Անկախացումից ի վեր իրականացված դատական և իրավական բարեփոխումների ծրագրերի ազդեցությունը ՀՀ-ում դատական իշխանության անկախության վրա

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը հետազոտություն է գրել, որում Հայաստանի Հանրապետությունում անկախացումից ի վեր իրականացված դատաիրավական ոլորտի բարեփոխումները պայմանականորեն կարելի է բաժանել 3 հիմնական փուլերի․

1. Բարեփոխումների առաջին փուլը, ինչը սկսվեց 1995թ. Սահմանադրության ընդունմամբ,
2. երկրորդ փուլի սկզբնավորումը պայմանավորվեց 2005թ. Սահմանադրական փոփոխություններով, որի շրջանակներում իրականացվեցին երկու ծրագրեր՝ 2009-2011թթ․ և 2012-2016թթ․դատական և իրավական ծրագրերը,
3. երրորդ փուլը հիմք դրվեց 2015թ. Սահմանադրական փոփոխություններով, որի առանցքային նպատակներից էր ապահովել իրավունքի գերակայության հետևողական իրացումը:

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում դատական և իրավական բարեփոխումների շարունակական ծրագրերի իրականացումը հասցեագրել է մեկ հիմնական խնդիր՝ մեծացնել դատական իշխանության անկախությունը:
Չնայած շուրջ 24 տարիների ընթացքում 3 փուլով իրականացրած 4 (5-րդը` դեռևս ընթացքի մեջ) երկարաժամկետ ծրագրերի գործողություններին` դատական իշխանության անկախության խնդիրը շարունակում է հանդիսանալ Հայաստանում արդարադատության իրացման առանցքային խոչընդոտ:

Ծրագրերի ուսումնասիրությունն ու դրանց շրջանակներում իրականացված միջոցառումների համեմատությունը հնարավորություն է տալիս առանձնացնել 3 խումբ պատճառներ, որոնք ազդեցություն են ունեցել դատական իշխանության անկախության բացակայության վրա:

Օրենսդրության և պրակտիկայի անհամապատասխանելիություն
Բարեփոխումների ծրագրերի շրջանակներում իրականացված օրենսդրական փոփոխությունները հիմնականում համակարգային փոփոխության չեն հանգեցրել: Մի կողմից, դրանք պրակտիկայում ամբողջությամբ կիրառելիություն չեն ստացել, մյուս կողմից՝ օրենքներում կատարված փոփոխությունները վերաբերել են կոնկրետ խնդիրների, որոնց միջոցով հնարավոր չի եղել ապահովել բարեփոխումների ծրագրերով ակնկալվող արդյունքները:

Մասնավորապես՝ իրականացված բարեփոխումների երրորդ ծրագրից սկսած՝ դատավորների անկախության առնչությամբ օրենսդրական փոփոխությունները միտված են եղել վերացնել անկախության հնարավոր սահմանափակումները: Այնուամենայնիվ, դատավորների նշանակման և պաշտոնից ազատման գործում հանրապետության նախագահի ունեցած վճռական դերը շարունակել է դատավորների անհատական անկախության վրա մեծ ազդեցություն ունենալ: 2015 թվականի Սահմանադրական փոփոխություններով թեև նախագահի դերը նվազեցվել է, այնուամենայնիվ, այդ դերակատարման նվազեցումը չի հանգեցրել ընդհանուր համակարգի փոփոխության:

Իրականացված ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ դատավորների անկախության հետ կապված խնդիրների գերակշիռ մասը շարունակվում է օրենսդրական այնպիսի խնդիրների առկայության հետևանքով, ինչպիսին են, օրինակ, դատավորների կարգապահական պատասխանատվության համակարգը, դրան առնչվող իրավական կարգավորումների անհստակությունը, կիրառման պրակտիկան:

Դատական և իրավական ծրագրերի արդյունավետությունն էականորեն կախված է եղել նաև դրա շրջանակներում իրականացված օրենսդրական փոփոխությունների պրակտիկ կիրառելիությունից:

Հետազոտությունը վեր է հանել նաև, որ նույնիսկ օրենսդրական փոփոխություններն ամբողջությամբ չեն արտացոլել պրակտիկայում գոյություն ունեցող իրական խնդիրները կամ չեն ներառել դրանց առնչությամբ ներկայացված միջազգային առաջարկությունները, խորհրդատվական կարծիքները:

Ծրագրային միջոցառումների կրկնություններ

Դատական և իրավական բարեփոխումների ծրագրերի ուսումնասիրությունը փաստում է, որ տարիներ շարունակ ընթացող գործընթացի շրջանակներում տեղ գտած խնդիրները և դրանց ուղղված գործողություններն ու միջոցառումները կրկնվել են: Օրինակ՝ դատավորների նշանակման, կարգապահական պատասխանատվության ինստիտուտի և արդարադատության խորհրդի գործունեությանն առնչվող խնդիրները, դրանց վերաբերող միջոցառումների ծրագրերը: Թեև խնդիրների ծավալը և ծանրակշռությունը ենթադրում է շարունակական գործողություններ և հետևողականություն, այնուամենյանիվ, արդյունքների արդյունավետություն չի ապահովվել:

Որպես օրինաչափություն՝ նախորդին հաջորդող ծրագրերը կրկնվող թիրախային ոլորտների և միջոցառումների համար որպես հիմնավորում ներկայացրել են արդեն իրականացված ծրագրերի ընթացքում միջոցառումների ոչ բավարար կամ անարդյունավետ իրականացումը: Սակայն դրանց անարդյունավետության պատճառները վեր չեն հանել, և հաջորդ ծրագրերի շրջանակներում նման հնարավոր պատճառների ազդեցությունը չի չեզոքացվել:

Ավելին, նշված ոլորտների և դրանցում արձանագրված խնդիրների լուծման կապակցությամբ շուրջ 20 տարի տարբեր միջազգային կառույցների կողմից տրվել են նույնանման հանձնարարարակններ՝ օժանդակելով բարեփոխումների արդյունավետությանն ու առավել թիրախավորված գործողություններ ստանձնելուն: Սակայն, ինչպես ցույց են տալիս ծրագրային միջոցառումները, դրանք բարեփոխումների ծրագրերում ամբողջությամբ չեն ներառվել՝ թե՛ օրենսդրական, թե՛ պրակտիկային ուղղված քաղաքականության մակարդակներում:

Հաշվետվողականության և հանրային ներգրավվածության բացակայություն

Իրականացված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դատական և իրավական բարեփոխումների ծրագրերի վերաբերյալ կատարողական և ազդեցության գնահատման հաշվետվողականությունը հիմնականում բացակայել է: Բացի այդ, ծրագրերի մշակման գործընթացը լայն հանրային մասնագիտական ներգրավվածություն չի ապահովել: Թերևս նաև սա է պատճառ հանդիսացել, որ տարբեր տարիների ծրագրերում միջոցառումները կրկնվել են: Օրինակ՝ թեև ինքնակառավարման մարմինների արդյունավետության բարձրացման, դատավորների նշանակման և կարգապահական պատասխանատվության ինստիտուտների արդյունավետ կիրառման համար տարբեր ծրագրերի մեջ ներկայացվել են տարբեր միջոցառումներ, սակայն դրանց կատարողականը և ազդեցության գնահատումը չեն ներկայացվել:

Նման հաշվետվողականությունն էական նշանակություն կունենար ծրագրային խնդիրների կամ գործողությունների անարդյունավետությունը հաշվի առնելու և դրանց կրկնությունը բացառելու գործում:

ՀՀ Կառավարության կողմից արդեն իսկ հաստատված, ընթացիկ՝ 2019-2023թթ-ի դատկան և իրավական բարեփոխումների ծրագրի արդյունավետությունը էապես կախված է նրանից, թե որքանով են ճիշտ ուղենշվել իրական խնդիրներն ու դրանց ուղղված գործողությունները, և ինչ քայլեր կձեռնարկվեն նախկինի բացթողումները թույլ չտալու համար:

 

Աղբյուրը՝ armdaily.am