Հ. Հարությունյանի հարցազրույցը Ռոբերտ Քոչարյանի գործով ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշման վերաբերյալ

2019թ. հունիսի 26

«Ազատություն» ռադիոկայանը հարցազրույց է ունեցել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ` ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ քոչարյանի գործով Վերաքննիչ դատարանի կողմից կայացրած որոշման վերաբերյալ:

Անդրադառնալով Ռ. Քոչարյանի Վերաքննիչ դատարանի կողմից կայացված վճռին՝ Հայկուհի Հարությունյանը արձանագրել է, որ հանրությունը ծանոթ է միայն Վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշման եզրափակիչ մասին, որը ընթերցվել է դատավորի կողմից, և մասնագիտական տեսանկյունից կարևորել է ծանոթանալ որոշման ընդհանուր բովանդակությանը: Որոշման մեջ բարձրացված են եղել  տարբեր հարցեր կալանքի և՛ խափանման միջոցի, և՛ Սահմանադրական դատարան դիմելու որոշումների վերաբերյալ, որոնք ենթակա են տարբեր կարգավորումների:

Հ. Հարությունյանի կարծիքով ՀՀ դատարաններին վերապահված է նաև գործում առկա բացերը անալոգիայով մեկնաբանելու կամ կիրառելու իրավունք: «Հետևաբար, կարծում եմ, որ դատարանի առջև հիմա այդ խնդիրն է առաջադրված, որպեսզի ըստ մեկնաբանության իրենք կարողանան, իրավունքի սկզբունքը հարգելով, ճիշտ որոշումներ կայացնել»-նշել է Հ. Հարությունյանը:

Հ. Հարությունյանի գնահատմամբ Սահմանադրական դատարան դիմելու բովանդակային հարցի տեսանկյունից՝ պետք է դուրս բերել պրակտիկայում սահմանադրական կարգի տապալման հետ կապված հնարավոր դրսևորվելիք մեկնաբանության վերաբերյալ կարծիքներ, իսկ անձեռնամխելիության հետ կապված հարցը ավելի հստակ կարգավորումներ ունի:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք նույնիսկ Վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշումից հետո Սահմանադրական դատարանը պետք է շարունակի դիմումի քննությունը, Հ. Հարությունյանը պատասխանել է. «Սահմանադրական դատարանը չի կարող մնալ առանց որոշման, կընդունի կամ չի ընդունի, դա հարցի այլ կողմն է: Ընթացակարգի համաձայն՝ ինքը պետք է ստացված դիմումի վերաբերյալ որոշում կայացնի: Բայց հենց Սահմանադրական դատարանում տեղի ունեցած իրավիճակային փոփոխությունները, կարծում եմ, օժանդակելու են ոչ միայն Սահմանադրական դատարանին, այլ նաև առաջին ատյանի դատարանին, որովհետև Սահմանադրական դատարանը այսօր հնարավորություն ունի այդ որոշումով ավելի հստակեցնել, թե ինչ գործողություններ կարող է իրականացնել առաջին ատյանի դատարանը: Հենց մեկնաբանության խնդիրն է  բարձրացվել դատարանի առջև և դատարանը իր ունեցած լիազորությունների շրջանակում պետք է դրան անդրադառնա»:

Անդրադառնալով գործի քննության ձգձգման միտումին Հ. Հարությունյանը կարծիք է հայտնել, որ Սահմանադրական դատարան դիմելու քայլը ինքնին ակնկալիք է ձևավորել, որ առաջին ատյանի դատարանում տեղի ունեցած գործողությունները կասեցվեն:  «Ժամկետների առումով այդտեղ ընդհատում է տեղի ունեցել, և մինչև Սահմանադրական դատարանը բարձրացված հարցի կապակցությամբ իր դիրքորոշումը կարտահայտեր՝ սահմանադրականության տեսանկյունից, այստեղ հստակորեն կար կամ արդիական է այն փաստը, որ ժամկետը և պրոցեսը երկարաձգվելու էր:  Գործի փաթեթը կամ փաստաթղթերը մի տեղից մյուս տեղը տեղափոխելը պրոցեսի ձգձգման գաղափարը արդեն իսկ  արտահայտել  են»-ասել է Հ. Հարությունյանը:

Ըստ Հ. Հարությունյանի՝ դատարանների վրա ազդեցության տեսանկյունից կարելի է ասել, որ որոշակի ազդեցություն առաջին ատյանի դատարանի դատավորի նկատմամբ եղել է: «Ես զուտ իմ ներքին համոզմունքի ուժով նյութական հնարավոր ազդեցությունը կբացառեմ, ավելի շատ եղել է այլ տեսակի ազդեցության օգտագործման հնարավորություն: Դրա տակ կարելի է դիտարկել և՛ դատավորի հետ ունեցած նախկին կապերը, և՛ դատավորի վերաբերյալ ունեցած տեղեկատվությունը օգտագործելու սպառնալիքը: Բայց Վերաքննիչ դատարանի և  դատավորի առնչությամբ ես չեմ կարծում, որ որոշման կայացման գործընթացը ևս ազդեցությունից զերծ էր:  Ես դա չեմ վերագրում կոնկրետ անձին, բայց ակնհայտորեն հասարակական այն տրամադրությունը, որը ձևավորվել էր, ևս ազդեցություն էր, որը մենք անտեսում ենք և փնտրում ենք կոնկրետ անձով պայմանավորված կամ այլ հանգամանքով պայմանավորված ազդեցություն: Կարծում եմ, որ զուտ հասարակական ճնշումը և ձևավորված մթնոլորտը ինքն իրենով նաև ազդեցություն է: Ես օբյեկտիվորեն չեմ ուզում որևէ կերպ բացառել կամ անդրադառնալ այն հանգամանքին, որ բարոյական տեսնակյունից տուժողների հանգամանքը ևս առկա է, իսկապես անհերքելի է այն ցավը, որը նրանք ապրել են: Բայց հասարակական տրամադրվածությունը նույնպես ազդեցություն է, որը մենք պետք է հաշվի առնենք»-հավելել է Հ. Հարությունյանը:

 

Աղբյուրը՝ Azatutyun.am