ՀՔԾ-ն կրկին կասեցրել է «Էլեկտրիկ Երևանի» առնչությամբ վերսկսված քրեական գործը

2019 թվականի հուլիսի 26-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը  երկրորդ անգամ կասեցրել է  2015թ. հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագինը թանկացնելու դեմ «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կողմից իրականացված նստացույցի ժամանակ ոստիկանության գործողություններից տուժած քաղաքացիների վերաբերյալ հարուցված թիվ 62217915 քրեական գործով վարույթը:

Առաջին անգամ քրեական գործով վարույթը կասեցվել է 2019թ. մարտի 4-ին, և մոտ 5 ամիս անց ՀՀ ՀՔԾ-ն կասեցման որոշումը վերստին հիմնավորել է նույն փաստարկով, այն է՝«որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չէ»:

Առաջին անգամ վարույթը կասեցնելուց հետո՝ մոտ 5 ամիս անց, վարույթն իրականացնող մարմինը արձանագրել է, որ քրեական գործով վարույթի վերսկսումից հետո ևս անհրաժեշտ հնարավոր բոլոր քննչական և դատավարական գործողությունները կատարվել են, որոնց արդյունքում հայտնի չեն դարձել այն անձինք, որոնք գործով պետք է ներգրավվեն որպես մեղադրյալ, ուստի սույն քրեական գործով վարույթը կասեցվել է:

Քրեական գործը կասեցնելու առաջին որոշումը՝ 2019թ. մարտի 14-ին  բողոքարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փաստաբանների կողմից, ովքեր հանդիսանում են գործով տուժողների ներկայացուցիչներ:

2019 թ. ապրիլի 30-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը գրությամբ տեղեկացրել է, որ Դատախազության կողմից կասեցման որոշումը վերացնելու հիմքով վերսկսել է թիվ 62217915 քրեական գործը:

Հատուկ քննչական ծառայության կողմից քրեական գործով վարույթը կասեցնելու երկրորդ որոշումից հետո 2019թ. օգոստոսի 6-ին կազմակերպության փաստաբանները այն կրկին բողոքարկել են ՀՀ գլխավոր դատախազություն: