ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ «Մարդու իրավունքների իրացման» տարեկան համաժողով 2020

2020թ.-ի մայիսի 20-21-ը կայացել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) տարեկան համաժողովը:

Համաժողովին ՀՀ-ից մասնակցել են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը և իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը:

Մայիսի 20-ին կայացած քննարկման օրակարգում ներառվել է կորոնավիորուսի բերումով հայտարարված արտակարգ դրության ազդեցությունը դատարանների գործունեության և հատկապես արդար դատաքննության իրավունքի ապահովման վրա:

Կազմակերպության նախագահ Ա. Մելքոնյանը իր ելույթում անդրադարձ է կատարել ՀՀ-ում արտակարգ դրության ազդեցությանը դատարանների գործունեության, արդար դատաքննության իրավունքի ապահովման այլ ասպեկտների վրա, անդրադարձ է կատարվել նաև հեռահար նիստերի վերաբերյալ օրենսդրական բացերին ու պրակտիկ խնդիրներին, նիստերի հրապարակայության խնդիրներին և հատկապես հասարակության ներկայացուցիչների ներկայության անհնարինությունը՝ ինչպես դատարանում, այնպես էլ հեռահար նիստերին, առցանց եղանակով ներկայացված դատավարական փաստաթղթերը դատարանների կողմից չընդունվելուն և այլ հարցերի:

Մայիսի 21-ին կայացած  համաժողովի օրակարգում ներառվել է դատական նշանակումների հարցը, մասնավորապես ներկայացվել են ԵԱՀԿ ընդհանուր սկզբունքները դատական նշանակումների վերաբերյալ, ինչպես նաև Վրաստանի փորձը և այդ գործընթացում միջազգային մշտադիտարկումների պրակտիկան ու դրա հետևանքները:

Որպես զեկուցող հանդես եկած Հ. Հարությունյանը ներկայացրել է ՀՀ-ում գործող պրակտիկան, ինչպես նաև դատավորների ընտրության ու նշանակման մշտադիտարկման գործընթացքում կազմակերպության փորձը, օրենսդրական ու պրակտիկ խնդիրները:

Ներկայացվել են նաև ՀՀ դատական և իրավական բարեփոխումների ընթացքն ու բացթողումները, քննարկվել են հեղափոխությունից հետո վեթինգի իրականացման հնարավորություններն ու այլընտրանքները: