«ՀՔԾ-ից խոշտանգման քննության լիազորության փոխանցումը Քննչական կոմիտեին» թեմայով քննարկում

2019թ. հուլիսի 8-ին «Մեդիա կենտրոնում» տեղի է ունեցել «ՀՔԾ-ից խոշտանգման քննության լիազորության փոխանցումը Քննչական կոմիտեին» թեմայով քննարկումը, որի ընթացքում քննարկվել է  Կառավարության հակակոռուպցիոն ծրագրի նախագծով նախատեսվող  փոփոխությանը՝ խոշտանգումների քննության գործառույթը Հատուկ քննչական ծառայությունից Քննչական կոմիտեին փոխանցելու վերաբերյալ:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Հայկուհի Հարությունյանը դեմ է ներկայացված նախագծով սահմանված փոփոխություններին. «Ներկայացված նախագիծն արդեն ավելի քան մեկ տարվա ընթացքում հետհեղափոխական իշխանությունների կողմից բարեփոխումների վերաբերյալ պատկերացումների ներդաշնակայնության բացակայության և համընդգրկուն ու համակարգված բարեփոխումների իրականացման թերացումների մասին է վկայում»:

Ըստ Հ. Հարությունյանի՝ Արդարադատության նախարարությունը և նախագծի հեղինակները իրենց փոխանցված ժառանգությունը ուղղակի անտեսում են և որևէ կերպ չեն ուզում ընդունել մասնագիտական դիտարկումները, որոնք մինչ այժմ ներկայացվել են Հատուկ քննչական ծառայության և ներառյալ նաև Քննչական կոմիտեի գործունեության վերաբերյալ, որոնք կարող են բարեփոխումների հիմք հանդիսանալ:

Հատուկ քննչական ծառայությունը ձևավորվել է 2007թ.-ին և սկսել գործունեություն ծավալել՝ 2008թ.-ից՝ պետական պաշտոնատար անձանց կողմից տեղի ունեցող հանցագործությունների և պետական պաշտոնատար անձանց նկատմամբ տեղի ունեցող հանցագործությունների բացահայտումը ապահովելու առաքելությամբ:

Հ. Հարությունյանի կարծիքով դա ոչ թե կատարվել է ՀՀ այդ ժամանակ գործող իշխանությունների կամքով, այլ հանդիսացել է ՀՀ-ին ներկայացված տարբեր միջազգային կառույցների կողմից ներկայացված դիտարկումների արդյունք: Միջազգային կառույցների կողմից ՀՀ-ում տեղի ունեցած ընտրական գործընթացների վերաբերյալ զեկույցներում՝ Արևելյան գործընկերության շրջանակներում ՀՀ-ում առաջընթացը գնահատող զեկույցներում, Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի կողմից ներկայացված զեկույցներում, Հատուկ քննչական ծառայության ձևավորումը պետությունը ներկայացրել է որպես առաջընթաց և բարեփոխումներին օժանդակող միջոց ինստիտուցիոնալ մակարդակում:

Դատաիրավական բարեփոխումների կոնտեքստի հիմքում այդ ժամանակ ընկած է եղել մարդու իրավունքների պաշտպանությունը: Այստեղ խոշտանգումները որպես կարևորագույն ոլորտ թիրախավորվել են այն պատճառով, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտումների քանակով ավելի մեծ թվով խախտումներ են ճանաչվել, քան ներպետական ատյանները կարողացել են քննություն իրականացնել:

ՄԻԵԴ կողմից կայացված որոշումները չեն վերաբերել բացառապես արարքներին, այլ նաև գործի քննության պրոցեսին ևնրան, թե որքանով է այդ քննությունը արդյունավետ եղել: ՀՀ պարագայում ավելի շատ եղել են որոշումներ, որտեղ խախտում ճանաչվել է քննության արդյունավետության պակասի և այդ բաղադրիչի թերացման առնչությամբ:

«Տարբեր զեկույցներում նույնիսկ բարձրացվել են խնդիրներ, երբ Հատուկ քննչական ծառայության դատախազության շենքում տեղակայման վերաբերյալ, նույնիսկ ֆիզիկական լոկացիայի խնդիրը խոշտանգումների կանխարգելման կոմիտեի և այլ միջազգային կառույցների կողմից դիտարկվել է որպես հնարավոր ազդեցություն այդ ինստիտուտի անկախության նկատմամբ: Դա շատ փոքր բաղադրիչ է, բայց շատ կարևորվել է ինստիտուցիոնալ անկախության պահպանման տեսանկյունից: Այդ խնդիրը լուծելու նպատակով ՀՔԾ կառույցը տեղափոխվել է առանձնացված հատուկ շենքային պայմաններ, որպեսզի այդ խնդիրը այլևս քննության արյդունավետության կամ անկախության բացակայության խնդիր չդիտարկվի»: -ասաց Հ. Հարությունյանը:

