ՀՔԾ-ն երկրորդ անգամ է կասեցրել 2018թ. ապրիլի 16-ից ապրիլի 23-ը ՀՀ-ում կայացած հավաքների ընթացքում ոստիկանության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ հարուցված քրեական գործը

2019 թվականի օգոստոսի 9-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը  երկրորդ անգամ կասեցրել է  2018թ. ապրիլի 16-ից ապրիլի 23-ը ՀՀ-ում կայացած հավաքների ընթացքում  ոստիկանության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ հարուցված թիվ 62212818 քրեական գործով վարույթը:

Առաջին անգամ քրեական գործի վարույթը կասեցվել էր 2018թ. նոյեմբերի 16-ին, և մոտ 8 ամիս անց ՀՀ ՀՔԾ-ն կասեցման որոշումը վերստին հիմնավորել է նույն փաստարկով, այն է՝«որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չէ»:

Առաջին անգամ վարույթը կասեցնելուց հետո՝ մոտ 8 ամիս անց, վարույթն իրականացնող մարմինը արձանագրել է, որ «կատարվել են մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ, ձեռնարկվել են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ենթադրյալ հանրորեն վտանգավոր արարքները կատարած անձանց ինքնությունները պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ, սակայն հանրավոր չի եղել հայտնաբերել այն անձանց, ովքեր գործով պետք է ներգրավեն որպես մեղադրյալ:

Քրեական գործը կասեցնելու առաջին որոշումը՝ 2018թ. բողոքարկվել էր  «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փաստաբանների կողմից, ովքեր հանդիսանում են գործով տուժողների ներկայացուցիչներ, բողոք է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն:

2019 թվականի ապրիլի 29-ին ՀՀ գլխավոր դատախազությունը  մերժել էր բողոքը:

Որպես որոշման հիմնավորում դատախազությունը նշել է, որ սույն քրեական գործով կատարվել են անհրաժեշտ քննչական, այլ դատավարական գործողություններ, ձեռնարկվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում ձեռք չեն բերվել բավարար ապացույցների համակցություն որևէ անձի հանրորեն վտանգավոր արարքի կատարում մեղսագրելու վերաբերյալ, այսինքն՝ հնարավոր չի եղել հայտնաբերել այն անձանց, ովքեր քրեական գործով պետք է ներգրավվեն որպես մեղադրյալ, հետևաբար քննիչի կողմից կայացվել է օրինական, պատճառաբանված որոշում, և այն վերացնելու հիմքեր չկան:

2019 թվականի մայիսի 29-ին կազմակերպության փաստաբանները  դատախազության որոշումը  բողոքարկել են դատական կարգով:

2019 թվականի հուլիսի 12-ին՝ քրեական գործի դատական քննության ընթացքում, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել վերսկսել կասեցված գործի վարույթը:

Սակայն, մինչև դատարանը վերջնական որոշում կկայացներ բողոքի վերաբերյալ, վարույթն իրականացնող մարմինը երկրորդ անգամ կասեցրել է  քրեական գործի վարույթը: