Գլխավոր դատախազությունը մերժել է 2018թ. ապրիլին ՀՀ-ում կայացած հավաքների ընթացքում հարուցված քրեական գործի կասեցման դեմ ներկայացված բողոքը

2019թ. օգոստոսի 23-ին կայացված որոշմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազությունը երկրորդ անգամ մերժել է 2018թ. ապրիլի 16-ից ապրիլի 23-ը ՀՀ-ում կայացած հավաքների ընթացքում  ոստիկանության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ հարուցված թիվ 62212818 քրեական գործով վարույթը կասեցնելու ՀՔԾ որոշման դեմ ներկայացված բողոքը:

Քրեական գործը կասեցնելու որոշումը երկրորդ անգամ բողոքարկվել էր՝ 2019թ. օգոստոսի 20-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փաստաբանների կողմից, ովքեր հանդիսանում են գործով տուժողների ներկայացուցիչներ:

Դատախազությունը իր կողմից կայացված որոշումը վերստին հիմնավորել է նույն փաստարկով այն է՝ սույն քրեական գործով կատարվել են անհրաժեշտ քննչական, այլ դատավարական գործողություններ, ձեռնարկվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում ձեռք չեն բերվել բավարար ապացույցների համակցություն որևէ անձի հանրորեն վտանգավոր արարքի կատարում մեղսագրելու վերաբերյալ, այսինքն՝ հնարավոր չի եղել հայտնաբերել այն անձանց, ովքեր քրեական գործով պետք է ներգրավվեն որպես մեղադրյալ, հետևաբար քննիչի կողմից կայացվել է օրինական, պատճառաբանված որոշում, և այն վերացնելու հիմքեր չկան:

Հատուկ քննչական ծառայության կողմից քրեական գործը կասեցնելու առաջին որոշումը՝ կազմակերպության փաստաբանների կողմից ՀՀ գլխավոր դատախազություն բողոքարկվել էր 2018թ. նոյեմբերի 16-ին:

2019 թվականի ապրիլի 29-ին ՀՀ գլխավոր դատախազությունը  որոշում էր կայացրել մերժել  բողոքը:

2019 թվականի մայիսի 29-ին կազմակերպության փաստաբանների կողմից դատախազության որոշումը  բողոքարկվել է դատական կարգով:

2019 թվականի հուլիսի 12-ին՝ քրեական գործի դատական քննության ընթացքում, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել վերսկսել կասեցված գործի վարույթը:

Սակայն մինչև դատարանը վերջնական որոշում կկայացներ բողոքի վերաբերյալ, վարույթն իրականացնող մարմինը երկրորդ անգամ կասեցրել է  քրեական գործի վարույթը:

Կազմակերպության փաստաբանները ՀՀ գլխավոր դատախազության կողմից որոշումը կբողոքարկեն դատարան:

 

Որոշում ՀՀ գլխավոր դատախազություն 

Որոշում ՀՀ հատուկ քննչական ծառայություն