Հ. Հարությունյանի խոսքերով Հատուկ քննչական ծառայության բովանդակային գործունեության մեջ քիչ առաջընթաց է  արձանագրվել: Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի կողմից  2015թ. ՀՀ վերաբերյալ ներկայացրած զեկույցում հստակ մատնանշվել է, որ դրական քայլ է ունենալ ՀՔԾ-ն որպես ինստիտուտ, որը առնչվում է խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի պաշտպանությանը, այնուամենայինիվ գործող կազմով և ընթացակարգային երախշիքներով այդ մարմնի գոյությունը, որպես ինստիտուտ դեռևս  հեռու է այդ իրավունքի ամբողջ ծավալով պաշտպանությունը բավարարելուց:

Տեխնիկական աջակցության և ինֆորմացիայի Եվրոպական կենտրոնի կողմից հրապարակվել է ՀՀ-ում իրականացված համակողմանի գնահատման զեկույց, որը վերաբերել է ամբողջ դատաիրավական համակարգին, ներառյալ ՀՔԾ գործունեությունը՝ մասնավորեցված խոշտանգումների կանխարգելման տեսանկյունից, որտեղ բարձրացվել են մի շարք խնդիրներ: Այդ զեկույցում հստակ նշվել է, որ մարդկային ռեսուրսների տեսանկյունից ՀՔԾ ռեսուրսները բավարար չեն  այդ գործունեության շրջանակներում արդյունավետ քննություն իրականացնելու համար: Ինստիտուցիոնալ տեսանկյունից այդ մարմինն անմիջականորեն  չի ստանում դիմում-բողոքները, որոնք վերաբերվում են վատ վերաբերմունքի քննությանը: Վերահասցեագրման գործընթացը այնքան թերի է, որ ՀՔԾ-ն ուշ է ստանում բողոքները, և անհապահ քննության պահանջը դառնում է առարկայազուրկ: Օպերատիվ գործողություններ իրականացնելու համար օրենսդրորեն ՀՔԾ-ն որևէ լիազորություն չունի և որպես քննության բաղադրիչ վերահասցեագրում  է իրեն ուղղված դիմում-նբողոքները այն մարմիններին, որոնց գործուննության վերաբերյալ այն ներկայացվել է:

Հայկուհի Հարությունյանի ձևակերպմամբ՝ այժմ ունենք զրո արդյունավետություն խոշտանգումների կանխարգելման և արդյունավետ քննության մասով, և ընդհանուր ներկայացված համակողմանի գնահատականների և առաջարկությունների հիման վրա բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտություն կա. «Ականատես ենք լինում, որ մարդու իրավունքներն առհասարակ դուրս են գալիս հարթությունից, չգիտես ինչ հաշվարկներով, ինչի հիման վրա գործող իշխանությունը շեշտադրում է բացառապես կոռուպցիան: Իհարկե որևէ մեկը չի փորձում ստվերել կամ նսեմացնել կոռուպցիոյաի դեմ պայքարը, բայց անհանդուրժելի է, որպեսզի դա իրականացվի ի հաշիվ մարդու իրավունքների պաշտպանության: Այսօր մենք բացարձակապես ոչնչացնում ենք մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի՝ պետության պատասխանատվության ինստիտուտը, դրա փոխարեն զուտ կոռուպցիայի դեմ պայքարի ակնկալիքով, առանց դրա արդյունավետության նախնական գնահատման՝ առաջարկում ենք ձևավորել մի մարմին, որի գործունեության վերաբերյալ արդեն մտահոգություններն ավելի քան շատ են»:

«Մարդու իրավունքների պաշտպանության համար կարևորագույն համարվող օղակն առանց որևէ հիմնավորման չեզոքացվում է և տրվում լիազորություններ կոմիտեին, որտեղ խնդիրներն ավելի շատ են, քան ՀՔԾ-ում». ամփոփեց Հայկուհի Հարությունյանը: