ՀՀ ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թվականների ռազմավարության վերաբերյալ առաջարկ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից ներկայացվել են առաջարկություններ  2020թ.  փետրվարի 10-ին ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված «ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի» նախագծի վերաբերյալ:

1. ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված ՀՀ ոստիկանության բարեփոխումների 2020-2022թթ. ռազմավարությամբ առաջարկվում է ստեղծել ներքին գործերի նախարարություն, որի կազմում կգործի ոստիկանությունը: Նման մոդելի գործարկման անհրաժեշտությունը հիմնավորվում է ոստիկանության նկատմամբ պառլամենտական վերահսկողության առավել լայն գործիքակազմի կիրառման հնարավորությամբ: Դրական գնահատելով պառլամենտական վերահսկողության շրջանակների և գործիքակազմի ընդլայնման ապահովմանն ուղղված կարգավորումները, գտնում ենք, որ անհրաժեշտ է ապահովել ոստիկանության գործունեության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ինստոիտուցիոնալ և արդյունավետ մեխանիզմով ևս:

Առաջարկ.

Ռազմավարության մակարդակով ամրագրել քաղաքացիական վերահսկողության ինստուտուցիոնալ մոդելի ներդրման մասին՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից կազմված խորհրդի /խմբի/ ստեղծմամբ՝ ի ապահովումն ոստիկանության գործունեության նկատմամբ անկախ և մասնագիտացված քաղաքացիական վերահսկողության:

2. Ներկայացված ռազմավարությամբ նախատեսվում է ոստիկանության զորքերը ապառազմականացնել և վերափոխել ազգային գվարդիայի:

Անհրաժեշտ է փաստել, որ ռազմավարությամբ ըստ էության դրական գնահատական է տրվում ոստիկանության զորքերի վերջին տարիների գործունեությանը և իրավակարգի ապահովմանն ուղղված գործառույթների իրականացմանը պիտանիությանը:

Ոստիկանության բարեփոխումների մակարդակով ոստիկանության զորքերի նման գնահատականն անընդունելի է՝ հաշվի առնելով վերջին տարիներին՝ 2015թ. 2016թ. 2018թ. տեղի ունեցած խաղաղ հավաքների ընթացքում ոստիկանության զորքերի, ինչպես նաև ոստիկանության այլ ստորաբաժանումների կողմից մարդու  իրավունքների զանգվածային խախտումների պրակտիկան: Խաղաղ հավաքների ընթացքում տեղի ունեցած իրավախախտումներին չի տրվել որևէ իրավական գնահատական, հարուցված քրեական գործերով առաջընթաց չի գրանցվել, քրեական գործերով վարույթները կասեցված են, և միայն սակավաթիվ ոստիկաններ են ենթարկվել քրեական հետապնդման:

Ավելին, խաղաղ հավաքների ընթացքում տեղ գտած իրավախախտումները չեն ստացել նաև քաղաքական գնահատական՝ ոստիկանության ուժերի՝ օրվա իշխանությանը ծառայելու և նման իրավախախտումները ապագայում բացառելու հավաստիացումներով:

Առաջարկ.

Ապահովել վերջին տարիներին ոստիկանության զորքերի և այլ ստորաբաժանումների ծառայողների կողմից խաղաղ հավաքների ընթացքում մարդու իրավունքնրի խախտումների առնչությամբ պաշտպանության արդյունավետ միջոցի և փոխհատուցման հնարավորությունը, իրավախախտում կատարած ոստիկանների պատասխանատվությունը, զանգվածային իրավախախտումների ընթացքում ոստիկանության գործողությունների վերաբերյալ ՀՀ ազգային ժողովի քաղաքական գնահատականը՝ բացառելու ապագայում նման պրակտիկայի կրկնությունը և իրավախախտում թույլ տված ոստիկանների հետագա պաշտոնավարումը: