Հերթական բռնության դեպքը ոստիկանությունում

2019 թ. հոկտեմբերի 4-ի կեսգիշերին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»՝ այդ ժամանակ գործող ՀԿ նախագահ, փաստաբան Հայկուհի Հարությունյանը ահազանգ է ստացել այն մասին, որ թվով 5 անձինք (Խ. Ս, Ա. Ս., Ս. Ս., Ս. Լ)  հարկադրաբար տեղափոխվել են ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժին: Հ. Հարությունյանը ժամանել է ոստիկանության բաժանմունք, որտեղ պարզ է դարձել, որ վերջիններս առանց իրավական հիմքի բերման են ենթարկվել և ոստիկանության բաժնում պահվել ավելի քան չորս ժամ:

Ավելին, վերջիններս ոստիկանության բաժնում ոստիկանների կողմից ենթարկվել են վատ վերաբերմունքի՝ նրանց նկատմամբ կիրառվել է ֆիզիկական բռնություն: Իրականացված դատաբժշկական փորձաքննությամբ արձանագրվել են բռնության արդյունքում նրանց ստացած վնասվածքները:

Հատկանշական է, որ 2019 թվականի հոկտեմբերի 05-ին ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական  բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Այսինքն, քրեական գործը հարուցվել է այն փաստի առթիվ, որ ենթադրաբար քաղաքացիները ոստիկանների նկատմամբ բռնություն են կիրառել:

2019թ. հոկտեմբերի 9-ին Հայկուհի Հարությունյանը ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնում ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնության փաստով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն՝  խնդրելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով հարուցել քրեական գործ:

2019թ. հոկտեմբերի 22-ին ստացված գրությամբ ՀՀ գլխավոր դատախազությունից պատասխանել են, որ նշված դեպքով  Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օերնսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվում է թիվ 44104119 քրեական գործը, որով քննության առարկա են հանդիսանում նաև հաղորդման մեջ նշված հանգամանքները:

2019թ. հոկտեմբերի 12-ին ստացված գրությամբ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացրել են, որ հաղորդումը հասցեագրվել է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն: Վերջինս 2019թ. հոկտեմբերի 22-ի գրությամբ տեղեկացրել է, որ հաղորդմամբ նշված փաստերը կցվել են ՀՀ Արարատի մարզային վարչությունում նույն փաստի կապակցությամբ իրականացվող ծառայողական քննության նյութերին:

Անհրաժեշտ է փաստել, որ Ոստիկանության այն բաժինը, որտեղ տեղի են ունեցել անձանց նկատմամբ ենթադրյալ անօրինական գործողություններ, ստացել է նույն ոստիկանության բաժնի աշխատակիցների դեմ ծառայողական քննություն իրականացնելու նյութեր:

Գործը գտնվում է նախաքննության փուլում, ոստիկանության գործողություններից տուժած անձանց շահերը ներկայացնում են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը և փաստաբան Կարեն Թումանյանը: