2016թ. հուլիսի 29-ին Սարի թաղում ոստիկանության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ կասեցված քրեական գործը վերսկսվել է

2019թ. օգոստոսի 30-ին ստացված գրությամբ Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրել է, որ 2019թ. օգոստոսի 6-ին վերսկսել է 2016թ.-ի «Սարի Թաղ» թաղամասում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում ոստիկանության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ հարուցված թիվ  61205016 քրեական գործով վարույթը:

Առաջին անգամ քրեական գործով վարույթը կասեցվել է 2018թ. սեպտեմբերի 24-ին՝ «որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու» հիմնավորմամբ:

Վարույթն իրականացնող մարմինը արձանագրել է, որ քրեական գործով նախաքննության ընթացքում կատարվել են հնարավոր և անհրաժեշտ քննչական ու դատավարական գործողությունները, ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում, սակայն, հնարավոր չի եղել հայտնաբերել հանցանք կատարած անձանց: Ինչպես նաև նախաքննության ընթացքում հնարավոր չի եղել պարզել, թե հիշյալ դեպքերի ժամանակ ենթադրաբար հանցանք կատարած քաղաքացիական հագուստով անձինք գործել են արդյոք ոստիկանության հրահանգով, հովանավորչությամբ, թե՝ ոչ:

Քրեական գործը կասեցնելու որոշումը՝ 2018թ. հոկտեմբերի 9-ին բողոքարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փաստաբանների կողմից, ովքեր հանդիսանում են գործով տուժողների ներկայացուցիչներ:

2018թ. հոկտեմբերի 16-ին կայացված որոշմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է քրեական վարույթը կասեցնելու դեմ ներկայացված բողոքը:

2018թ. նոյեմբերի  17-ին ՀՀ գլխավոր դատախազության կողմից կայացված որոշումը բողոքարկվել է  դատական կարգով:

2019 թ. ապրիլի   2-ին Երևան Քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է վերացնել ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից քրեական գործը կասեցնելու և գլխավոր դատախազություն վարույթը կասեցնելու դեմ ներկայացված բողոքը մերժելու վերաբերյալ որոշումը:

2019թ. ապրիլի 2-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարան բողոք է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված որոշման դեմ: