-ի ապրիլի դեպքերը, բոլոր դեպքերում ոստիկանության կողմից կիրառվել է անհամաչափ ուժ: Դրա վերաբերյալ մենք այս պահին ունենք ընթացքի մեջ գտնվող գործեր: Նույնիսկ շատ գործեր դեռ նախաքննության փուլում են, այսինքն, չեն հայտնաբերում հանցանք կատարած անձանց»:

Աղբյուրը՝  www.aravot.am