Կայացել է ԻՊԱՍ-ն ընդդեմ ԱՆ՝ տեղեկություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի վերաբերյալ առաջին դատական նիստը

2019 թվականի մայիսի 8-ին ՀՀ վարչական դատարանի Երևանի նստավայրում տեղի է ունեցել առաջին նախնական դատական նիստը՝ Կազմակերպության կողմից ՀՀ արդարադատության նախարարության դեմ տեղեկություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի վերաբերյալ ներկայացված գործով:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից 2019 թվականի հունվարի 10-ին հարցում է ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար, ինչպես նաև Ներման հարցերի քննարկման խորհրդատվական հանձնաժողովի նախագահ Արտակ Զեյնալյանին՝ խնդրելով տրամադրել հետևյալ տեղեկությունները՝

  1. 2018 թ. ընթացքում ցմահ դատապարտված անձանց կողմից քանի՞ ներման խնդրագիր է ստացվել ՀՀ արդարադատության նախարարությունում: Նշել ներման խնդրագրով դիմած ցմահ դատապարտված անձանց անուն-ազգանունները, ինչպես նաև նրանցից յուրաքանչյուրի կողմից փաստացիորեն կրած ազատազրկման ժամկետը և հանցագործությունը, որի համար անձը դատապարտվել է:
  2. Ներման խնդրագրով դիմած ցմահ դատապարտյալներից քանի՞սն են նախկինում դատապարտված եղել մահապատժի:
  3. Ներման խնդրագրով դիմած ցմահ դատապարտյալներից քանի՞սն է մեղքն ընդունել ու զղջացել: Նշել անունները:
  4. Ցմահ դատապարտված անձանցից քանիսի՞ անձնական գործերն են ներկայացվել ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովին ՀՀ վարչապետի կողմից:
  5. Ներման հարցերի քննարկման խորհրդատվական հանձնաժողովը քանի՞ անձի վերաբերյալ է տրվել դրական եզրակացություն: Նշել տվյալ անձանց անուն- ազգանունները, ինչպես նաև դրական եզրակացության հիմքերն ու հիմնավորումները՝ ըստ անձի:
  6. Ներկայացնել Ներման հարցերի քննարկման խորհրդատվական հանձնաժողովի կողմից բացասական եզրակացություն տրված անձանց տվյալներն ու նման եզրակացության հիմքերն ու հիմնավորումները՝ ըստ անձի:

2019 թվականի հունվարի 24-ին ստացված  պատասխան գրությամբ Արդարադատության նախարարությունը նշված հարցմանը տվել է պատասխան միայն առաջին կետի մասով, այն էլ՝ մասամբ: Մնացած հարցերի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելը մերժվել է՝ հիմնավորելով, որ «Անձնական տվյալների պաշտպանության», ինչպես նաև «Ներման մասին» ՀՀ օրենքների համաձայն՝  Արդարադատության նախարարությունը ներման խնդրագիր ներկայացրած անձանց տվյալները տրամադրելու իրավասություն չունի, իսկ Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված հարցերը և արտահայտված դիրքորոշումները հրապարակման ենթակա չեն՝ համաձայն «Ներման հարցերի քննարկման կարգը խորհրդակցական հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի N 782-Ն որոշման համաձայն:

Կազմակերպությունը 2019 թվականի փետրվարի 22-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել ՀՀ արդարադատության նախարարությանը տրամադրել հայցվող տեղեկատվությունն ամբողջ ծավալով:

2019 թվականի մայիսի 8-ին կայացած նախնական դատական նիստը հետաձգվեց՝ Արդարադատության նախարարության՝ պատշաճ պատասխանող հանդիսանալու, վերջինիս պատշաճ պատասխանողով փոխարինելու կամ գործով երկրորդ պատասխանող ներգրավվելու հարցը քննարկելու նպատակով: