Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թթ. ռազմավարության թույլ և ուժեղ կողմերը» թեմայով քննարկում

2020 թ. փետրվարի 22-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը, որպես բանախոս մասնակցել է «Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թթ. ռազմավարության թույլ և ուժեղ կողմերը» թեմայով քննարկմանը։

Արաքս Մելքոնյանը դրական է գնահատել ոստիկանությունը խորհրդարանական վերահսկողության ենթարկելուն ուղղված քայլերը, միաժամանակ կարևորել է քաղաքացիական հասարակության ինստիտուցիոնալ վերահսկողության ապահովման անհրաժեշտությունը, ինչպիսի պրակտիկա սահմանված է այլ նախարարություններում, օրինակ՝ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների և մարմինների նկատմամբ հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբը: Անհրաժեշտ է ապահովել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից բաղկացած մարմնի կողմից անկախ և մանսագիտացական վերահսկողության իրականացումը ոստիկանության գործունեության կամ դրա մի մասի նկատմամբ:

Անդրադառնալով քրեական ոստիկանություն ստեղծելու և դրան նախաքննության իրականացման լիազորություն տրամադրելու հարցին՝ Արաքս Մելքոնյանն ընդգծել է, որ կարևոր է հասկանալ ոստիկանության դերը քրեական արդարադատության ամբողջ համակարգում։ Իհարկե, ռազմավարությամբ ենթադրվում է քրեական ոստիկանության ստեղծման հնարավորություն, բայց դրա ենթակայության հարցերը, տեղը քրեական արդարադատության համակարգում դեռ խնդրահարույց ու պարզ չէ: Ոստիկանությունից մեր ակնկալիքները պետք է դիտարկել քրեական արդարադատության տեսլականի համատեքստում:

Ա. Մելքոնյանը նկատեց՝  պետք է այնպես անել, որպեսզի քննչական գործառույթները տարբեր օղակներում չկրկնվեն.«Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ, հակակոռուպցիոն ռազմավարությամբ ստեղծվում են քննչական մարմիններ, որոնք ունենալու են օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող  բլոկ: Այսինքն՝ նույն լիազորությունները  տրվելու են հատուկ քննչական ծառայությանը, հակակոռուպցիոն կոմիտեին: Փաստացի, միայն քննչական կոմիտեն է, որ չունի օպերատիվ հետախուզական գործունեություն իրականցնելու բլոկ»:

Անդրադառնալով ոստիկանության զորքերի վերափոխմանը, Արաքս Մելքոնյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է իրավական և քաղաքական գնահատական տալ ոստիկանության նախկին գործողություններին, այդ թվում՝ ոչ միայն ոստիկանության զորքերի, այլև խաղաղ հավաքների ընթացքում մարդու իրավունքների խախտումներին առնչվող, հավաքների ցրման պրոցեսում ներգրավված բոլոր ուժերին, պարեկապահակային ծառայությանը, օպերատիվ ծառայողներին, հետաքննիչներին, ովքեր ևս  դառնում  էին  անօրինականության մասը: Իրավական գնահատական տալը կարևոր է ոչ միայն տուժողների անհատական իրավունքների պաշպանության տեսակետից, որովհետև հիմա քրեական շատ գործերով քննությունն առկախված է: Ունենք  2015թ. էլեկտրիկ Երևանի, 2016թ. հուլիսյան գործերի, 2018թ. ապրիլյան իրադարձությունների հետ կապված գործեր, դրանք առնվազն 3 անգամ կասեցվել և  վերաբացվել են: Սրանք շատ էական  հարցեր են ոստիկանության բարեփոխումների տեսակետից: Այդ գործերով կան թվով 300 տուժողներ, մարդիկ արդարադատության են սպասում»:

Կազմակերպության կողմից առաջարկներ են ներկայացվել նաև անցումային արդարադատության շրջանակներում ներառել հավաքաների հետ կապված իրավախախտումները, որոնք սակայն առանց որևէ պարզաբանումների չեն ներառվել:

Ա. Մելքոնյանի անդրադարձ է կատարել նաև ներկայացված ռազմավարությամբ  ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնը նոր ստեղծվելիք Ներքին գործերի նախարարության կառուցվածքում ներառելու հարցին։ Նրա կարծիքով, անհրաժեշտ է փաստել, որ այն մոդելը, որը գործում է ներկա ռազմավարությամբ Եվրոպական երկրների մեծամասնությունում նույնպես գործում է: Կիրառվող մոնդելն ունի մարդու իրավունքների պաշտպանության առավել բարձր մակարդակ, այսինքն՝ բանկային գաղտնիքի, անձնական տվյալներ գաղտնիություն պահպանության և ապահովվում է անկախության, բարձր պրոֆեսինոլիզմի առավել բարձր մակարդակ: Եթե, մենք ունենք արագ արձագանքման, տեղեկատվության տրամադրման, արդյունավետ քննության իրականացման, ժամկետների պահպանման խնդիր այդ պարագայում իրավապահ համակարգում ֆինանսական դիտարկումների կենտրոնի գոյության միակ առավելությունը դա արագ արձագանքում է: Ա. Մելքոնյանի կարծիքով անհրաժեշտ չէ ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնը ներառել ստեղծվելիք Ներքին գործերի նախարարության կառուցվածքում, այլ անհրաժեշտ է օժտել կենտրոնին առավել լայն լիազորությունների շրջանակով այդ թվում՝  օրենսդրական բազայով, առավել արագ արձագանքման լիազորություններով: